Գորտ արքայադուստրը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորտ արքայադուստրը
ռուս.՝ Царевна-Лягушка
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՄիխայիլ Ցեխանովսկի
ՍցենարիստՄիխայիլ Վոլպին
Բեմադրող նկարիչԼև Միլչին և Ալեքսանդր Բելյակով
ԵրաժշտությունՅուրի Լևիտին
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն40 րոպե
Թվական1954

«Գորտ արքայադուստրը» (ռուս.՝ «Царевна-лягушка»), «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի խորհրդային լիամետրաժ նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ռուսական ժողովրդական համանուն հեքիաթի հիման վրա 1954 թվականին ստեղծել է ռեժիսոր Միխայիլ Ցեխանովսկին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ կախարդուհի աղջիկը՝ Գեղեցկուհի Վասիլիսան, մարգագետնում ծաղիկներ է հավաքում։ Հանկարծ պտտահողմ է փչում և նրան տանում։ Ինչպես պարզվում է, նրան առևանգել էր Անմահ Կոշչեյը։ Նա Վասիլիսային է ներկայացնում իր գանձերը և առաջարկում ամուսնանալ իր հետ, բայց աղջիկը հրաժարվում է, որովհետև Կոշչեյը ծեր, սարսափելի կախարդ էր։ Այդ պատճառով Կոշչեյն աղջկան երեք տարի երեք օրով գորտ է դարձնում և հրամայում ապրել ճահճում։

Այդ ժամանակ Ռուսիայի ծեր ցարը որոշում է իր որդիներին ամուսնացնել։ Նա որդիներին ուղարկում է դաշտ, որտեղ արքայորդիները պետք է իրենց աղեղներով նետ արձակեին, և որտեղ նրանց նետերը կընկնեին, այնտեղ էլ նրանց կանայք կլինեին։ Ավագ որդու նետն ընկնում է բոյարական արքունիք, միջնեկ որդունը՝ առևտրականների բակ։ Կրտսեր որդին՝ Իվանը Ցարևիչը, նույնպես նետ է արձակում, բայց նրա նետը թռչում է հեռու ինչ-որ տեղ։ Իվանը գնում է պարզելու, թե ով է իր հարսնացուն, և նետը գտնում է ճահճի գորտի մոտ, որը երջանիկ պատահակությամբ Վասիլիսան էր։

Ցարը երեք հարսանիք է կազմակերպում, այնուհետև կանչում որդիներին և նրանց կանանց հանձնարարում գորգ գործել։ Սակայն ավագ և միջնեկ որդիների կանայք ծույլ էին, այդ պատճառով էլ գորգերը ոչ թե նրանք են գործում, այլ ծեր զինվոր Կոնդրատը։ Այդ ժամանակ տխուր Իվան Ցարևիչը մտածում է, թե արդյոք գորտը կարող է գորգ գործել։ Գորտ Վասիլիսան ամուսնուն հանգստացնում է և գիշերը, նորից մարդկային կերպարանք ընդունելով, գործում է գեղեցիկ գորգ՝ ոչ թե հասարակ, այլ կախարդական նկարներով։ Ցարն ուրախանում է, որ որդիների կանանց հաջողվել է հանձնարարությունը կատարել, բայց ամենից շատ նրան դուր է գալիս Իվանի տարած գորգը։

Ցարը որդիներին կանանց հետ հրավիրում է իր մոտ խնջույքի։ Իվանը նորից տխրում է, քանի որ ամաչում էր երևալ գորտ կնոջ հետ։ Բայց վերջինս ասում է, որ կգնա նրա հետևից, իսկ երբ պատուհանից հնչի «որոտի դղրդյուն», մարդիկ չվախենան «Ասա՝ դա իմ գորտն է արկղով գալիս»։

Ցարը հյուրերի, որդիների ու նրանց կանանց հետ զվարճանում է խնջույքում։ Այդ ժամանակ սպիտակ ձիերը բարձր որոտով պալատ են հասցնում ծածկակառքը, և այնտեղից, ի զարմանս Իվանի ու նրա եղբայրների, դուրս է գալիս ոչ թե գորտը, այլ գեղեցիկ աղջիկ։ Ուտելու ընթացքում Վասիլիսան գավաթով գինին լցնում է հագուստի մի թևքի մեջ, իսկ թռչունի ոսկորներն ու փետուրները՝ մյուս թևքի մեջ, պարելու ժամանակ հրաշք է տեղի ունենում. երբ մի ձեռքը թափահարում է, լիճ է հայտնվում, մյուս ձեռքն է թափահարում, կարապներ են թռչում։ Իվանի եղբոր կանայք, Վասիլիսային նախանձելով, որոշում են պարել նրա նման, բայց արդյունքում միայն ցարին զայրացնում են՝ նրա դեմքը գինով շփելով ու ոսկորներ նետելով։

Օգտվելով առիթից՝ Իվան Ցարևիչը վազում է տուն, գտնում գորտի կաշին ու վառում։ Վախեցած Վասիլիսան միայն կարողանում է ասել. «Փնտրի՛ր ինձ Անմահ Կոշչեյի մոտ։», այնուհետև վերածվում է կարապի ու թռչում անհայտ ուղղությամբ։ Իվանը, ամեն ինչ հասկանալով, ձի է նստում ու գնում աղջկա հետևից։

Անցնելով երկար ճանապարհ՝ Իվանը հոգնում է, իսկ ձին՝ սատկում։ Իվանը կանգ է առնում լճակի մոտ, որպեսզի ջուր խմի։ Նրան է մոտենում մի ծերունի և ասում, որ պատահածի մասին ամեն ինչ գիտի։ Նա որոշում է օգնել Իվանին գտնելու Վասիլիսային, նրան է տալիս ճանապարհը ցույց տվող ճյուղ և խորհուրդ տալիս նրան հետևել։ Իվանը վազում է ճյուղի հետևից, որը, ինչպես ինքն էր մտածում էր, կարող է իրեն հասցնել Կոշչեյի մոտ։ Ճանապարհին Իվանը հանդիպում է գազանների՝ արջին, գայլին, բազեին ճտերի հետ, գայլաձկանը, որոնք խոստանում են Իվանին օգնել, եթե վերջինս իրենց չվնասի։

Ճանապարհը ցույց տվող ճյուղը երիտասարդին հասցնում է Բաբա-յագայի խրճիթ։ Պառավը, լսելով նրան, որոշում է նրան հաղորդել Անմահ Կոշչեյին հաղթելու գաղտնիքը։ Բաբա-յագան Իվանին թռչող ձի է տալիս, որը երիտասարդին հասցնում է կաղնու մոտ, որից կախված էր փոքրիկ արկղիկը՝ չարագործի մահը։ Սակայն կաղնին պահպանում էր Զմեյա Գորինիչը, որի կրակն այրում էր բոլոր մոտեցողներին։ Իվանը մարտում հաղթում է Գորինիչին, սակայն ոչ մի կերպ չի կարողանում տապալել ծառը։ Եվ այդ ժամանակ նրան օգնության են գալիս գազանները, որոնց նա խղճացել էր։ Արջն արմատներից տապալում է կաղնին, և արկղիկը ջարդվում է, բայց այնտեղից դուրս է թռչում մի նապաստակ։ Գայլը վազում է նապաստակի հետևից, վերջինս դառնում է բադ ու թռչում։ Բազեն կտցահարում է բադին, և բադը ձու է դառնում ու ընկնում լիճը։ Իվանը որոշում է, որ Վասիլիսային փրկելու հույսը կորավ, բայց հանկարծ գայլաձուկն ատամներով նրան է հասցնում ձուն։

Կոշչեյը, իր թշնամուն ոչնչացնելու հույսով, Վասիլիսային դարձնում է ոսկե արձան, իսկ ինքը դառնում է ցին ու թռչում գնում Իվանին սպանելու։ Միևնույն ժամանակ Իվանը փորձում էր քարով ձուն ջարդել, բայց քարը փշրվում է, սուրն ու նետը Կոշչեյի դեմ անօգուտ են լինում։ Օգնության է գալիս բազեի ճուտը, որն իր կտուցով ջարդում է ձուն։ Ձվի ներսում ասեղ էր, որի մեջ էլ Կոշչեյի մահն էր։ Իվան Ցարևիչն ասեղն ամրացնում է նետին, նստում ձիուն և ցինին նետահարում։ «Մահաբեր» նետը խոցում է չարագործին, և նա վերածվում է կմախքի, իսկ այնուհետև ամրոցի հետ փոշիանում։

Իվան Ցարևիչը գտնում է Վասիլիսային, և դիպչելով նրան՝ վերադարձնում մարդկային տեսքի։ Վասիլիսան իր հերթին կենդանացնում է այն բույսերին ու կենդանիներին, որոնց Կոշչեյը ոսկու էր վերածել։ Իվան Ցարևիչն ու Գեղեցկուհի Վասիլիսան վերադառնում են տուն և ապրում երկար ու երջանիկ։

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարգարիտա Կուպրիյանովա – Գեղեցկուհի Վասիլիսա
  • Անատոլի Վերբիցկի – Իվան Ցարևիչ
  • Ալեքսանդր Ռումնև – Կոշչեյ Անմահ
  • Գեորգի Միլլյար – Բաբա-յագա
  • Ալեքսեյ Գրիբկով — Կոնդրատ պապ
  • Բորիս Չիրկով — ցար
  • Վլադիմիր Գրիբկով — ծերունի

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Միխայիլ Ցեխանովսկի
Սցենարի հեղինակ Միխայիլ Վոլպին
Բեմադրող նկարիչներ Լև Միլչին, Ալեքսանդր Բելյակով
Բեմանկարիչներ Իրինա Տրոյանովա, Վերա Վալերիանովա, Պյոտր Կորոբաև
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Ֆեոդոր Խիտրուկ, Նիկոլայ Ֆյոդորով, Ռոման Կաչանով,
Բորիս Մեերովիչ, Բորիս Չանի, Վադիմ Դոլգիխ,
Տատյանա Տարանովիչ, Վիկտոր Լիխաչյով, Վլադիմիր Դանիլևիչ,
Կոնստանտին Մալիշև
Օպերատոր Ալեքսանդր Աստաֆև
Կոմպոզիտոր Յուրի Լևիտին
Հնչյունային օպերատոր Գեորգի Մարտինյուկ
Մոնտաժող Լիդիա Կյակշտ
Ռեժիսորի օգնականներ Վերա Ցեխանովսկայա
Օպերատորի օգնականներ Ն. Սոկոլովա
Տեխնիկական օգնականներ Ն. Օռլովա, Գ. Անդրեևա
  • Ստեղծողները ներկայացված են ըստ մուլտֆիլմի տիտրերի։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվական – Մար-դել-Պլատայի միջազգային I կինոփառատոնի մասնակից (Արգենտինա) – «Արծաթե կաղնու տերև» մրցանակ[1]։

Վերահնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել է և կրկին հնչյունավորվել «Студия АС» և «Детский сеанс 1» ՍՊԸ-ների կողմից։ Նոր տարբերակում ձայնագրվածքն ամբողջովին փոխվել է, վերահնչյունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասաններ, տիտրերում փոփոխվել են հնչյունային ռեժիսորի ու հնչյունավորող դերասանների տվյալները։ Վերահնչյունավորումը չափազանց բացասաբար է ընդունվել ինչպես հեռուստադիտողների մեծամասնության[2][3], այնպես էլ պրոֆեսիոնալ համայնքի կողմից[4][5]։ Մուլտֆիլմի ռեստավրացիան երբեմն ենթարկվում է քննադատության։

Վերահնչյունավորված տարբերակում դերը հնչյունավորել են.

  • Յուրի Պարնեսը,
  • Տատյանա Կանաևան,
  • Ժաննա Բալաշովան,
  • Յուլիեն Սերգեևիչը,
  • Վլադիմիր Կոնկինը։

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը DVD-ով բազմիցս թողարկվել է մուլտֆիլմերի հավաքածուներում, օրինակ՝

  • «Գորտ արքայադուստրը», DVD, սկավառակի մուլտֆիլմերը՝ «Գորտ արքայադուստրը», «Զմեյա Գորինիչի վերջին հարսնացուն», «Աղվես Պատրիկեևնա», «Լորենու ոտքով արջը»:ISBN 4600448026691[6]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4. с.700
  2. «Переозвучка наших старых мультфильмов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  3. «Мы против переозвучки советских мультиков!!!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  4. Директор «Союзмультфильма» Акоп Гургенович Киракосян отвечает на вопросы читателей «Ленты. Ру»
  5. НЕТ — фальсификации анимационного наследия!
  6. DVD «Царевна-Лягушка»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Царевна-лягушка: русская народная сказка В обработке М. Булатова, художник Лидия Виноградова изд. Сов. Россия, 1958 год.
  • Царевна-лягушка. — М.: АСТ, 2010. — 48 с. — (СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет). — ISBN 978-5-17-070214-5.[1]. Иллюстрации и текст по мультфильму. На обложке полное название книжной серии: «СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет: впервые — легендарные мультфильмы в книгах!»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Царевна-лягушка (Союзмультфильм представляет)