Ազգագրական շրջան
Ազգագրական շրջան (մարզ), աշխարհագրական վայր, ուր պատմականորեն համատեղ բնակվող առանձին ժողովուրդների կամ նույն ժողովրդի տարբեր ազգագրական խմբերի տևական և փոխադարձ շփման հետևանքով առաջանում են որոշակի տնտեսա-մշակութային ընդհանրություններ։
Պատմա–ազգագրական շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգագրական շրջանը պատմական կատեգորիա է, ուստի սովորաբար կոչվում է պատմա-ազգագրական շրջան կամ մարզ։ Օրինակ, Կովկասը համարվում է պատմա-ազգագրական առանձին շրջան, որի մեջ մտնում են տարբեր լեզվաընտանիքների (իբերո-կովկասյան, հնդեվրոպական, ալթայան և այլն) պատկանող և անցյալում հասարակական զարգացման տարբեր մակարդակ ունեցող մոտ 40 մեծ ու փոքր ժողովուրդներ, որոնք, սակայն, ունեն պատմականորեն կազմավորված տնտեսության, մշակույթի, կենցաղի ու սովորույթների ընդհանրություններ։
Կովկասն ունի նաև միմյանցից զանազանվող երկու ենթամարզ՝
- Հյուսիս–Կովկասյան (ներառյալ Դաղստանը)
- Անդրկովկասյան։
Հյուսիս–Կովկասյան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիս–Կովկասյանը բաժանվում է երկու (բուն Հյուսիս–Կովկասյան և Դաղստանյան), մյուսը՝ երեք (Հայկական, Վրացական և Ադրբեջանական) ազգագրական շրջանի։
Դրանք էլ բաժանվում են ենթաշրջանների։ Հայկական բարձրավանդակի ազգագրական շրջանը ամփոփում է 8 ենթաշրջան՝
Կազմավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ ենթաշրջանները կազմավորվել են հիմնականում գլխավոր բնաերկրագործական գոտիների շուրջը՝ հնագույն տոհմա-ցեղային խմբավորումների հիման վրա։ Հայկական բարձրավանդակի ենթաշրջանների մեջ անցյալում, հայերի հետ մեկտեղ, մտել են նաև քրդեր, հույներ, ասորիներ, վրացիներ, թուրքեր, պարսիկներ և ուրիշներ, որոնք ընդհանուր առմամբ կրել են տվյալ ենթաշրջանի պատմա-մշակութային ազդեցությունը՝ որպես տևական համատեղ բնակության արգասիք (տնտեսական զբաղմունքների, նյութական, մասամբ նաև հոգևոր մշակույթի համանուն տարրերի առկայությունը, մայրենի լեզվից բացի, համատեղ բնակվող մեկ կամ ավելի ժողովուրդների լեզվին տիրապետելը և այլն)։ Ինչպես տվյալ ենթաշրջանի հայերը, այնպես էլ այլազգիները միաժամանակ ունեցել են իրենց ուրույն մշակութային ու կենցաղային առանձնահատկությունների ամբողջությունը և մայրենի լեզվի բարբառը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 103)։ |