Առևտրային գաղտնիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առևտրային գաղտնիք, կոմերցիոն գաղտնիք, տեղեկատվության գաղտնիության ռեժիմ, որը թույլ է տալիս դրա տիրապետողին գոյություն ունեցող կամ հնարավոր հանգամանքներում ավելացնել եկամուտները, խուսափել չարդարացված ծախսերից, պահպանել ապրանքների, աշխատանքների, ծառայությունների շուկայում դիրքը կամ ստանալ այլ առևտրային օգուտներ[1]։ Տեղեկությունների գաղտնիության ռեժիմ ասելով՝ հասկացվում է տեղեկատվության պաշտպանության հատուկ միջոցների սահմանումը և պահպանումը։

Առևտրային գաղտնիքի տակ կարող են ենթադրվել նաև այն տեղեկությունները, որոնք առևտրային գաղտնիք են կազմում, այսինքն՝ գիտատեխնիկական, տեխնոլոգիական, արտադրական, ֆինանսատնտեսական կամ այլ տեղեկություններ, այդ թվում՝ արտադրության գաղտնիքի բաղկացուցիչ մասը (նոու-հաու), որն ունի իրական կամ պոտենցիալ առևտրային արժեք՝ դրա երրորդ անձանց անհայտ լինելու պատճառով, որին օրինական հիմքով ազատ մուտք չկա և որի նկատմամբ այդպիսի տեղեկություններ տիրապետողի կողմից մտցվել է առևտրային գաղտնիքի ռեժիմ։

Առևտրային գաղտնիքը տեղեկատվություն է, որը

  • հայտնի չէ հանրությանը,
  • ապահովում է տնտեսական օգուտ իր սեփականատիրոջը, քանի որ տեղեկատվությունը հանրամատչելի չէ, և
  • որը իր սեփականատիրոջից պահանջում է ողջամիտ ջանքեր՝ գաղտնիությունը պահպանելու համար։

Միջազգային իրավունքում այս երեք գործոնները սահմանում են առևտրային գաղտնիք՝ համաձայն «Մտավոր սեփականության իրավունքների առևտրային ասպեկտների վերաբերյալ» համաձայնագրի 39-րդ հոդվածի, որը սովորաբար կոչվում է անգլ.՝ tapis-ի մասին համաձայնագիր[2]։

Տեղեկատվության տիրապետողն իրավունք ունի այն վերագրել առևտրային գաղտնիքին, եթե այդ տեղեկատվությունը համապատասխանում է վերը նշված չափանիշներին և ընդգրկված չէ այն տեղեկատվության ցանկում, որը չի կարող առևտրային գաղտնիք կազմել։ Առևտրային գաղտնիքի կարգավիճակ ստանալուց հետո տեղեկատվությունը սկսում է պաշտպանվել օրենքով։

Առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումը գործողություն կամ անգործություն է, որի արդյունքում առևտրային գաղտնիք կազմող տեղեկատվությունը ցանկացած ձևով (բանավոր, գրավոր, այլ ձևով, այդ թվում՝ տեխնիկական միջոցների օգտագործմամբ) հայտնի է դառնում երրորդ անձանց՝ առանց այդպիսի տեղեկատվություն տնօրինողի համաձայնության կամ հակառակ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի։

Առևտրային գաղտնիք կազմող տեղեկատվությունը հրապարակելու (դիտավորությամբ կամ անզգույշ), ինչպես նաև այն ապօրինի օգտագործելու համար նախատեսված է պատասխանատվություն՝ կարգապահական, քաղաքացիաիրավական, վարչական, քրեական և նյութական։ Նյութական պատասխանատվությունը վրա է հասնում անկախ պատասխանատվության այլ ձևերից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1817-ին Մեծ Բրիտանիայում, իսկ 1837-ին ԱՄՆ-ում առաջին անգամ դատական գործընթացներում քննարկվել է առևտրային գաղտնիքին վերաբերող հարցեր, իսկ այդ դատարանների որոշումները դարձել են կարևոր նախադեպեր։ Աշխարհում առաջին օրենքը, որը պահպանում է առևտրային գաղտնիքը, 1844 թվականին ստորագրել է Ֆրանսիայի թագավոր Լուի Ֆիլիպը։ 1845 - ում ռուս կայսր Նիկոլայ I-ը պատիժ է սահմանել առևտրային գաղտնիքի հրապարակման համար «Քրեական և ուղղիչ պատիժների սահմանումը» քրեական օրենսգրքում։ 20-րդ դարի սկզբին եվրոպական բոլոր երկրներում պաշտպանվում էր առևտրային գաղտնիքը։

Սակայն 20-րդ դարում գրեթե բոլոր զարգացած պետությունները հեռացել են առևտրային գաղտնիքի պաշտպանությունից։ Որոշ դեպքերում դա կապված էր հակատրեստյան օրենսդրության ներդրման հետ, մյուս դեպքերում՝ կոռուպցիայի դեմ պայքարի հետ։ Շատ երկրներում նույնիսկ օրենքներ են ներդրվել, որոնք ստիպում են բաժնետիրական ընկերություններին բացահայտել որոշակի տեղեկատվություն։ Ռուսաստանում, իսկ հետագայում՝ ԽՍՀՄ-ում և Արևելյան Եվրոպայի երկրներում առևտրային գաղտնիքը չեղյալ է հայտարարվել որպես կապիտալիզմի մնացորդ։

Սակայն, որպես կանոն, բոլոր արևմտյան երկրներում ձեռնարկատերերը պահպանել են աշխատողին աշխատանքից ազատելու իրավունքը արդյունաբերական լրտեսության համար։ Շվեյցարիան այն սակավաթիվ պետություններից էր, որտեղ առևտրային գաղտնիքի պահպանման մասին օրենսդրությունը չի դադարել գործել ողջ 20-րդ դարի ընթացքում։

20-րդ դարի երկրորդ կեսին հայտնի է դարձել փաստարկ այն մասին, որ տեխնոլոգիաների ոլորտում առևտրային գաղտնիքի ներդրումը կարագացնի գիտատեխնիկական առաջընթացը՝ խրախուսելով ձեռնարկատերերին ստեղծել բնօրինակ մշակումներ օտարների պատճենման փոխարեն։ 1974 թվականին ԱՄՆ Գերագույն դատարանը Նահանգներին թույլատրել է ընդունել օրենքներ առևտրային գաղտնիքի պահպանման մասին։ ԱՄՆ-ում 1996թ. ընդունվել է «Տնտեսական լրտեսության մասին» օրենք, որը քրեականացնում է օտարերկրյա պետությունների օգտին տեխնոլոգիական գաղտնիքների գողության (§1831 Միացյալ Նահանգների օրենսգիրք) և առևտրային նպատակներով տեխնոլոգիական գաղտնիքների գողության (§1832) համար։ 1990-ականների ընթացքում առևտրային գաղտնիքի մասին օրենքները կրկին (երբեմն՝ առաջին անգամ) հայտնվեցին Ռուսաստանում, Գերմանիայում, Չեխիայում, Հունգարիայում, Թաիլանդում, Ճապոնիայում, Չինաստանում[3]։ Որոշ երկրներում (օրինակ՝ Ճապոնիայում, Ֆրանսիայում) պատիժը սահմանափակվում է տուգանքով կամ վնասի փոխհատուցմամբ, մյուս երկրներում (օրինակ՝ Գերմանիայում) հնարավոր է նաև քրեական պատասխանատվություն, եթե առևտրային գաղտնիք կազմող տեղեկատվությունը ստացվել է անօրինական գործողությունների միջոցով։

Ռուսաստանում առևտրային գաղտնիքի պաշտպանությունը օրենսդրորեն կարգավորվում է բավականին կոշտ (ՌԴ ՔՕ «Տեղեկատվության, տեղեկատվայնացման և տեղեկատվության պաշտպանության մասին» 1995 թվականի փետրվարի 20-ի Դաշնային օրենքի 183-րդ և 15-րդ հոդվածներ) և ենթադրում է կազմակերպության կողմից իր տեղեկատվությունը պաշտպանող մի շարք պահանջների կատարում[4]։

Հայաստանի իրավական համակարգում առևտրային գաղտնիքի ինստիտուտը ևս պաշտպանվում է օրենքով։ Մասնավորապես Հայաստանի Քաղաքացիական օրենսգրքի[5] 141 հոդվածի (Ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվություն) առաջին մասը սահմանում է, թե ինչ է իրենից ներկայացնում առևտրային գաղտնիքը. 1. Տեղեկատվությունը ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք է, եթե այն երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք, չկա օրինական հիմքերով այն ազատորեն ստանալու հնարավորություն և տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար։ Իսկ նույն հոդվածի չորրորդ մասը սահմանում է՝ 4. Ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունն ապօրինի եղանակներով ստացած անձինք պարտավոր են հատուցել պատճառված վնասները։ Նման պարտականություն է դրվում նաև քաղաքացիական-իրավական կամ աշխատանքային պայմանագրի խախտմամբ ծառայողական, առևտրային կամ բանկային տեղեկատվություն հրապարակած և (կամ) օգտագործած պայմանադիր կողմերի վրա։

Հայաստանի քրեական օրենսգրքում[6] ևս անդրադարձ է կատարվել առևտրային գաղտնիքի պաշտպանությանը։ Օրենսգրքի 199 հոդվածի (Առևտրային, ապահովագրական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկություն ապօրինի հավաքելը կամ հրապարակելը) առաջին մասը սահմանում է 1. Փաստաթղթեր հափշտակելու, առևտրային, ապահովագրական կամ բանկային գաղտնիք իմացող անձանց, նրանց մերձավորին կաշառելու կամ սպառնալիքի, կապի միջոցներ որսալու, համակարգչային կամ ծրագրային համակարգ կամ ցանց ապօրինի թափանցելու, հատուկ տեխնիկական միջոցներ օգտագործելու ճանապարհով, ինչպես նաև այլ ապօրինի եղանակներով հրապարակելու կամ օգտագործելու նպատակով առևտրային, ապահովագրական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ հավաքելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։

Առևտրային գաղտնիքի պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերություններն առաջին հերթին պետք է պատշաճ գրանցման ընթացակարգեր մշակեն։ Բոլոր աշխատակիցները, նախևառաջ, պետք է պայմանագիր կնքեն չբացահայտման դրույթները չհրապարակելու հետ կապված, երբ նրանք համաձայնում են պահպանել տեղեկատվության գաղտնությունը։ Հաջորդ կետը, որը կարող է ընդգրկվել պայմանագրում, այն կետն է, որը արգելում է մրցակցությունը, ինչպես նաև արգելում է աշխատակիցներին աշխատել նույն պաշտոնում մրցակից ընկերությունում կամ բիզնես սկսել ձեռնարկության գաղտնի տեղեկատվությամբ։ Այդ համաձայնագրերը միշտ կապված են ժամանակի սահմանափակումներով և աշխարհագրական սահմաններով։ Դա է պատճառը, որ ընկերությունները պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն պաշտպանելու առևտրային գաղտնիքները։

Գործատուները պետք է միշտապես հսկեն աշխատակիցների էլեկտրոնային փոստերը և աշխատանքը, որը նրանք կատարել են ընկերության սարքերով։ Բացի այդ, պետք է գոյություն ունենա քաղաքականություն, որը աշխատակիցներին պարտավորեցնում է կատարել բոլոր պարտականությունները ընկերության սարքերում, այլ ոչ թե անձնական սարքերում։ Այնուամենայնիվ, այս ամբողջ մշտադիտարկումը պետք է իրականացվի սահմանափակումներով, աշխատակիցների գաղտնիությունը պետք է պահպանվի, հակառակ դեպքում դա կարող է սպառնալիք լինել աշխատակիցների հավատարմության համար։ Երկրորդ՝ պետք է վերջնական հարցազրույցներ անցկացնել աշխատանքից ազատված բոլոր աշխատակիցների հետ՝ հիշեցնելով նրանց աշխատանքային գործունեության ավարտից հետո առևտրային գաղտնիքի չհրապարակման վերաբերյալ ստանձնած պարտավորությունների մասին։ Աշխատողին տրամադրված ամբողջ գույքը և գաղտնի տեղեկատվության կրիչները պետք է վերադարձվեն[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սահմանում ՌԴ «Առևտրային գաղտնիքի մասին» օրենքից
  2. «Agreement on Trade-Related Aspects of Intellectual Property Rights, Section 7: Protection of Undisclosed Information». World Trade Organization. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  3. Анатолий Брединский. «Правовой режим и защита коммерческой тайны в странах Европы и Азии» http://www.sec4all.net/statea280.html Արխիվացված 2011-10-02 Wayback Machine
  4. Защита коммерческой тайны в России: нормативно-правовые аспекты
  5. ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք
  6. ՀՀ Քրեական օրենսգիրք
  7. «Trade Secrets and Employee Loyalty» (անգլերեն). www.wipo.int. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 538