Գեղեցկուհի Վասիլիսան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեղեցկուհի Վասիլիսան
Vasilisa the Beautiful (Bilibin) - cover.jpg
ՏեսակՌուսական ժողովրդական հեքիաթներ
Vasilisa the Beautiful (Bilibin)

Գեղեցկուհի Վասիլիսան, ռուսական ժողովրդական հեքիաթ և նրա գլխավոր հերոսի անունը: Ալեքսանդր Նիկոլաևիչ Աֆանասևի «Ռուսական ժողովրդական հեքիաթներ» ժողովածուում այս հեքիաթի տարբերակները գտնվում են 104 («Գեղեցկուհի Վասիլիսան»), 219-226 (Ծովային թագավորն ու Իմաստուն Վասիլիսան»), 267-269 («Գորտ թագուհին») համարների ներքո: Խորհրդային համանուն ֆիլմը (1939) և մուլտֆիլմը (1977) ունեն իրենց սեփական սյուժեն՝ հիմնված «Գորտ թագուհին» հեքիաթի վրա (նրանցում Վասիլիսան «Իմաստունից» դարձել է «Գեղեցկուհի»):

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

12 տարվա ամուսնությունից հետո մահանում է վաճառականի կինը՝ թողնելով 8-ամյա աղջկան՝ Վասիլիսային: Մահանալուց առաջ նա իր օրհնության հետ աղջկանն է տալիս մի տիկնիկ: Դա հասարակ տիկնիկ չէր. եթե աղջիկը նրան կերակուր տար, ապա անհաջողությունների ժամանակ նրանից օգնություն կստանար: Որոշ ժամանակ անց վաճառականը երկրորդ անգամ ամուսնանում է մի այրու հետ, որն ուներ Վասիլիսային հասակակից երկու աղջիկ: Նոր կինը չէր սիրում խորթ աղջկան, նրան հանձնարարում է տարբեր ծանր աշխատանքներ, բայց տիկնիկը Վասիլիսայի փոխարեն կատարում էր կատարում էր բոլոր աշխատանքները:

Երբ գլխավոր հերոսուհին մեծանում է, քաղաքի երիտասարդ բոլոր տղամարդիկ սկսում են նրա ձեռքը խնդրել: Խորթ մայրը բոլորին մերժում է՝ ասելով, որ չի կարող մեծերից առաջ փոքրին կնության տալ: Մի անգամ վաճառականն առևտրական գործերով երկար ժամանակով գնում է տնից, և այդ ժամանակ խորթ մոր ցանկությամբ ընտանիքը տեղափոխվում է մեկ այլ տուն, որը գտնվում էր թավ անտառի մոտ, իսկ անտառում գտնվում էր Բաբա-յագայի խրճիթը:

Խորթ մայրը Վասիլիսային հաճախ ուղարկում է անտառ՝ հույս ունենալով, որ Բաբա-յագան կհանդիպի նրան ու կուտի: Բայց աղջիկը տիկնիկի շնորհիվ միշտ խուսափում է վտանգավոր ուղիներից: Ի վերջո խորթ մայրն աղջիկների հետ պայմանավորվում է Վասիլիսային ուղղակի ուղարկել Բաբայագայի խրճիթը՝ կրակ բերելու, քանի որ աշնանային երեկոները կանանց աշխատանքը (հյուսում, գործում և մանում) կատարելիս խորթ մայրը միտումնավոր հանգցրել էր վառվող մոմը: Տիկնիկը, ինչպես միշտ, խոստանում է հոգ տանել աղջկա անվտանգության մասին, և վերջինս ճանապարհ է ընկնում:

Բ. Վ. Զվորիկին, Վասիլիսա, 1917 թվականի բացիկ:

Ճանապարհին նա հանդիպում է երեք ձիավորների՝ սպիտակ, կարմիր և սև (ըստ Բաբա-յագայի՝ նրանք իր ծառաներն են՝ օրը, արևը և գիշերը): Բաբա-յագայի ցանկապատից, որ պատրաստված էր մարդկային ոսկորներից, կախված էին գանգեր, որոնց աչքերն իրենց լույսով լուսավորում էին շրջապատը ցերեկվա պես: Անտառից վերադառնում է տիրուհին. «...սանդի մեջ մտած, թակով թակելով. ջարդելով ու հալածելով, ավլով հետքը սրբելով»[1]:

Լսելով աղջկա խնդրանքը՝ Բաբա-յագան մահվան սպառնալիքով պահանջում է նախ իր մոտ աշխատել որպես ծառա: Նրա հրամանով դարպասները բացվում են, այնուհետև ինքնուրույն փակվում: Բաբա-յագան Վասիլիսային տարբեր հանձնարարություններ է տալիս, բայց վերջինս տիկնիկի շնորհիվ բոլորն էլ ժամանակին է կատարում:

Բաբա-յագան ուներ նաև օգնականներ՝ երեք զույգ ձեռքեր, որոնք արձագանքում և հայտնվում էին նրա կանչի ժամանակ: Բաբա-յագան չի բացատրում, թե դրանք ինչ ձեռքեր են. «Ես չեմ սիրում, որ իմ տան աղբն ու կեղտը դուրս են հանում, ու շատ հետաքրքիրներին ուտում եմ»[1]: Որոշ ժամանակ անց Բաբա-յագան աղջկան հարցնում է, թե ինչպես է կարողանում այդքան լավ անել ամբողջ աշխատանքը, և իմանալով, որ դրա պատճառը «մոր օրհնանքն» է՝ աղջկան դուրս է վռնդում՝ ասելով. «Օրհնվածներն ինձ պետք չեն էստեղ»:

Որպես լամպ նրան է տալիս վառվող աչքերով մի գանգ: Վասիլիսան ցանկանում է նրանից ազատվել, բայց գանգն ասում է, որ նա դա չանի, այլ տանի խորթ մոր տուն: Այնտեղ գանգի աչքերից դուրս եկող լույսն այրում է խորթ մորն ու նրա երկու աղջիկներին:

Պատահածից հետո Վասիլիսան գանգը թաղում է հողում և մեկնում քաղաք, որտեղ բնակվում է մի պառավի մոտ՝ որոշելով հոր վերադարձին այնտեղ սպասել: Նա զբաղվում է մանելով ու ջուլհակությամբ: Գործվածքը նրա ձեռքում այնքան նուրբ է ստացվում, որ պառավն այն միանգամից տանում է թագավորական պալատ: Թագավորը խնդրում է դրանից իր համար շապիկ կարել, ինչն էլ Վասիլիսան կատարում է:

Գնահատելով աշխատանքի հմտությունը՝ թագավորը ցանկանում է անձամբ տեսնել և վարձահատույց լինել վարպետին: Հիանալով նրա գեղեցկությամբ՝ թագավորը Վասիլիսային կնության է առնում: Վերադառնալով առևտրական ճանապարհորդությունից՝ Վասիլիսայի հայրը մնում է պալատում: Նոր թագուհին պառավին նույնպես տանում է պալատ, իսկ օգնական տիկնիկին մինչև իր կյանքի վերջը պահում է գրպանում:

Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ, կարմիր և սև ձիավորները հայտնվում են Բաբա-յագայի մասին այլ պատմություններում և հաճախ մեկնաբանվում որպես դիցաբանական կերպարներ:

Ինչպես 19-րդ դարի բազմաթիվ բանագետներ, այնպես էլ Աֆանասևը ժողովրդական բազմաթիվ հեքիաթներ դիտարկում է որպես բնության երևույթների ու տարրերի պատկերման եղանակ: Այդպիսի բացատրությունով նա այս հեքիաթը մեկնաբանել է որպես արևի լույսի (Վասիլիսա), ուժգին քամու (խորթ մայր) ու մութ ամպերի (խորթ քույրեր) հակամարտության արտահայտություն[2]:

Կլարիսա Էսթեսը հեքիաթը մեկնաբանում է որպես կանանց ազատագրման պատմություն, որպես գլխավոր հերոսուհու՝ հպատակությունից իշխանության ու անկախության անցման ուղի: Բաբա-յագան մեկնաբանվում է «անսանձ կանացի» սկզբունքով, որից Վասիլիսան հեռու էր, բայց, ընկնելով նրա իշխանության տակ, հնազանդվում է ու սովորում ինքնակրթությամբ, նա հզորանում է սովորելու այդ գործընթացում[3]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթի նկարազարդումները Իվան Բիլիբինի կողմից.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ԳԵՂԵՑԿՈՒՀԻ ՎԱՍԻԼԻՍԱՆ
  2. The annotated classic fairy tales. — 1st ed. — New York: Norton, 2002. — 445 с. — ISBN 0393051633
  3. Clarissa Pinkola Estes Women Who Run with the Wolves: Myths and Stories of the Wild Woman Archetype. — Ballantine Books, 1996. — 608 с. — ISBN 0345409876

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]