Ալկոն կապտաթիթեռ
Ալկոն կապտաթիթեռ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Maculinea alcon
|
Ալկոն կապտաթիթեռ (լատին․՝ Maculinea alcon), կապտաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ խոշոր չափի թիթեռ է, որի արուի առջևի թևի երկարությունը 15-19 մմ է, իսկ էգինը՝ 13-18 մմ։ Արուն վերևից փայլատ մանուշակագույն է՝ արտաքին եզրի մգացումով, լայն արտահայտված դիսկալ և հետդիսկալ պտերի շարքով։ Թույլ արտահայտված դիսկալ պուտով էգը վերևից միատարր մուգ շագանակագույն է։ Դիսկալ և հետ դիսկալ սև պտերից կազմված լավ արտահայտված նախշով թևերի ստորին մակերեսը միատարր մուգ մոխրագույն է[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Եվրոպայում, Կենտրոնական Սիբիրում, Փոքր Ասիայում և Հարավային Կովկասում։ Հայաստանում հայտնի է Շիրակի (Ջաջուռի լեռնանցք), Տավուշի (Դիլիջան և Իջևան քաղաքների շրջակայք, Աճարկուտ գյուղ), Սյունիքի (Քաջարան քաղաքի շրջակայք, գյուղ Շվանիձոր) մարզերից, Արագած լեռն հարավային լանջերից և «Խոսրովի անտառ» պետական արգելոցից[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում են ծովի մակարդակից 1400-2300 մ բարձրությունների վրա, չոր մարգագետիններում, բացատներում, քարքարոտ տափաստաններում։
Տալիս են մեկ սերունդ՝ հուլիսի կեսից մինչև օգոստոսի կեսը։ Էգը ձվադրում է Gentiana cruciata բույսի ծաղկաբույլերում։ Երկրորդ, երրորդ հասակի թրթուրները մրջյունների միջոցով տեղափոխվում են մրջնանոց, որտեղ էլ ձմեռում են։ Ուտելով մրջյունների թրթուրներին և հարսնյակներին՝ ձմեռումից հետո ավարտում են սնվելը։ Հարսնյակավորվում են մրջնանոցում[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Թվաքանակը բարձր չէ, իսկ թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։
Վտանգման հիմնական գործոննեն են հողերի հերկումը, կետաբույսի ծաղկման շրջանում խոտհունձը, ինքնաթիռներով թունաքիմիկատներով անտառային տարածքների մշակումը։
Պահպանվում է «Սևան» ազգային պարկում և «Խոսրովի անտառ» պետական արգելոցում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.