Բուրգդորֆ (գերմ.՝ Burgdorf, ալեմանյան բարբառ՝ Burdlef), քաղաք և համայնք Շվեյցարիայում՝ Բեռնի կանտոնում, Էմմե գետի հովտում[2]։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 15.6 քառակուսի կիլոմետր տարածք, որի 25.1%-ն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, 40.7%-ն անտառապատ է[3]։ 2017 թվականիդեկտեմբերի տվյալներով քաղաքում ապրում էր 16,280 մարդ։ 2000–ից 2010 թվականն ընկած տասնամյակի ընթացքում բնակչության թվաքանակի փոփոխությունը կազմել է 5.2%: Ընդ որում՝ միգրացիայի ցուցանիշը եղել է 6.6%, ծնունդների ու մահերի ցուցանիշը՝ -1.1%[4]:
Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ Բուրգդորֆի ներկայիս տարածքում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս նորքարեդարյան ժամանակներում։ Հայտնաբերվել են նաև ուշ բրոնզի դարաշրջանի և հալշտատ (Hallstatt) մշակույթի հետքեր։
Միջնադարում տարածքը եղել է Բուրգունդիայի թագավորության կազմում։ 1080 թվականից այստեղ իշխել են Զերինգեն ազնվականական տոհմի դուքսերը։ Հավանաբար հենց նրանց ներկայացուցիչներն էլ Էմմե գետի ձախ ափին ամրոց են կառուցել, որն առաջին անգամ պատմական փաստաթղթերում հիշատակվել է 1080 թվականին՝ որպես castellum Bertoldi ducis: Իսկ ամրոցի մոտ հիմնված բնակավայրի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 1236 թվականին (in oppido Burchtorff):
Բուրգդորֆի պատմության կարևոր դրվագներից է այն փաստը, որ հենց այստեղ է 1798 թվականին կրթադաստիարակչական իր հաստատությունը հիմնել նշանավոր մանկավարժ Յոհան Հայնրիխ Պեստալոցցին[2][5]։
Բուրգդորֆի հին քաղաքամասն ամբողջությամբ, ինչպես նաև մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ նախկին Grosse Apotheke-ն ու Diesbacher House-ը, նախկին օրիորդաց դպրոցը՝ Mädchenschule-ն, նախկին Niederspital-ը (հիվանդանոցը), Gehöft Grafenscheuren-ը, Grosshaus-ը (Մեծ շենքը), zum Ochsen շենքը, Villa Schnell-ը, կանտոնային տեխնիկումը, Ֆրանց Գերչի թանգարանը (Museum Franz Gertsch), շվեյցարական ռեֆորմիստական եկեղեցին, պատմական զենքուզրահի հավաքածուն (Sammlung Historisches Armeematerial Collection), միջնադարյան ամրոցը, Quarantine շենքն ու մատուռը և Villa Roth-ը։ Քաղաքն ամբողջությամբ ներառված է Շվեյցարական ժառանգության գույքացուցակում[6]։
↑«Kantonsliste A-Objekte». KGS Inventar (German). Federal Office of Civil Protection. 2009. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)