Ֆրանսերենը Կամբոջայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամներն Ասիայի արևելքում ու հարավ-արևելքում

Կամբոջան Հարավարևելյան Ասիայում համարվում է ֆրանսախոս երկրորդ երկիրը Վիետնամից հետո, բայց միաժամանակ այն նույն տարածաշրջանում առանձնանում է ֆրանսախոսների թվի ամենամեծ կրճատմամբ, որը բացատրվում է քաղաքական դրդապատճառներով[1]։ 2014 թվականին Կամբոջայում գրանցվել է 423.000 մարդ, որ ֆրանսերենը կրում է որպես օտար լեզու. դա կազմում է բնակչության 3 %-ը։ 2008 թվականի տվյալներով միայն 873 մարդ է երկրում ֆրանսերենը կրում որպես մայրենի լեզու[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսերենը Կամբոջա է ներթափանցել 19-րդ դարի սկզբին այն բանից հետո, երբ այն դարձել է Ֆրանսիայի պրոտեկտորատը և 1887 թվականին ընդգրկվել Ֆրանսիական Հնդկաչինի մեջ։ Ֆրանսերենի ներթափանցումը Կամբոջայում աննկատ է անցել մինչև 1890-ական թվականների սկիզբը, երբ ֆրանսիական իշխանությունները սկսել են երկրում ֆրանսերենի ուսուցում կազմակերպել, սակայն դա սահմանափակվում էր միայն էլիտար ուսումնական հաստատություններով։ Վիետնամում հեղափոխական շարժման աճին զուգընթաց` ֆրանսիացիները դադարում են հովանավորել կրթությունը Կամբոջայում, ինչի պատճառով երկրում գրագիտության մակարդակը շարունակում էր ցածր մնալ, և այս իրադրությունը շարունակվում է մինչև Կամբոջայի օկուպացումը Ճապոնիայի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Պատերազմից հետո ֆրանսերեը դարձյալ դառնում է Կամբոջայի միակ պաշտոնական լեզուն։ 1853 թվականին երկրի անկախության հռչակումից հետո այն շարունակում էր լայնորեն դասավանդվել և կիրառվել պաշտոնական շրջանակներում։

1960-ական թվականների սկզբին ֆրանսերենի տարածումը Կամբոջայում սկսում է անկում ապրել, ընդ որում ավելի զգալի կերպով, քան Հարավային Վիետնամում և Լաոսում։ 1970-ական թվականների կեսերին, երբ Կամբոջայում հաստատվում է կոմունիստական շարժումը, սպանվում են հազարավոր կրթված կամբոջացիներ, որոնց մեծ մասը տիրապետում էր ֆրանսերենին։ Կարմիր կխմերների կառավարման վերջում` 1979 թվականին, Կամբոջայում գրեթե լիովին ոչնչացված էին ֆրանկոֆոնները[3]։ Կարմիր կխմերների ռեժիմի տապալումից և Կամպուչիայի Ժողովրդական Հանրապետության ստեղծումից հետո 1979 թվականին ֆրանսերենի որոշակի վերածնունդ է նկատվում, որը տևում է մինչև 1993 թվականը, երբ Կամբոջայի կառավարությունը երկրում կրթության ու պաշտոնական միակ լեզու է հռչակում կխմերերենը։ 1990-ական թվականների վերջերից Կամբոջայում օտար լեզուների ուսուցման ոլորտում առաջնություն է տրվում անգլերենին` որպես միջազգային հաղորդակցության ավելի պահանջված լեզվի։ Նույն ժամանակ 1997 թվականին Պնոմպենում բացվում է ֆրանսերենի կենտրոն, և կամբոջացի տասնյակ ուսանողներ ամեն տարի ուսման են մեկնում Ֆրանսիա[1]։ Կամբոջայի ֆրանկոֆոնների միությունը աճ է գրանցում այն փախստականների հաշվին, որոնք վերադառնում են Ֆրանսիայից ու Քվեբեկից, ինչպես նաև ֆրանսախոս երկրներում ուսանած ուսանողների հաշվին։

Կամբոջական ֆրանսերենի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամբոջական ֆրանսերենի բառապաշարը ձևավորվել է կխմերերենի, չինարենի կանտոնական բարբառի և Չաոշանի խոսվածքի ազդեցությամբ։ Կամբոջական ֆրանսերենը հիմնվում է ֆրանսերենի փարիզյան բարբառի վրա, սակայն նրանից տարբերվում է առավել զգալիորեն, քան ֆրանսերենի վիետնամական ու լաոսական խոսվածքները։

Ֆրանսախոս ԶԼՄ-ները Կամբոջայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամբոջայում ֆրանսերենով լույս են տեսնում երկու թերթեր` «Cambodge Soir» և «Cambodge Nouveau», ինչպես նաև ֆրանսերեն հաղորդումներ են հեռարձակվում տեղի հեռուստաալիքներով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 La Francophonie in Asia, France-Diplomatie, 2005, Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 2-ին, Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 14-ին
  2. «Ethnic Groups of Cambodia Vol 1: Introduction and Overview». էջ 211.
  3. Patrick Heuveline (2001). «The Demographic Analysis of Mortality in Cambodia», in Forced Migration and Mortality, eds. Holly E. Reed and Charles B. Keely. Washington, D.C.: National Academy Press, ISBN 0-309-07334-0.