Սովորել է ճիզվիտական կոլեջում և սեմինարիայում, այնուհետև հրաժարվել է հոգևոր ծառայությունից, 1742 թվականից զբաղվել դիվանագիտական, 1746 թվականից՝ գիտական գործունեությամբ։ Մաբլիի հայացքների հիմքում ընկած էին հասարակական դաշինքի և բնական իրավունքի տեսությունները։ Նա գանում է, որ մարդկանց թշնամությունը ոչ թե բնական վիճակի, այլ հետագայում առաջացած մասնավոր սեփականության և անհավասարության հետևանք է (այսպիսով նա հակադրվել է Թ. Հոբսին և ֆիզիոկրաաներին)։ Ըստ Մաբլիի, մարդկանց սոցիալական միասնության ձգտման հիմքը հավասարության ձգտումն է («սոցիալական սերը»)։ Բանականությունը չի կարող իշխել մարդկանց զգացումներին (այդ «կատաղի հրեշին»), և նրանք չեն կարող վերադառնալ բնական վիճակի։ Հետևաբար, կոմունիստական իդեալի հաստատումը անհնար է, և նա քարոզում էր ճըգնավորական կոմունիզմ՝ գույքային անհավասարության նվազեցում, պահանջմունքների սահմանափակում, ճոխությունների կանխում։ Մաբլի գտնում էր, որ ժողովուրդը գերագույն իշխանության կրողն է, որ նա հեղափոխության իրավունք ունի, հատկապես, եթե այն ուղղված է բռնության դեմ։ Սակայն հեղափոխությունը, ըստ Մաբլի, միայն մասնակի, սահմանափակ լուծման միջոց է։ Չնայած աշխարհայացքային սահմանափակությանը, Մաբլի գաղափարները մեծ լիցք են հաղորդել Ֆրանսիական հեղափոխության ձախ ուժերին։