Ալի Աքբար Վելայաթի
Ալի Աքբար Վելայաթի պարս.՝ علیاکبر ولایتی | |
---|---|
Ծնվել է | հունիսի 24, 1945 (79 տարեկան) |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Կրթություն | Թեհրանի համալսարան և Ջոնս Հոփքինսի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Շահիդ Բեհեշտիի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Իրանի Արտաքին գործերի նախարար և Իսլամական սահմանադրական խորհրդի անդամ |
Կուսակցություն | Islamic Coalition Party? |
Կայք | pressmin.com |
Ստորագրություն | |
Ali Akbar Velayati Վիքիպահեստում |
Ալի Աքբար Վելայաթի (պարս.՝ علیاکبر ولایتی, հունիսի 24, 1945, Թեհրան, Իրան), իրանցի բժիշկ և քաղաքական գործիչ։ Իրանի ԱԳ նախարար նախագահներ Ալի Խամենեիի և Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանիի օրոք, Իրանի գերագույն առաջնորդի միջազգային գործերով խորհրդական, Իրանի նախագահի կրկնակի թեկնածու։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալի Աքբար Վելայաթին ծնվել է 1945 թվականին Ռոստամաբադում՝ Շեմիրանը կազմող գյուղերից մեկում։ Թեհրանի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1964 թվականին ընդունվել է Թեհրանի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Մանկաբուժության գծով վերապատրաստվել է Թեհրանի համալսարանի մանկական բժշկական կենտրոնում, ապա՝ ինֆեկցիոն հիվանդությունների ոլորտում՝ Ջոնս Հոփկինսի համալսարանում (ԱՄՆ)։ 1961 թվականից եղել է Երկրորդ ազգային ճակատի անդամ, այն ժամանակ ընդդիմադիր կազմակերպություն, և մի քանի անգամ հարցաքննվել է Իրանի անվտանգության ծառայության ՍԱՎԱԿ-ի կողմից (իր իսկ խոսքերով՝ նրան խոշտանգել են[1])։ 1963 թվականին նա դարձել է իմամ Ռուհոլլահ Խոմեյնիի հետևորդը, բաժանվել Ժողովրդական ճակատից և դարձել Իսլամական բժիշկների ասոցիացիայի ակտիվիստ[2]։
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Վելայաթին նշանակվել է առողջապահության փոխնախարար, ապա դարձել Իսլամական խորհրդատվական խորհրդի անդամ։ 1981 թվականին նա ստանձնել է նախագահ Ալի Խամենեիի կաբինետի արտաքին գործերի նախարարի պաշտոնը և այդ պաշտոնում մնացել է մինչև 1997 թվականը, նաև Խամենեին փոխարինած Հաշեմի Ռաֆսանջանիի օրոք։ Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Վելայաթին 1988-1990 թվականներին ղեկավարել է Իրաքի հետ խաղաղ բանակցությունները։ Գերմանական դատական համակարգը նրա անունը (ինչպես նաև մի շարք այլ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների) կապել է 1992 թվականին Բեռլինում քուրդ առաջնորդների սպանության հետ, սակայն Իրանի պաշտոնյաները երբեք չեն ընդունել այդ կապը կապը։ 2006 թվականին Արգենտինան նաև ձերբակալության օրդեր արձակել Վելայաթիի, նախկին նախագահ Ռաֆսանջանիի և Իրանի մի քանի այլ առաջնորդների նկատմամբ՝ 1994 թվականին Բուենոս Այրեսում հրեական մշակութային կենտրոնի պայթեցմանը մասնակցելու մեղադրանքով; Հաջորդ տարի Ինտերպոլը հաստատել է, որ Իրանի առաջնորդները գտնվում էին միջազգային հետախուզման մեջ[3]։
Արտաքին գործերի նախարարությունում աշխատանքն ավարտելուց հետո Վելայաթին դարձել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական միջազգային հարցերով։ Այն ժամանակվա իր հրապարակային ելույթներում նա արմատական իսլամիստական և հակաարևմտյան դիրքորոշում է որդեգրել, որը բնութագրվում էր ԱՄՆ-ի և Իսրայելի հասցեին կոշտ հայտարարություններով (մասնավորապես, 2002 թվականին Վելայաթին ԱՄՆ նախագահ Ջ. Ու. Բուշին համեմատել է Հիտլերի հետ)։ 2005 թվականին Վելայաթին մասնակցել է նախագահական ընտրություններին որպես անկուսակցական թեկնածու, սակայն հետագայում հրաժարվել է պայքարից՝ հայտարարելով, որ սատարում է այաթոլլա Հաշեմիի թեկնածությանը։ Հաջորդ տարի նա դարձավ Միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի անդամ։ Վելայաթին նոր փորձ կատարեց նախագահ ընտրվելու 2013 թվականի ընտրություններում՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, քննադատելով Մահմուդ Ահմադինեժադի կառավարության արտաքին քաղաքականությունը։ Նա նախագահական մրցավազքն ավարտել է հինգերորդ տեղում։ Ընտրություններից կարճ ժամանակ անց Վելայաթին այաթոլլա Ռաֆսանջանիի կողմից նշանակվել է Նպատակահարմարության խորհրդի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահի պաշտոնում՝ փոխարինելով Հասան Ռոհանիին, որը դարձել է երկրի նախագահ[4]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալի Աքբար Վելայաթին հայտնի է ոչ միայն որպես քաղաքական գործիչ, այլ նաև որպես գրող։ Հրատարակել է 35 գիրք (դրանցից մի քանիսը` «Իսլամական մշակույթը և քաղաքակրթությունը», «Իմամ Մահդի. Մարդկության փրկիչը», «Իմաստուն Օմար Խայամը» թարգմանվել են ռուսերեն)։ Վելայաթին զբաղեցնում է Իրանի Իսլամական Հանրապետության գրողների միության նախագահի պաշտոնը[5].։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Profiles: Iran's presidential candidates». Al Jazeera. 2013 թ․ հունիսի 11. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Ali Akbar Velayati». Iranian Diplomacy. 2013 թ․ հունվարի 23. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Argentina bomb warrants approved». BBC. 2007 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Velayati takes over at Expediency Council Strategic Research Center». Tehran Times. 2013 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Али Акбар Велаяти». Ozon.ru. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ali Akbar Velayati». Iranian Diplomacy. 2013 թ․ հունվարի 23. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի Աքբար Վելայաթի» հոդվածին։ |
|