Գաթանախշիչ
Գաթանախշիչ կամ գաթանախշիկ, գաթայի երեսը նախշելու գործիք։ Օգտագործվել է հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը։ Պատրաստվել է փայտից, թրծկավից կամ քարից։ Գաթայի պատրաստումը և մշակութային դրսևորումները, այդ թվում` գաթայի պատրաստման ընթացքում կարևոր գործառույթ ունեցող գաթանախշիչն ընդգրկված են Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փայտարվեստի թանգարանի ֆոնդում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հին գաթանախշիչները։ Թանգարանի հին մշակույթի բաժնում ցուցադրված գաթանախշիչներից մեկն ունի խաչաձև նախշ, պատրաստվել է 18-րդ դարում և բերված է Վանից։ Նախշը ճարտարապետական սկզբունքներով է արված և արժեքավոր է նրանով, որ երկերես փորագրություն ունի։ Գաթանախշիչն ունի երկու պատճեն, որ կրկնօրինակել են թանգարանի վարպետներից Վանիկ Դադոյանը և Դ. Ցլիկյանը։ Պատճեններն արվել են` հաշվի առնելով այն հանգամանքը, որ փայտն արագ է վնասվում եղանակային պայմաններից և բնական աղետներից։ Մեկ այլ գաթանախշիչ նվիրատվություն է Իսպենչյան գերդաստանի ժառանգորդուհուց։ Եղեռնից մազապուրծ եղած ընտանիքի անդամները, Կեսարիայից գաղթելով, հաստատվել են Կանադայում` իրենց հետ որպես մասունք տանելով նաև ընտանիքի գաթանախշիչը։ Տարիներ անց ընտանիքի ժառանգորդուհին, վերադառնալով Հայաստան, այցելել է Փայտարվեստի թանգարան և գերդաստանի գաթանախշիչը նվիրաբերել թանգարանին։
Թանգարանում իր ուրույն տեղն ունի նաև հին մշակույթի բաժնում ցուցադրված 19-րդ դարի կավե գաթանախշիչը։ Գաթանախշիչի կենտրոնում վեցաթերթ վարդյակ է, որը երիզված է խորը ակոսային նախշով։ Այն ունի գլանաձև բռնակ։
Ժամանակակից գաթանախշիչները ևս մշակութային մեծ արժեք են ներկայացնում և կարևոր տեղ զբաղեցնում հայկական կիրառական արվեստում։ Հայաստանի փայտարվեստի թանգարանը նպաստում է նրանց հանրահռչակմանը` ներկայացնելով տարբեր հայկական զարդանախշերով։ Դրանք ստեղծվել են բացառապես հայկական ավանդական նախշերով և ձևերով[2]։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաթանախշիչների հարուստ հավաքածու է պահվում Հայաստանի փայտարվեստի թանգարանում։ Գաթանախշիչները պատրաստվել են փայտի տարբեր տեսակներից, ինչպես նաև թրծկավից և քարից։ Ըստ ձևի նույնպես` նրանք բազմազան են. հանդիպում են սկավառակաձև, գրտնակաձև, սանրաձև և զուգահեռանիստ գաթանախշիչներ։ Գաթան տոնածիսական ուտեստ է, որի կլոր ձևն առնչվում է արևի պաշտամունքի հետ[1], ուստի պատահական չէ, որ թանգարանի գաթանախշիչների հավաքածուում ամենամեծ թիվը կազմում են սկավառակաձև գաթանախշիչները։
Գաթանախշիչների զարդաձևերը հիմնականում երկրաչափական ու բուսական են և կրկնում են հին օրինակները։ Ուշագրավ են թանգարանի սանրաձև գաթանախշիչները, հատկապես նրանք, որոնք ունեն երկհարթային փորագրություն և քանդակային են։ 19-20-րդ դարերում գաթանախշիչների վրա փորագրվում էին զիգզագաձև, շեղանկյունաձև, եռանկյունաձև, քառանկյունաձև նախշեր։ Նույնատիպ նախշերով էին զարդարվում նաև նույն ժամանակաշրջանի կիրառական արվեստի նմուշները՝ դաղդղաններ, սկուտեղներ, գուլպայի կաղապարներ, գդալնոցներ, աղամաններ, գրակալներ և այլ առարկաներ[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սկավառակաձև գաթանախշիչներ
-
Սանրաձև գաթանախշիչներ
-
Գրտնակաձև գաթանախշիչ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Հայաստանի Հանրապետության կառավարություն 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշում «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հաստատելու մասին», Հավելված N2».
- ↑ «ՄԻ ԳԱԹԱՆԱԽՇԻՉ` ՄԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Ռուզաննա Բադալյան, «Հմայիլները հայկական մշակույթում». grakantert.am. Վերցված է 03.08.2021-ին.