Արտաշիր Բ
Արտաշիր Բ միջին պարսկերեն՝ 𐭠𐭥𐭲𐭧𐭱𐭲𐭥 | |
---|---|
Շահնշահ Էրանի և Անէրանի | |
Արտաշիրի ժայռաքանդակը Թաղե Բոսթանում | |
Իշխանություն | 379 - 383 |
Ծնվել է՝ | Անհայտ |
Մահացել է՝ | Անհայտ |
Երկիր | Սասանյան Պարսկաստան |
Նախորդ | Շապուհ Բ |
Հաջորդող | Շապուհ Գ |
Տոհմ | Սասանյաններ |
գերիշխան | |
Հայր | Որմիզդ Բ |
Հավատք | Զրադաշտականություն |
Արտաշիր Բ (միջին պարսկերեն՝ 𐭠𐭥𐭲𐭧𐭱𐭲𐭥, անգլ.՝ Ardashir II), Սասանյան արքայից արքա մ.թ. 379-383 թվականներին։ Ամենայն հավանականությամբ եղել է արքայից արքա Շապուհ Բ-ի եղբայրը, մինչև գահ բարձրանալը 344-376 թվականներին եղել է Սասանյան Պարսկաստանի վասալ Ադիաբենեի թագավորը[1]։
Ծագումը
[խմբագրել | խմբագրել կոդը]309 թվականին արքայից արքա Որմիզդ Բ-ի մահից հետո պարսից ազնվականները սպանել են նրա ավագ որդի և ժառանգ Ադար-Ներսեհին, մյուս որդիներից մեկին կուրացրել, իսկ երրորդին ստիպել են փախչել Հռոմ։ Նրանք թագավոր են հռչակել Որմիզդի մահից քառասուն օր հետո ծնված Շապուհ Բ-ին։ Շապուհը, դառնալով չափահաս, իր ձեռքն է վերցրել իշխանությունը և ընդհանուր առմամբ կառավարել 70 տարի` մինչև 379 թվականը[1]։
Արտաշիրն ըստ երևույթին եղել է Որմիզդի զավակը և Շապուհ Բ-ի փոքր եղբայրը հոր կողմից[2]։ Այլ վարկածով նա եղել է Շապուհի որդին։ Նա իշխել է որպես Սասանյան Պարսկաստանի վասալ Ադիաբենեի թագավոր 379-383 թվականներին[1]` ըստ երևույթին մեծապես օգնելով իր ավագ եղբորը Հռոմի դեմ մղված պատերազմներում։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շապուհ Բ-ն նշանակել է Արտաշիրին իր գահաժառանգ` ստիպելով նրան երդվել, որ նա կհրաժարվի գահից Շապուհի որդի Շապուհ Գ-ի օգտին, երբ վերջինս կդառնա չափահաս։ Այդպիսով Շապուհ Բ-ի մահից հետո 379 թվականին Արդաշիրը դարձել է արքայից արքա և կառավարել 4 տարի` մինչև 383 թվականը, երբ գահն անցել է Շապուհ Գ-ին[1]։
Արտաշիրի կառավարման տարիների մասին շատ բան հայտնի չէ։ Ըստ արաբական աղբյուրների` Արտաշիրը, հաստատվելով գահին, դաժանորեն ճնշել է ազնվականությանը` սպանելով նրանցից շատերին։ Ազնվականությունն էլ նրան գահընկեց է արել 4 տարի կառավարումից հետո` իշխանության բերելով Շապուհ Գ-ին[2]։
Հայաստանն Արտաշիրի օրոք
[խմբագրել | խմբագրել կոդը]378 թվականին իշխան Մանվել Մամիկոնյանը, վերադառնալով Մեծ Հայք պարսկական գերությունից, գահընկեց է արել Վարազդատ թագավորին։ Այնուհետև նա թագավոր է հռչակել Պապ թագավորի անչափահաս որդի Արշակ Գ-ին (378-389 թթ.)՝ արքայամայր Զարմանդուխտի հետ ստանձնելով նրա խնամակալությունը[3]։
Ըստ Փավստոս Բուզանդի պատմության` Մանվելն ի սկզբանե ընդունել է Սասանյան Պարսկաստանի գերիշխանությունը, երկրում տեղակայվել է տասը հազարանոց պարսկական զորախումբ։ Սակայն ավելի ուշ Մանվելը որոշել է վարել անկախ քաղաքականություն և դուրս է քշել պարսիկներին։ Նա կարողացել է նաև հաղթել Հայաստան ուղարկված երեք բանակներին և առժամանակ հաստատել խաղաղություն երկրում[3]։
Արդեն Արտաշիրին հաջորդած արքայից արքա Շապուհ Գ-ի օրոք Մանվելը մահացել է, իսկ Մեծ Հայքի թագավորությունը բաժանվել է Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև։
Մետաղադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաշիրի թողարկած դրամների վրա նա պատկերված է գմբեթաձև թագով։ Հակառակ երեսին որպես կանոն պատկերված է զրադաշտական ատրուշանի սրբազան կրակը` երկու երկրպագողներով, սակայն հազվագյուտ դեպքերում շահի գլուխը դուրս է գալիս կրակի միջից։ Սովորաբար դրամի վրայի գրված է «Արտաշիր, արքայից արքա Էրանի», երբեմն վերջից ավելացված է «և Անէրանի» կտորը[1]։
Ժայռաքանդակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես և նախորդող Սասանյան արքաներից շատերը, Արտաշիրը պատրաստել է տվել իրեն պատկերող ժայռաքանդակներ։ Սակայն, ի տարբերություն իր նախնիների, նա այդ արել է ոչ թե Ֆարսում, այլ պատմական Մարաստանում` Թաղե Բոսթանում, որը գտնվում է ժամանակակից Քերմանշահ քաղաքի տարածքում։
Թաղե Բոսթանի ժայռաքանդակներից մեկը պատկերում է Արտաշիրի թագադրությունը։ Ժայռաքանդակի վրա հստակ երևում են չորս տղամարդկանց պատկերները, որոնցից երեքը կանգնած են, չորրորդն ընկած է նրանց ոտքերի տակ։ Կենտրոնում Արտաշիրն է, նրանից աջ` նախորդ արքա Շապուհ Բ-ն (իշխել է 309-379 թվականներին), որը փոխանցում է թագավորական պսակը Արտաշիրին[1]։ Հետազոտողների մի մասը աջից պատկերը նույնականացնում է ոչ թե Շապուհ Բ-ի, այլ զրադաշտական աստված Ահուրա Մազդայի հետ[1]։ Ամենաձախից ենթադրաբար զրադաշտական աստված Միթրան է` կանգնած լոտոսի ծաղկի վրա[1]։ Այլ տարածված կարծիքով դա ոչ թե Միթրան է, այլ Զրադաշտը[1]։ Երկու թագավորների ոտքերի տակ ընկած մարմինը սովորաբար նույնականացնում է հռոմեական կայսր Հուլիանոս Ուրացողի հետ[1][4], որը սպանվել է 363 թվականին Շապուհ Բ-ի դեմ մղած պատերազմի ժամանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 «ARDAŠĪR II». Encyclopædia Iranica (անգլ.).
- ↑ 2,0 2,1 Al-Tabari, Abu Ja'far Muhammad ibn Jarir (1991). Yar-Shater, Ehsan (ed.). The History of al-Ṭabarī, Volume V: The Sasanids, the Byzantines, the Lakhmids, and Yemen (PDF). Trans. Clifford Edmund Bosworth. Albany, NY: State University of New York Press. ISBN 0-7914-0493-5.
- ↑ 3,0 3,1 Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Դպրություն 5, Գլուխներ 38–42
- ↑ Overlaet, Bruno. «Ahura Mazda or Shapur II? A Note on Taq-i Bustan I, the Investiture of Ardashir II (379-383)» (անգլերեն). Iranica Antiqua 47, 2012. էջ 133-151.