Baselworld

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Baselworld» ցուցահանդեսի գլխավոր մասնաշենքը՝ Բազելի տոնավաճառի «Մեծ ժամացույց» խորհրդանիշով (2005 թվական)։

Baselworld, Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացվող ժամացույցների և ոսկերչական զարդերի միջազգային ամենամյա ամենամեծ ցուցահանդես։ Գործադիր տնօրեն՝ Միշել Լորիս-Մելիքով։ Մասնակիցների թվում են շուկայի խոշորագույն խաղացողները, ինչպիսիք են Rolex-ը, Patek Philippe-ը, Chopard-ը, Tag Heuer-ը, Hublot-ը, Breitling-ը և այլն։ Baselworld-ը հանդիսանում է մասնագիտացված գլխավոր հարթակ, որտեղ ժամացույցների և ոսկերչական իրերի առաջատար ապրանքանիշերը կարող են ցուցադրել իրենց ամենամյա նորարարությունները և ցույց տալ նորույթներն ինչպես մամուլին, գործընկերներին, այնպես էլ ցուցահանդեսի սովորական այցելուներին[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազելի ցուցահանդեսային կենտրոնի շենքը, որը նախագծվել է Herzog & de Meuron ընկերության կողմից
Բազելի արտաքին տեսքը
  • 1917 թվական` անցկացվել է Շվեյցարիայի արդյունաբերական ցուցահանդեսը, որը ներառել է ժամացույցների բաժին։
  • 1931 թվական` ցուցահանդեսը վերածվել է ժամացույցի պրոֆեսիոնալ տոնավաճառի։
  • 1973 թվական` կատարվել է ոսկերիչների և ժամագործների միավորում մեկ ցուցադրության շրջանակներում։
  • 1986 թվական` առաջին անգամ ցուցահանդեսին մասնակցել են ժամագործներ Եվրոպայից դուրս։
  • 1999 թվական` կատարվել է ցուցահանդեսային տաղավարների տարածքի զգալի ընդլայնում (ավարտվել է առաջին սրահի շինարարությունը)։
  • 2003 թվական` ցուցահանդեսը ստացել է նոր անվանում՝ «BaselWorld»:
  • 2004 թվական` ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցել են Ռուսաստանի ժամացույցների գործարանները, որոնք ներկայացրել են ռուսական հայտնի «Полёт», «Чайка», «Восток» ապրանքանիշերը, ինչպես նաև ժամացույցների բիզնեսի նորեկները՝ NO.Y, «Золотое время», «Volmax»[3]:
  • 2009 թվական` ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցել է ռուս անկախ ժամագործ Կոնստանտին Չայկինը։ 2018 թվականին Կոնստանտինը դարձել է առաջին ռուսը, ում աշխատանքը նոմինացվել է ժնևյան «Ոսկե նետ» ժամացույցի հեղինակավոր մրցանակաբաշխությունում[4]։
  • 2018 թվական` ցուցահանդեսի մասնակիցների թիվը նվազել է՝ հասնելով 650-ի։
  • 2019 թվական՝ ցուցահանդեսն անցկացվել է առանց Swatch Group ժամացույցների շվեյցարական խոշորագույն կոնցեռնի մասնակցության, որը միավորում է ժամացույցների 18 հայտնի ապրանքանիշեր։ Բացի այդ՝ 2020 թվականից նախատեսվել է փոխել Բազելում ցուցահանդեսի անցկացման ավանդական ժամկետները։

Baselworld-ի ղեկավարությունն օգտվել է COVID-19 համաճարակի պատճառով աշխատանքի հարկադիր դադարից` վերանայելու համար ֆիզիկական ներկայության գաղափարը և վերակողմնորոշելու աշխատանքն առցանց։ Նոր հայեցակարգն ուղղված է, առաջին հերթին, B2B հարթակի տրամադրմանը միջին լյուքս դասի հատվածում։ Baselworld 2.0 ցուցահանդեսը կդառնա հարթակ, որտեղ միջին և բարձր դասի ժամացույցներով, ոսկերչական և թանկարժեք զարդերով զբաղվող ընկերությունները կկարողանան ներկայացնել իրենց արտադրանքը։

Baselworld-ի նոր թվային հարթակը համալրվելու է իրադարձություններով ժամացույցների և ոսկերչական արդյունաբերության ներկայացուցիչների համար ըստ պահանջի` տարին 356 օր ամբողջ աշխարհում[5][6]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային ցուցահանդեսը համախմբում է շուրջ 2100 մասնակիցների[7] ավելի քան 45 երկրներից, ներառյալ ժամացույցների և ոսկերչական առաջատար ապրանքանիշերը, ինչպես նաև թանկարժեք քարերի ոլորտում մասնագիտացած ընկերությունները։ Մասնակիցները, որպես կանոն, ցուցադրում են իրենց ոլորտի նորագույն արտադրանքները ոլորտի մասնագետների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, կոլեկցիոներների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ոլորտի վերջին նորամուծություններով։

Ցուցահանդեսի այցելուները ծանոթանում են բացառիկ տեսականուն։ Ցուցահանդեսային տարածքը ընդգրկում է ավելի քան 160,000 մ² և գտնվում է տարբեր սրահներում, որոնք տեղակայված են մի քանի հարկերում։ Տրամադրված ապրանքները բաժանված են մասնագիտացված հատվածների և տեղավորված են վեց ցուցասրահներում՝ «Տիեզերքի սրահ», «Տարրերի սրահ», «Տեսիլների սրահ» և այլն։

Ժամացույցների և ոսկերչական ընկերությունները, ինչպես նաև ցուցահանդեսի թեմային առնչվող այլ ապրանքանիշեր ներկայացնում են իրենց արտադրանքը սեփական ստենդներում։ Baselworld-ը ներառում է նաև ազգային տաղավարներ։

Baselworld-ն ավանդաբար տեղի է ունենում գարնանը։ 2012 թվականին Baselworld ցուցահանդեսը ներգրավել է ավելի քան 105,000 այցելու աշխարհի 100 երկրներից[8]։

Ցուցահանդեսին, որն անցկացվել է 2014 թվականի մարտի 27-ից ապրիլի 3-ը, այցելել է 150 հազար մարդ, որից 3 հազարը՝ լրագրող[9]։

2019 թվականից ցուցահանդեսն անցկացվում է առանց շուկայի խոշոր խաղացողի՝ Swatch Group-ի մասնակցության, որը ներառում է ժամացույցների 18 ապրանքանիշ։ Swatch Group-ի ղեկավար Նիկ Հայեկը 2018 թվականի կեսերին որոշել էր լքել ցուցահանդեսը Baselworld ցուցահանդեսի կազմակերպիչների հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «About» (անգլերեն). www.baselworld.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ. մարտի 24-ին. Վերցված է 2019 թ. ապրիլի 16-ին.
  2. «Выставка часов Базель Ворлд (Baselworld)» (անգլերեն). swiss-rus.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ. ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ. ապրիլի 16-ին.
  3. Юрий Львов (2004 թ. դեկտեմբերի 03). «Бой часов». Forbes (ռուսերեն). forbes.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ. հունվարի 11-ին. Վերցված է 2013 թ. հունվարի 05-ին.
  4. Ведомости (2018 թ․ նոյեմբերի 10). «Российский мастер впервые получил награду Женевского часового Гран-при». www.vedomosti.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ. ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ. ապրիլի 16-ին.
  5. Baselworld 2021 թ. հունիս
  6. «BREAKING NEWS: Baselworld: "I'll be back!" – mit einem B2B-Fokus». 2021 թ. հունիսի 23.
  7. Оксана Бугрименко (2011 թ. հուլիսի 03). «Новое базельское время». Forbes (ռուսերեն). forbes.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ. հունվարի 11-ին. Վերցված է 2013 թ. հունվարի 05-ին.
  8. Екатерина Истомина, Алексей Тарханов (2012 թ. ապրիլի 19). «Дело времени». Коммерсантъ (ռուսերեն). kommersant.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ. հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ. հունվարի 05-ին.
  9. Оксана Бугрименко (2014 թ. ապրիլի 02). «Сверить часы: новинки часовой выставки Baselworld-2014». Forbes (ռուսերեն). forbes.ru. Վերցված է 2014 թ. ապրիլի 05-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. Ведомости (2018 թ. հուլիսի 30). «Часовую и ювелирную выставку в Базеле покидает один из главных участников – Swatch Group». www.vedomosti.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ. ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ. ապրիլի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Baselworld» հոդվածին։