Միջնադարի հայկական քանդակագործություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջնադարյան Հայաստանի քանդակագործությունը սերտորեն կապված էր ճարտարապետության հետ։ Այն հիմնականում հայտնի է ճարտարապետական հուշարձանների պատկերաքանդակներով, կոթողներով, հուշասյուներով, թևավոր խաչերով, խաչքարերով։ Վաղ միջնադարյան քանդակագործությանը բնորոշ էր հարթապատկերային և գծագրաֆիկական ոճը, որը սերում էր նախաքրիստոնեական մշակույթից։ 4-րդ դարի սկզբին տեղական քանդակագործական ավանդույթները ներհյուսվել են Հայաստանի վաղ քրիստոնեական քանդակարվեստին, առնչվել շրջակա երկրների քանդակային մշակույթին, որն էլ նպաստել է 4-5-րդ դարերի մի քանի տեղական ինքնատիպ դպրոցների կազմավորմանը։ Կոթողներին ու հուշարձաններին քանդակվել են Հին և Նոր կտակարաններից սյուժեներ, սրբեր, Քրիստոսի, Աստվածամոր, Գրիգոր Լուսավորչի, Տրդատ թագավորի ու նրա քրոջ՝ Խոսրովիդուխտի, նաև խորհրդանշական (Գառնահովիտի գարնան զարթոնքն ավետող հուշակոթողը) և այլ պատկերներ։

Քանդակագործությունը քրիստոնեական շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

4-րդ դարի սկզբին երևան են եկել Գողգոթայի խաչի նման 2 մետրանոց թևավոր խաչ-կոթողները, որոնց հիման վրա հետագայում ստեղծվել են խաչքարերը (հատկանշական էին միայն միջնադարյան Հայաստանին, 9-18-րդ դարեր)։ Այդ հուշաքարային կոթողները քրիստոնեական Հայաստանում ձեռք են բերել նոր բովանդակություն, դարձել քանդակագործական արվեստի ճյուղ՝ խորապես արմատավորվելով ազգային մշակույթում։ Խաչքարերին հատուկ են ուղղաձիգ սալի տարած, ծավալաձևը, կենտրոնական խաչի (սովորաբար շրջանակված կողային զարդաշերտերով) տակ քանդակված վարդյակը կամ դեկորատիվ զարդը, ծավալի վերին մասում՝ ելուստավոր ավարտը։

Վաղ շրջանի քանդակագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջանի խաչքարերը ձվաձև կամ պայտաձև էին, իսկ հետագայում՝ 11 - 18-րդ դարերում գերազանցապես ուղղանկյուն ուղղաձիգ։ Տարբեր նպատակներով (ննջեցյալի հիշատակին, հաղթանակի նշանավորման, տաճարի հիմնարկեքի) դրվող պատվանդանավոր խաչքարերից բացի՝ նման խաչավոր հորինվածքներ են ստեղծվել 9-18-րդ դարերի ճարտարապետական հուշարձանների որմերին։

Ուշ շրջանի քանդակագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշ շրջանի խաչքարերին հատուկ են ժանրային տեսարանները և կտիտորային պատկերները, սովորաբար քանդակված են հիմնականում առանցքից շեղվող տեղում։ Խաչքարերը զարդաքանդակի հիանալի նմուշներ են՝ կատարված փորագրման նուրբ եղանակով։ Հիշարժան են Գոշավանքի (13-րդ դար, վարպետ՝ Պողոս), Հաղպատի (13-րդ դար), Հաղարծնի (13-րդ դար) և Նորավանքի (13-14-րդ դդ., քանդակագործ՝ Մոմիկ) խաչքարերը։

Միջնադարյան շրջանի քանդակագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան Հայաստանի ճարտարապետության արտահայտչականության բաղադրիչներից են զարդաքանդակային (բուսական, կենդանական, երկրչափական) հարդարանքը, կերպարային (այդ թվում՝ կտիտորային) և թեմատիկ քանդակները։ Հայկական եկեղեցիները զարդարվել են ձևերով ու մոտիվներով հարուստ սյուժետային կամ զարդապատկերային բարձրաքանդակներով։ Զարգացող ավատատիրական հասարակության կյանքի տարբեր հատկանիշներն ու կրոնական թեման արտացոլվել են սյուժետային բարձրաքանդակում, իսկ բուսական զարդապատկերներում՝ բնության պտղաբերությունն ու հավերժ վերածնվող կյանքը։ Հայկական պաշտամունքային կառույցներում դիմաքանդակի արվեստը հիմնականում արտահայտվել է կտիտորային հորինվածքներում։

Հայաստանի գեղարվեստական մշակույթի զարգացման նոր առաջընթացը կապված է Անիի ճարտարապետական և քանդակագործական դպրոցի հետ, որը հիմնականում հակված էր արվեստների համադրությանը։ Եթե Կարսի և Օղուզի տաճարների պատկերաքանդակները որոշ հնավանդություն ունեն, ապա պեղումներով հայտնաբերված Գագիկ Բագրատունու բոլորաքանդակը (տեղն անհայտ է) կանխանշել է Հայաստանում զարգացած միջնադարի նյութական մշակույթի «գեղանկարչական ոճի» ձևավորում։

Անիի դպրոցի անքակտելի մասն էր նրա հուշարձանների զարդարվածությունը, որի ավանդույթները կիրառվել են Զաքարյանների հիմնադրած Հառիճի տաճարի (1201 թ.) քանդակագործության մեջ։ Միջնադարյան քանդակագործության գրեթե բոլոր տեսակները հիանալի արտահայտված են Աղթամարի Սուրբ Խաչ (10-րդ դար), Նորավանքի Բուրթելաշեն (14-րդ դար) եկեղեցիների, ինչպես նաև Սմբատ իշխանաց իշխանի զավթի (14-րդ դար, ճարտարապ և քանդակագործ՝ Մոմիկ) պատկերաքանդակներում։

Միջնադարյան Հայաստանի տարբեր շրջաններում (Այրարատ, Տաշիր, Սյունիք, Շիրակ, Վասպուրական) ձևավորված տեղական քանդակագործական դպրոցների նշանավոր վարպետների բարձրարվեստ գործերն առանձնանում են արտահայտչամիջոցների, թեմաների ու ոճերի բազմազանությամբ, կատարման տեխնիկայով, արվեստների համադրման մոտեցումներով, հորինվածքային լուծումների յուրահատկություններով, Արևելքի ու Արևմուտքի արվեսետների նկատելի փոխազդեցությամբ։

Ուշ միջնադարի քանդակագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշ միջնադարի՝ նոր ժամանակների սահմանագծի քանդակարվեստն աչքի է ընկել համակարգային ընդհանրությամբ, տեղային տարբերությունների համահարթեցման միտումով։ Ստեղծվել են հուշարձաններ՝ ուշագրավ ճակատազարդերով (Թադեի և Ստեփանոս Նախավկա վանքերի 17-րդ դարի քանդակները)։ Համակառույցներին կից կանգնեցվել են հուշարձաններ, որոնք 9 -14-րդ դարերի կառույցների համեմատությամբ ունեին դեկորատիվ այլ լուծումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։