Jump to content

Գնունիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնունիներ
Տեսակընտանիք և նախարար
Մասն էՀայ ազնվականություն
Երկիր
ՏիրույթներԱյրարատ՝ Առբերանի, Աղիովիտ և Արճիշակովիտ
ԾագումՍենեքերիմի որդի Արդամոզան
Տիտղոսներհազարապետ
ՀիմնադիրԳին նաահապետ
Մեծագույն ներկայացուցիչՄժեժ Գնունի
Հիմնում338
Ազգային
պատկանելիություն
Հայ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի

Գնունիներ, նախարարական տոհմ հին և միջնադարյան Հայաստանում։ Ըստ Մովսես Խորենացու՝ սերել են Սենեքերիմի որդի Արդամոզանից, իսկ Վաղարշակ թագավորի օրոք նրանց նահապետը Գինը դարձել է նախարար։

Գնունիների նախարարությունը Հայոց արքունիքում՝ գահնամակում, գրավել է 17-րդ գահը։ Զորանամակում նրանք տալիս էին 500 հեծյալ։ Գնունիների ժառանգական հայրենիքն ընդգրկել է Առբերանի գավառը, Աղիովիտ և Արճիշակովիտ գավառների մեծ մասը, որը հայ մատենագրության մեջ երբեմն հիշատակվում է «Գնունյաց երկիր» անունով։ Գնունիների կալվածներ են ունեցել նաև Այրարատի Շիրակ գավառում։

Ըստ Փավստոս Բյուզանդի, Գնունիները Արշակ Բ թագավորի ժամանակ վարել են հայոց հազարապետության գործակալությունը։ Գնունիների տոհմը տվել է եկեղեցական և քաղաքական գործիչներ։ Կեսարիա ուղևորվելիս Հուսիկ կաթողիկոսին ուղեկցել է Աբա Գնունին, իսկ Ներսես Պարթևին՝ Մանեճ Գնունին։

Մեծ Հայքի 387 թվականի բաժանումից հետո Գնունիների նախարար Ատատը հեռացել է բյուզանդական կողմը, և տոհմը ժամանակավորապես զրկել է իր տիրութներից։ Գնունիները մասնակցել են 5-րդ դարի ազատագրական պատերազմներին։

Իշխան Մժեժ Գնունին 513-548 թվականներին եղել է Հայաստանի մարզպան։ Գնունիների տոհմից նույնանուն մի այլ իշխան 629-635 թվականին եղել է Հայաստանի բյուզանդական մասի կառավարիչ և կրել «Հայոց իշխան» տիտղոսը։

Գնունիների Վահան իշխանի գլխավորությամբ մասնակցել են 774-775 թվականներին Հայաստանում Արաբական խալիֆայության դեմ ծավալված ապստամբությանը։ Դաշնակցելով Արծրունիներին՝ Գնունիները կամեցել են վանել իրենց տիրույթների նկատմամբ եղած արաբական սպառնալիքը։ Հիշյալ ապստամբության պարտությունից հետո նեղվելով հարևան ամիրայություններից՝ Գնունիները դիմել են Աշոտ Մսակերի օգնությանը։ Վերջինս Գնունիների տոհմը գաղթեցրել է Տայք, իսկ Գնունիների տիրույթներն տիրացել է արաբական Ութմանիկ ցեղը։

Վասպուրականում մնացած Գնունիները 850–ական թվականներին օժանդակել են Արծրունիներին ՝ ընդդեմ խալիֆայության զորապետներ Յուսուփի և Բուղայի։ Հետագայում Գնունիները էական դեր չեն ունեցել քաղաքական կյանքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 141