Բրատիսլավայի ամրոց
Բրատիսլավա ամրոց (սլովակ.՝ Bratislavský hrad, գերմ.՝ Pressburger Schloss, հունգ.՝ Pozsonyi Vár), ամենակարևոր և գլխավոր ամրոցը Բրատիսլավայում, Սլովակիայի մայրաքաղաքում։ Այն տեղակայված է Բրատիսլավայի կենտրոնում, Դանուբ գետի ափին, ժայռոտ բլրի վրա։ Դարեր շարունակ եղել է քաղաքային համայնապատկերի անբաժան մասը։
Մոնումենտալ շինությունը, որը 20-րդ դարի երկրորդ կեսին վեր է խոյացել ավերակներից, խորհրդանշում է սլովակական պատմության ավելի քան հազարամյա պատմությունը։ Կառույցն ընդգրկված է Սլովակիայի մշակույթի ազգային հուշարձանների ցանկում։
Ամրոցից բացվում է հրաշալի տեսարաններ դեպի Բրատիսլավա, Ավստրիա, իսկ պարզկա եղանակին նաև տեսանելի են Հունգարիայի որոշ հատվածներ։ Շատ լեգենդներ են կապված ամրոցի պատմության հետ։
Տեղագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոց (Պալատ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոցի շինությունը ներառում է չորս աշտարակներ և բակը, որում կա ջրհոր՝ 80մ խորությամբ։ Ամենամեծ և բարձր աշտարակը Արքայական աշտարակն է, որը գտնվում է ամրոցի հարավարևմտյան անկյունում։ 47 մետր բարձրությամբ աշտարակը թվագրվում է 13-րդ դարին և շուրջ 200 տարի շարունակ՝ սկսած 1500-ականների կեսերից, այստեղ էին պահվում Հունգարիայի արքայական զարդերը[1]։ Արտաքին պատերն ու ներքին միջանցքները պարունակում են հին գոթական և վերածննդյան տարրեր։ Հիմնական մուտքի արևելյան թևում դեռևս տեսանելի է հատվածներ 16-րդ դարի մուտքի դարբասից։ Մուքտի ետևում կամարակապ միջանցք է, որից ընդարձակ աստիճաններն ուղղորդում են դեպի երկրորդ հարկ, որտեղ տեղակայված է Սլովակիայի ազգային թանգարանը։ Այս հարկի արևմտյան թևում տեղակայված է Գանձերի պալատի չորս սրահները, որտեղ պահվում են արժեքավոր հնագիտական գտածոների և այլ իրերի հավաքածուներ, ներառյալ՝ Մորավանի Վեներա նախապատմական արձանը։ Երրորդ հարկում Սլովակիայի պատմության ցուցհանդեսն է։ Կառույցի առաջին հարկի հարավային թևում Սլովակիայի պառլամենտի սենյակներն են, որտեղ ներկայացված են 16-րդ դարի կահավորումներ։ Կառույցի հյուսիսային թևում նախկինում եղել է բարոկկո ոճով կառուցված մատուռ, որը ներկայումս համերգային դահլիճ է։ Բակից բացվում է մուտք դեպի Ասպետների սրահ։
Դարբասներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիգիզմունդի դարբաս
- Սիգիզմունդի դարբասը հարավ-արևելքում, կառուցվել է 15-րդ դարում և տեղանքի լավագույն պահպանված բնօրինակ հատվածն է
- Վիեննա դարբասը հարավ-արևմուտքում, կառուցվել է 1712 թվականին
- Նիկոլաս դարբասը հյուսիս-արևելքում, կառուցվել է 16-րդ դարում
- Լեոպոլդ դարբաս
Այլ շինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական կառույցից արևելք վերակառուցված Հիլեբրանդտ շինությունն է, որը թվագրվում է 1762 թվականին և ավերվել էր 1811 թվականին՝ հրդեհի պատճառով։ Փառքի բակը գտնվում է անմիջապես ամրոցի մուտքի դիմաց և թվագրվում է 18-րդ դարի վերջին։
Սիգիզմունդի դարբասից ներս Լեոպոլդի բակն է՝ բաստիոններով, որը կառուցվել է 17-րդ դարում։ Ամրոցի շենքի արևելյան կողմում Մեծ Մորավյան բազիլիկն է (9-րդ դար)։
Նիկոլաս դարբասին կից գտնվում է Լուգիլանդ բաստիոնը՝ գոթական բակամուտքով, որը կառուցվել է 15-րդ դարում։ Դա 17-րդ դարի եռահարկ երկարավուն կառույց է, որտեղ ներկայումս տեղ է գտել Սլովակիայի ազգային խորհուրդը, ինչպես նաև բորոկկո ոճով կառուցված ձիանոցը։ Վերջինից հարավ՝ անգլիական այգի է։
Կառույցի հյուսիսային սահմանը 18-րդ դարի երկարավուն բարոկկոյան շինություն է, որում տեղ են գտել Սլովակիայի ազգային թանգարանը և ամրոցի կառավարությունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոցը վերակառուցվել է հիմնովին։ Տեղի բլրի վրա առաջին կառույցը մոտավորապես հայտնվել է Եգիպտական բուրգերի կառուցման ժամանակաշրջանում (Մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակի 2-րդ կես)։ Այդ միջնաբերդը հավանաբար հայտնի է դարձել կելտերի ժամանակշրջանում։ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում, որի սահմանն անցնում էր Դանուբի երկայնքով, այստեղ էր գտնվում դրա սահմանակետերից մեկը։
Ներկայիս ամրոցի ընդարձակումը կարելի է հետևել Նիտրանյան իշխանության ժամանակից, երբ այստեղ առաջացան բազմաթիվ հանրահայտ շինություններ։ Հնագույն ձեռագիր վկայությունները վերագրվում են 907 թվականին, դրանք պահվում են «Զալցբուրգյան անալներ» լատինական ձեռագրերում։ Նիտրանյան իշխանության և Մեծ Մորավիայի ժամանակաշրջանի վերաբերյալ վկայում են բազիլիկի մնացորդները, որոնք գտնվում են 19-րդ դարի սանդղավանդի արևելյան հատվածում։ Ամրոցը նաև հիշատակվում է Բրատիսլավայի մասին գրավոր վկայություններում, որոնք թվագրվում են 907 թվականին։
Աստիճանաբար սլավոնական իշխանության ամրոցից, բազում վերակառուցումներից և վերափոխումներից հետո, վեր է խոյացել միջնադարյան ամրոցը, որը 19-րդ դարի կեսին ժուպայի (արևմտյան և հարավային սլավոնների վարչական միավոր) կենտրոնն էր։ Այն դարձել է Հունգարիայի արքայական գանձարանը, իսկ ավելի ուշ արքայական ամրոց, որտեղ թագադրում էին հունգարացի արքաներին։ Ըստ գրավոր վկայությունների 16-րդ դարի առաջին քառորդում ամրոցի ամենաբարձր կետում տեղադրվել է բնակելի աշտարակ, որն այսօր մնացել է արքայական աշտարակի պատերի ներսում։ Բնակելի աշտարակը հայտնաբերվել է հնագիտական հայտնագործությունների արդյունքում։ 1207 թվականին հուլիսի 7-ին Բրատիսլավայի ամրոցում՝ նախկին հունգարական ամրոցում, ծնվել է սուրբ Ելիզավետա Հունգարացին։
1221 թվականին Կաթոլիկ եկեղեցին տեղափոխվել է ամրոցից։ Այստեղից էլ ավատատիրական կենտրոնը սկսել է իր ինքնուրույն զարգացումը։
Ներկայիս կառույցի մոնումենտալ շինությունը ձևավորվել է հետգոթական վերակառուցման ժամանակ, որն իրականացվել է Սիգիզմունդ I Լյուքսեմբուրգցի թագավորի օրոք՝ սկսած 1427 թվականին։ Սկզբնական ամրաշինությունները՝ բակի, Ասպետական սրահի, տնտեսական կառույցների, զանգակատան ու ներքին շինությունների հետ միասին, իրենցում ամփոփել են նաև նախկին բնակելի աշտարակի մնացորդները։ 1431-1434 թվականներին այստեղ կառուցվել է մեծ երկհարկանի պալատ։ Հետգոթական ճարտարապետությունն այստեղ արտահայտված է լավ պահպանված պատուհանների, շքամուտքերի և պահոցների մեջ, ինչը հրաշալի համադրված է ներկայիս ձևավորման մեջ։ Սիգիզմունդների վերակառուցումը տևել է դարեր շարունակ՝ Մեծ Մորավյան և վաղ գոթական ամրացումների շնորհիվ, որոնցից են բաստիոնները, շքամուտքերը և մի ճանապարհ, որը ձգվում էր Դանուբի երկայնքով։
Ամրոցի ներկայիս տեղագրությունը, որն ունի քառանկյուն տեսք, իրենից ներկայացնում է վերածննդյան և վաղ բարոկկո ոճով կառուցված շինություն։ Ի տարբերություն Գերմանիայի ուշ գոթական ուղղվածության, 1552 և 1639 թվականների իրականացված շինարարությունների ժամանակ, մասնակցել են իտալացի ճարտարապետներ, որոնք բերել են իրենց երկրրի մշակույթը դեպի հյուսիսային երկրներ։ Վերակառուցումից հետո ամրոցը դարձել է հուգարացի արքաների թագադրման վայրը, որոնց թուրքական զորքերը վտարել էին հունգարական նախկին պետության կենտրոնից՝ Բուդայից։ Այդ ժամանակվա փոփոխությունները մեզ են հասել միայն մասամբ՝ մի որմնանկարներով պատ, որը վերագրվում է 16-րդ դարի կեսին, առաջին հարկի դահլիճի էրկերի մի մասը և հարակից դահլիճի ոսկեզօծ բացվածքը։ Այնուամենայնիվ այդպիսով կարելի է պատկերացում կազմել այդ դարաշրջանի ինտերիերների մասին։
Վերջին հսկայական վերակառուցումը, որը փոխարինել է ամրոցի նշանակությունը հաբսբուրգյան արքայական պալատով, տեղի է ունեցել 1750-60-ականներին հանրահայտ եվրոպացիների՝ ֆրանսիացիների, իտալացիների և ավստիացիների ճարտարապետների նախագծերով։ 1760 թվականին, ըստ Գիլդեբրանդի նախագծով կառուցվել է ևս մեկ պալատ, որը կոչվել է Թերեզիանում, որում արտացոլվում է դարաշրջանի վեհությունը։ Նոր պալատում կային պատկերասրահ, գրադարան և արվեստի նմուշների հարուստ հավաքածու։ Ուշ բարոկկո ժամանակաշրջանում պալատի տեսքը միանգամայն փոխվել է, դա նաև վերաբերում է հիմնական կառուցվածքային տարրերին, օրինակ՝ աստիճաններին, դահլիճին և զանգակատանը։ Այս բոլոր փոփոխությունները արվել են հզոր ուրվագիծը պարզեցնելու համար։ Ռազմական ամրոցի ընդարձակ տարածքները, որոնք սկզբում հատկացված էին մարտական տեխնիկայի գործածության և պաշտպանության համար, ձևավորվեցին ֆրանսիական պարտեզներով, որոնք լրացվեցին ճարտարապետական կոթողներով, շքամուտքերով, ամառային և ձմեռային տաղավարներով, ձիանոցով։ Պալատին հարող տարածքի վերակառուցման նպատակն էր Բրատիսլավայի ամրոցը դնել լավագույն եվրոպական արքայական պալատների հետ նույն հարթության վրա։
18-րդ դարի վերջը անկումային ժամանակաշրջան էր Բրատիսլավա քաղաքի համար՝ որպես պետության թագավորական կենտրոն։ Մարիա Թերեզա Իոսիֆ II-ի մահից հետո այստեղ հիմնվում է կրթական կենտրոն և կաթոլիկ հոգևորականության սեմինարիա։ Այդ տարիներին գրվել է սլովակ ժողովրդի պատմության կարևոր մասը, ձևավորվել էր կրթված մարդկանց խումբ, որոնք պայքարում էին ժողովրդական լուսավորչության համար։ Այդ շարժման գլուխ էր կանգնել Անտոն Բերնոլակը՝ սլովակական լեզվի առաջին կոդիֆիկատորը։
1811 թվականին ամրոցը հրդեհվել է, և չնայած նրա վիճակը բարելավելու բազմաթիվ փորձերին, շուրջ 140 տարի այն մնացել է ավերված։ Նոր պատմությունը սկսվել է 1953 թվականին, երբ ձեռնարկվում է դրա վերանորոգումը։ 1953-1968 թվականներին վերակառուցման աշխատանքները իրականացվել են Ա․ Պիֆլայի և Դ․ Մարտինչեկի նախագծերով։ Նորոգումից հետ ամրոցը կրկին ստացել է այն տեսքը, որն ունեցել էր 18-րդ դարի վերջին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Reconstruction of the Bratislava Castle (PDF). Chancellery of the National Council of the Slovak Republic. 2010 թ․ մայիս. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bratislava Castle at SlovakHeritage.org
- Bratislava Castle at Castles.sk
- Restoration of the castle (official website)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրատիսլավայի ամրոց» հոդվածին։ |
|