Jump to content

Գետառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գետառ
Գետառ գետը Վերին Շենգավիթ թաղամասում
Բնութագիր
Երկարություն24 կմ
Ավազանի մակերես158 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՔառասունակն
Գետաբերանի տեղակայումՀրազդան
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՁորաղբյուր և Ջրվեժ
Երկիր Հայաստան
ԵրկրամասԿոտայքի մարզ

Գետառ, (Գեդարչայ, Գետարչայ, Գրզբուլաազ, Կըրխբուլաղ, Քըրքպուլախ), գետ Հայաստանի Կոտայքում և Երևանում, Հրազդան գետի ձախ վտակը։ Հրազդան գետի մեծ վտակներից (Մարմարիկ, Ծաղկաձոր, Դալար, Արագետ) Գետառը մեկն է[1]։

Նկարագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարությունը՝ 24 կմ, ավազանը՝ 158 կմ²։ Սնումը մթնոլորտային տեղումներից և ստորերկրյա ջրերից է, հորդացումը՝ գարնան ամիսներին։ Ջրի կայուն մասը ստանում է Հրազդանից հանված ջրանցքից։ Գետառի վտակներից են Ջրվեժը և Ձորաղբյուրը։ Գետառի վրա, Նորքի ձորում կա 1664 թվականին կառուցված միակամար կամուրջ[2][3]։

Գետառը սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերից բխող Քառասունակն աղբյուրներից 1570 մ բարձրությունից, և, հոսելով հարավ-հարավ-արևմուրք, անցնում է Ավանի ձորահովիտը, ապա մտնում է Նորքի խոր ձորը և անցննելով Երևանի միջով, Շենգավիթի մոտերքում թափվում Հրազդան գետը։

Ղևոնդ Ալիշանը Գետառի միջին հոսանքը Ավանի ձորահովտի շրջանում կոչում է Ավանի գետ։

Հունի փոփոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած Աբովյանի պուրակից Գետառի ներկա հունը լոկ ջրանցք է, որը տարել են Նորք-Մարաշի ու Այգեստանի լանջերի փեշերով՝ ոռոգելու իր այգիներով հայտնի Երևանի կենտրոնն ու հարավը մինչև Ջրվէժ վտակին հասնելը («Հայրենիք» կինոթատրոնի դիմաց)։ Սակայն հին Գետառը հոսել է Աբովյանի պուրակով մինչև «Պոլիտեխնիկ», թեքվել դեպի Ֆրանսիայի հրապարակ, ապա Մաշտոցի պողոտայի ու Կողբացու փողոցի արանքով հասել քաղաքապետարանի հրապարակ, որտեղից էլ գինու գործարանի առջևով Հրազդանին է միացել՝ դեպի Կարմիր կամուրջ իջնող ձորակով[4]։ Այն լավ երևում է Երևանի՝ Վ. Նազարևի 1858 թ., Ա. Ստոցկու 1865 թ., Ղևոնդ Ալիշանի 1880 թ.[5] և ուրիշների հատակագծերում։

2007 թվականին Խանջյան փողոցի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար քաղաքապետարանը որոշեց Գետառը փակել բետոնե խողովակով՝ վրան փողոց կառուցելով[6]։ Առ 2019 թվականը Գետառը գետը Երևանի կենտրոնում տեսանելի է միայն Մյասնիկյան պողոտայի ու Խանջյան փողոցի վերջնամասում։

Գետառի վարարումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակ առ ժամանակ Գետառ գետը վարարել է, զգալի ավերածություններ պատճառելով Երևանին։ Գետառի վարարումների թվականներից կարելի է նշել 1860, 1866, 1873, 1908, 1912, 1923, 1924, 1925, 1928, 1946, 1947, 1950 թթ.) հեղեղել են Երևանը։ Մասնավորապես 1946 թվականի մայիսի 25-ի վարարումը, որի ժամանակ ջրի ծախսը ավելացել էր 100 անգամ, մեծ վնաս է հասցրել Երևանին։ Այս հարցի լուծման համար հանձնաժողով է կազմվել, որը որոշել է այժմյան Ավան-Առինջ թաղամասի վերջնամասում ժամանակավոր կարգավորիչ ստեղծել, որը կարգավորիչ պատվար հանդիսացավ հետագա վարարումների համար[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ ՀՐԱԶԴԱՆԻ ԳԵՏ ԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՈւՄ
  2. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 30 — 150 էջ։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 389 — 992 էջ։
  4. Յակոբեան, Ալեքսան (2019). Կոզեռն-Կոնդի 591 թվականի ենթադրեալ բերդի հետքերով. Երևան: ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ. էջ 95. ISBN 978-9939-9178-8-7.
  5. «Universitäts- und Landesbibliothek Bonn / Ajrarat». digitale-sammlungen.ulb.uni-bonn.de. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. Ավետյան, Արմինե (2007 թ․ սեպտեմբերի 14). «Ինչպե՞ս են թեթևացնում երթևեկության ծանրաբեռնվածությունը». 168.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. «Գետառը փակել չի կարելի». Առավոտ օրաթերթ. 2007 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետառ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 22