Գոհաբանության օր
Գոհաբանության օր | |
---|---|
Տեսակ | ԱՄՆ դաշնային տոներ և public holidays in Canada? |
Ենթադաս | Բերքի տոն |
Ամսաթիվ | second Monday in October?, fourth Thursday in November?, last Wednesday in November?, first Thursday in November? և first Monday in October? |
Տոնվում է | ԱՄՆ Կանադա |
Տոնական կերակուր | հնդկահավի միս, կերակրալցուկ, stuffing?, Կարտոֆիլի պյուրե, green bean casserole?, Դդմի կարկանդակ և cranberry sauce? |
Գոհաբանության օր (անգլ.՝ Thanksgiving Day), պետական (ազգային) տոն Միացյալ Նահանգներում և Կանադայում։ Նշվում է նաև Լիբերիայում, Պուերտո Ռիկոյում և Նորֆոլք կղզում։ Այդ տոնը Միացյալ Նահանգներում նշվում է նոյեմբեր ամսվա չորրորդ հինգշաբթի օրը, իսկ Կանադայում հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի օրը[1]։ Գոհաբանության օրվանից սկսվում է տոնական ժամանակաշրջանը, որն ընդգրկում է Ծննդյան տոները և շարունակվում մինչև Ամանորը։
Տոնն ունի իր կրոնական և մշակութային պատմական ավանդույթները, որոնք վաղուց արդեն նշվում են աշխարհիկ ձևով։ Տոնի խորհրդանիշ ուտեստը համարվում է տապակած հնդկահավը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոհաբանության օրը սկզբնապես եղել է Աստծուն, ինչպես նաև ընտանիքին ու բարեկամներին նյութական բարօրության ու բարի վերաբերմունքի համար երախտագիտություն հայտնելու տոն։
Ավանդական իմաստով (ինչը հատուկ է երկրագործական մշակույթներին՝ սկսած վաղեմի ժամանակներից), նման տոնը՝ աշնան վերջին նշանակում էր շնորհակալություն հայտնել երկնքին՝ հարուստ բերքի և պտուղների առատության համար։ Ժամանակի ընթացքում ԱՄՆ-ում և Կանադայում այդ տոնը զգալիորեն կորցրել է իր կրոնական արմատները և դարձել քաղաքացիական, հանընդհանուր ընդունելություն գտած համաժողովրդական տոնակատարություն։
Իր ծագմամբ այդ տոնը հասնում է ամերիկյան պատմության խորքը, իսկ ավելի ճիշտ՝ Անգլիայից ամենաառաջին անգամ ներգաղթած բնակիչներին, որոնք Ամերիկայի ափերին են հասել 1621 թվականին՝ այժմ նշանավոր «Մեյֆլաուեր» նավով։ Այդ մարդիկ ՙՆոր աշխարհի՚ ափն էին իջել հողմառատ օվկիանոսով ծանր նավարկությունից հետո՝ ներկայիս Մասաչուսեթս նահանգի տարածքում ցրտաշունչ նոյեմբերյան մի օր և հիմնադրել էին Փլիմութ բնակավայր-գաղութը։
Մոտավորապես մեկ հարյուրյակ կազմող այդ մարդկանց ավելի քան կեսը չկարողացան դիմանալ խստաշունչ ձմռանը և զոհվեցին ցրտից, սովից և հիվանդություններից։ Ողջ մնացածները գաղութ հիմնադրեցին և գարնանը, տեղացի հնդկացիների, նախ և առաջ՝ Սքվանթոների օգնությամբ, սկսեցին մշակել տեղական հողերը։ Հնդկացիները անգլիացի գաղութարարներին սովորեցրին, թե որ մշակաբույսերը, և ինչ կերպ մշակեն այդ անհյուրընկալ քարքարոտ հողերի վրա։ Սակայն անգլիացի գաղթականների ջանքերի պարգևը եղավ անակնկալ հարուստ բերքը։ Գաղութարարների առաջին կառավարիչ-նահանգապետը՝ Ու. Բրեդֆորդը առաջարկեց Տեր Աստծուն երախտագիտություն հայտնելու տոն կատարել։ 1621 թվականի Գոհաբանության տոնին առաջին գաղթականները հրավիրեցին հնդկացիների ցեղապետին և ևս 90 հնդկացիների այն ցեղից, որն օգնել էր նրանց ողջ մնալ անծանոթ պայմաններում։ Հնդկացիների հետ համատեղ անցկացված այդ ճաշկերույթը դարձավ Գոհաբանության օրվա առաջին նշումը։ Հետագայում գաղթականները լավ բերքը տոնակատարությամբ նշում էին դեպքից դեպք։
Անկախության նվաճումից և միասնական պետության՝ ԱՄՆ-ի ստեղծումից հետո երկրի առաջին նախագահը՝ Ջորջ Վաշինգտոնը առաջարկեց ամեն տարի՝ նոյեմբերի 26-ին Գոհաբանության օրը նշել որպես ազգային տոն։
1864 թվականին՝ Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ի այդ ժամանակվա նախագահը՝ Աբրահամ Լինքոլնը յուրաքանչյուր տարվա նոյեմբերի վերջին հինգշաբթին հռչակեց Գոհաբանության օր։ 1939 թվականին Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը այդ օրը փոխարինեց նոյեմբերի նախավերջին հինգշաբթիով, սակայն նրա հռչակագիրը պարտադիր ուժ չուներ։ Ուստի նահանգների միջև խզում առաջացավ. 23 նահանգ Գոհաբանության օրը նշում էին նոյեմբերի նախավերջին հինգշաբթի օրը, իսկ 22 նահանգ՝ վերջին հինգշաբթի օրը։ Մնացած մի քանի նահանգներ էլ երկու օրն էլ հայտարարեցին տոնական (օրինակ՝ Թեքսասը)։
1941 թվականին ԱՄՆ Կոնգրեսը ընդունեց մի բիլլ, ըստ որի Գոհաբանության օրը պետք է տոնվի նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը։ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը 1941 թվականի դեկտեմբերի 26-ին ստորագրեց այդ բիլը` այդպիսով սահմանելով, որ Գոհաբանության օրը տոնվի մինչև այսօր գործող սխեմայով։
Տոնման ավանդույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղեմի ավանդույթի համաձայն՝ նույն ընտանիքի մի քանի սերունդներ հավաքվում են ավագների տանը՝ տոնական ճաշի։ Յուրաքանչյուրն արտասանում է երախտագիտության խոսքեր՝ այն բոլոր բարիքների համար, որոնք տեղի են ունեցել իր կյանքում։ Ժամանակակից ամերիկացիները այդ օրն ուտում են նույն այն կերակուրները, որոնք կերել են իրենց հեռավոր նախնիները՝ 1621 թվականին՝ ի պատիվ Գոհաբանության օրվա տեղի ունեցած առաջին ճաշի ժամանակ։
Շատ ուտեստներ ոչ միայն ավանդական են դարձել, այլև՝ տոնի յուրօրինակ խորհրդանիշը, ինչպես օրինակ՝ Լոռամրգու սուսով հնդկահավը և մեծ քաղցր դդումի թխվածքը։ Վառ գույնի մատղաշ դդումները, «հնդկացիական» եգիպտացորենի այսինքն՝ մաիսի մատղաշ ծիլերը, խնձորները, նարինջները, շագանակները, ընկույզները, խաղողի ողկույզներն ու տերևները, որոնք կախվում են ամաններից՝ կարծես առատության եղջյուրից, ոչ միայն Գոհաբանության տոնի ճոխ սեղանի ավանդական զարդն են, այլև խորհրդանշում են բնության աշնանային պարգևների առատությունը։ Ոսկե, նարնջագույն և կարմրա-շագանակագույն քրիզանթեմների փնջերն էլ՝ պտուղներով ծանրաբեռնված ճյուղերով լրացված, լրացնում են բնության առատաձեռնության ու ճոխության զգացումը և հարուստ բերքի իսկական տոնի գեղեցիկ պատկերը։
Նյու-Յորքում չափազանց ճոխ ու գունագեղ շքերթ է տեղի ունենում, որը կազմակերպում է ամենամեծ սուպերմարկետը՝ Macy’s, սկսած 1927 թվականից։ Այս շքերթի ամենամեծ զարդը հսկայական չափերի փչովի խաղալիքներն են (մուլտֆիլմերի, հեքիաթների և հեռուստասերիալների հերոսներ), որոնք անցկացնում են Կենտրոնական զբոսայգուց մինչև Մեյսիզ հանրախանութի մուտքը՝ Հերալդ-սքվեր (գտնվում է Վեցերորդ ավենյուի և Բրոդվեյի միջև)։ Շքերթի նախօրեին տեղի է ունենում խաղալիքների փչելու արարողությունը։ Շքերթը ցուցադրում են հեռուստատեսության ուղիղ եթերում։
Գոհաբանության օրվան հաջորդող օրը կոչվում է Սև ուրբաթ։ Սև ուրբաթ օրը սկսվում են նախածննդյանտոնական զեղչերով վաճառքները խանութներում և ինտերնետում։ Այդ օրը երեխաները հնդկահավի տեսքով խաղալիքներ են սարքում տարբեր իրերից՝ եղևնու և սոճու կոներից, փայտիկներից և այլն։
Տոնի նշման աշխարհագրություն և ժամանակացույց
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին Գոհաբանության օրը նշվեց հոկտեմբերի 10-ին՝ Կանադա պետությունում, Նոյեմբերի 3-ին՝ Լիբերիա պետությունում, նոյեմբերի 30-ին Նորֆոլք կղզում, և նոյեմբերի 24-ին՝ ԱՄՆ-ում և Պուերտո Ռիկո կղզում։
2017 թվականին Գոհաբանության տոնը նշվելու է.
հոկտեմբերի 9-ին՝ Կանադայում, նոյեմբերի 2-ին՝ Լիբերիայում, նոյեմբերի 29-ին՝ Նորֆոլք կղզում, նոյեմբերի 23-ին՝ ԱՄՆ-ում և Պուերտո Ռիկո կղզում։
Գոհաբանության օրը Կանադայում
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ի բնակիչների պես, կանադացիները, իսկ ավելի ճիշտ՝ անգլոկանադացիները, Գոհաբանության օրը հնդկահավ են տապակում, նույնպես խնդրում են Տեր Աստծուց, որպեսզի բարօրություն տա իրենց երկրին։ Բացի այդ, կանադացիները այդ օրը պատրաստում են խնձորով թխվածք և հնդկահավի մսով լցոնված խմորագնդիկներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Holidays» (անգլերեն). Embassy of the United States Ottawa, Canada. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոհաբանության օր» հոդվածին։ |
|