Աստրախան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Астрахань
Աստրախան
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ներքին բաժանում4 շրջան
ՔաղաքապետԻրինա Եգորովա
Հիմնադրված է1558 թ.
Առաջին հիշատակում1334
Այլ անվանումներԽաջի-թարխան, Աշտարխան
Տվյալ կարգավիճակում1717 թվականից
Մակերես208,69 կմ²
ԲԾՄ-25 մ
Խոսվող լեզուներռուսերեն
Բնակչություն 527 345 մարդ (2013)
Խտություն2527 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+7 8512 (851)
Փոստային ինդեքս414ХХХ
Փոստային դասիչ414000–414999
Ավտոմոբիլային կոդ30
Պաշտոնական կայքastrgorod.ru
Աստրախան (Ռուսաստան)##
Աստրախան (Ռուսաստան)

Աստրախան (ռուս.՝ Астрахань), քաղաք Ռուսաստանում, Աստրախանի մարզի վարչական կենտրոնը, գետային և ծովային նավահանգիստ, երկաթուղային հանգույց։ Գտնվում է Վոլգայի դելտայի վերին մասում։ 2013 թվականի տվյալներով՝ բնակչությունը կազմում է 527 345 մարդ[1]։

Աստրախանը Վոլգա-Կասպիական ավազանի ձկնորսության խոշորագույն բազան և ձկնավերամշակման արդյունաբերության կենտրոնն է։ Աստրախանում կան մսի կոմբինատ, կաթնամթերքների և կաշվի գործարաններ, հրուշակեղենի, մորթու-մուշտակեղենի ֆաբրիկաներ, ձկնարդյունաբերությանն ու գետային տրանսպորտին սպասարկող նավաշինարան, նավանորոգման, մեխանիկական ձեռնարկություններ, ջերմաքարշերի նորոգման գործարան, ցանցագործական ֆաբրիկա, փայտամշակման ու քիմիական արդյունաբերության ձեռնարկություններ։

Աստրախանը ծովային և գետային նավերի փոխաբեռնման կայան է (նավթ, ձկնեղեն, անտառանյութ, կերակրի աղ, հացահատիկ)։ Աստրախանի մեքենաշինությունն իր արտադրանքով գլխավորապես սպասարկում է ձկնարդյունաբերության ձեռնարկություններին և տրանսպորտին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստրախանը (որպես Հաջի Թարխան) հիշատակվում է 13-րդ դարից, իբրև թաթարական քաղաք Ոսկե Հորդայի պետությունում։ Գտնվել է Վոլգայի աջ ափին, ցամաքային և ջրային առևտրական ուղիների խաչմերուկում, այժմյան Աստրախանից (հիմնված 1558 թվականին) մոտ 12 կմ է հեռու, խազարական Իթիլ քաղաքի տեղում։ 1459–1556 թվականներին Աստրախանի թաթարական խանության կենտրոնն էր։ Աստրախանում ապրում էին թաթարներ, պարսիկներ, հայեր, հրեաներ և այլն։ 1556 թվականին Իվան IV գրավել է Աստրախանը և դարձրել ռուսական պետության սահմանային բերդ։ 16-19-րդ դարերում Ռուսաստանի և Արևելքի երկրների միջև կատարվող առևտրի հիմնական կենտրոնն էր։

Աստրախանի հայ գաղթօջախի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստրախանի հայ գաղութը ձևավորվել է 17-րդ դարի սկզբին։ Ռուսաստան եկած հայ գաղթականները 1625 թվականին հանգրվանել են Աստրախանում հիմնած հայկական իջևանատանը։ Պետրոս I և նրա հաջորդները, առևտրին և արհեստներին զարկ տալու նպատակով հայերին արտոնագրերով հրավիրել են Աստրախան։ Հայ վաճառականությունը խոշոր դեր է ունեցել ռուս-իրանական և, հատկապես, Ռուսաստանի վրայով կատարվող տարանցիկ առևտրում, որի մեջ նրա առևտրական գործարքների տեսակարար կշիռը կազմել է 50 %-ից ավելին։

18-րդ դարում Աստրախանը մետաքսի և բամբակի արդյունաբերության համառուսական նշանակություն ունեցող կենտրոն էր։ Ջուլհակային ձեռնարկությունների 90 %-ը պատկանում էր հայ ձեռնարկատերերին։ 17-րդ դարի սկզբին հայերի թիվը այնտեղ եղել է մոտ 200, 18-րդ դարի սկզբին՝ մոտ 5 000, 19-րդ դարի վերջին՝ մոտ 7 500, 1911 թվականին՝ մոտ 10 000 մարդ։ Նրանց ճնշող մեծամասնությունը բանվորներ ու արհեստավորներ էին։ Հայերը պաշտոնապես ազատվել են հարկերից, օգտվել առևտրա-արդյունաբերական գործունեության, դավանանքի ազատության և ներքին կյանքի տնօրինման արտոնություններից։ 1746 թվականին նրանք կարողացել են նույնիսկ ստեղծել հայկական դատարան (Ռատհաուզ) և ղեկավարվել սեփական օրենսգրքով։ XIX դարի սկզբից, երբ Աստրախանը կորցրեց իր նախկին տնտեսական կարևոր դերը, ռուսական պետությունը հայերի արտոնությունները հետզհետե սահմանափակեց, այնուհետև վերացրեց։

Աստրախանը եղել է Ռուսաստանի հայկական թեմական կենտրոններից՝ իր թեմակալ եպիսկոպոսով կամ արքեպիսկոպոսով։ Հայերն ունեցել են չորս եկեղեցի (Ս. Աստվածածին, Ս. Պողոս-Պետրոս, Ս. Կատարինե, Ա. Գրիգոր Լուսավորիչ)։ 1795 թվականին արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանը Աստրախանում հիմնել է հայկական տպարան։ 19-րդ դարի սկզբին հիմնադրված հայկական դպրոցները, մասնավոր անձանց ու եկեղեցու միջոցներով, գոյատևել են մինչև 20-րդ դարի 20-ական թվականները։ Դրանցից նշանավոր են Աղաբաբյան դպրոցը (1810), Աստրախանի հոգևոր ուսումնարանը (1817, ուսուցչություն են արել Գ. Պատկանյանը և Գ. Խուբյանը), Հայոց թեմական (1838), Հայկական ծխական (1851), Հայոց իգական (1870) և այլ դպրոցները։ Աստրախանում են հրատարակվել «Արևելյան ծանուցմունք» (1816), «Լրաբեր» (1908-1909), «Մեր կյանքը» (1910-1912), «Կարմիր բանվոր» (1919) հայկական լրագրերը։

1918-1920 թվականներին Հայկական գործերի կոմիսարիատի Աստրախանի բաժանմունքի մշակույթի բաժնին կից (վարիչ՝ Հ. Գյուլիքեխյան) գործել է գեղարվեստա-թատերական ստուդիա (ղեկ. Վ. Վարդանյան), 1925 թվականին՝ Հայկական թատրոն։ Աստրախանի հետ են կապված 18-19-րդ դարերի հայ հասարակական, քաղաքական և մշակութային մի շարք գործիչների կյանքն ու գործունեությունը (Հովսեփ Արղության, Եփրեմ Ա Ձորագեղցի, Գաբրիել Պատկանյան, Հարություն Ալամդարյան, Մարգար Խոջենցի, Նադեժդա Պապայան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «База данных показателей муниципальных образований». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստրախան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 593