Ֆլորենս Օուենս Թոմփսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլորենս Օուենս Թոմփսոն
Florence Owens Thompson
Lange-MigrantMother02.jpg
Ծնվել է սեպտեմբերի 1, 1903({{padleft:1903|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:1|2|0}})
Ծննդավայր Indian Territory, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է սեպտեմբերի 16, 1983({{padleft:1983|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:16|2|0}}) (80 տարեկանում)
Մահվան վայր Scotts Valley, Սանտա Կրուս շրջան, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն ագարակապան
Ամուսին Քլեո Օուենս
Ջորջ Թոմփսոն
Ծնողներ Ջեկսոբ Քրիստի
Մերի Ջեյն Քոբ
Երեխաներ 10 երեխա
Florence Owens Thompson Վիքիպահեստում

Ֆլորենս Օուենս Թոմփսոն (ի ծնե անուն՝ Ֆլորենս Լեոնա Քրիստի, 1 սեպտեմբերի, 1903, Օկլահոմա16 սեպտեմբերի, 1983, Սքոտս Վելյու, Կալիֆոռնիա), ԱՄՆ քաղաքացի, որ հայտնի է դարձել Մեծ ճգնաժամի տարիներին՝ 1936 թվականին, լուսանկարիչ Դորոթեա Լանժի կողմից արված լուսանկարի շնորհիվ և դարձել է զանգվածային մշակույթում Մեծ ճգնաժամի խորհրդանիշներից մեկը: Լուսանկարում պատկերված է նստած կին, որ գլուխը հենել է ձեռքին և հայացքն ուղղել հեռուն: Նրա երեխաներից երկուսը գլուխները հենել են նրա ուսերին՝ թաքնվելով տեսախցիկից: Կինը ծնկներին պահել է երրորդ երեխային, որ գրեթե չի երևում լուսանկարում: Լուսանկարն առավել հայտնի է «Գաղթական մայրը» (անգլ.՝ Migrant Mother) խորագրով կամ թերթի այն հոդվածի վերնագրով, որում առաջին անգամ հրատարակվել է, այն է՝ «Նայեք նրա աչքերին»: Սակայն ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում լուսանկարն ունի հետևյալ նկարագրությունը. «Ոլոռ հավաքող կարիքավոր կինը Կալիֆոռնիայից: 32 տարեկան: Յոթ երեխաների մայր: Նիպոմո, Կալիֆոռնիա»[1]: Դա չի համապատասխանում իրականությանը. Ֆլորենս Օուենս Թոմփսոնն իրականում ուներ տասը երեխա, իսկ հենց ոլոռի հավաքմամբ նա չի զբաղվել:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորենս Լեոնա Քրիստին ծնվել է Օկլահոմա նահանգի այն մասում, որը 20-րդ դարի սկզբում դեռ եղել է Հնդկացիների տիրապետության տակ, և նրա նախնիների թվում եղել են նաև հնդկացիական չոկտո ցեղի ներկայացուցիչներ: Ֆլորենս Լեոնա Քրիստիի հայրը լքել է նրա մորը դստեր ծնունդից առաջ, և մայրը երկրորդ անգամ ամուսնացել է մի ֆերմերի հետ, և 1905 թվականի գարնանից նրանք միասին ապրել են Հնդկացիական տարածքում գտնվող ֆերմայում: 17 տարեկան հասակում Ֆլորենսն ամուսնացել է 23-ամյա ֆերմեր Քլեո Օուենսի հետ, և շուտով նրանք ունեցել են երկու դուստր ու մեկ որդի: Այնուհետև նրանց ընտանիքն Օուեսնի հարազատների հետ միասին տեղափոխվել է Արևմուտք՝ Կալիֆոռնիայի Օրովիլ քաղաք, որտեղ նրա ընտանիքի անդամներն աշխատել են փայտասղոցարաններում ու ֆերմաներում: Ֆլորենսը 1930-ական թվականների սկզբին Կալիֆոռնիայում ու Արիզոնայում աշխատել է հացահատիկի ու բամբակի դաշտերում: 1931 թվականին, երբ Ֆլորենսը հղի էր վեցերորդ երեխայով, նրա ամուսինը մահացել է տուբերկուլոզից: Ֆլորենսն ստիպված է եղել աշխատել դաշտերում ու ռեստորաններում, որպեսզի կերակրի իր վեց երեխաներին: 1933 թվականին նա ունեցել է ևս մեկ երեխա, ինչից հետո տեղափոխվել է Օկլահոմա՝ ծնողների մոտ, այնուհետև նրանց հետ մեկնել է Կալիֆոռնիայի հյուսիս՝ Շարֆեր: Այնտեղ նա հանդիպել է ոմն Ջիմ Հիլի, որից ունեցել է ևս երեք երեխա: Դաշտում աշխատելուց բացի Ֆլորենսը՝ որպես մատուցող և խոհարար, աշխատել է ռեստորաններում, ինչպես նաև հիվանդանոցում աշխատել է որպես սանիտար:

1936 թվականի մարտին, երբ Հարավային Կալիֆոռնիայի Իմպերիալ Վելյու դաշտերում ավարտվում է ճակնդեղի բերքահավաքը, Ֆլորենսն ընտանիքի հետ մեկնում է հյուսիս՝ հույս ունենալով նոր աշխատանք գտնել Պահարո Վելյուի հազարի դաշտերում[2]: Ճանապարհին նրանց մեքենան խափանվում է, և նրանք ստիպված են լինում կանգ առնել Նիպոմո քաղաքից ոչ հեռու գտնվող ճամբարում, որտեղ ժամանակավորապես բնակվում էին ոլոռ հավաքողները: Նրա ամուսինը՝ Ջիմ Հիլը, երկու որդինրի հետ մեքենայի փչացած ռադիատորը տանում է քաղաք, որպեսզի վերանորոգել տա, իսկ Ֆլորենսը որոշում է նրանց սպասել աշխատանքային միգրանտների ճամբարում: Այնտեղ էլ նրան նկատում է լուսանկարիչ Դորոթեա Լանժը, ով այդ ժամանակ աշխատում էր միգրացիոն ծառայությունում:

Լանժն նկարում է Ֆլորենսի ու նրա երեխաների վեց լուսանկար և իբր շփվում է նրանց հետ, սակայն վերջին հանգամանքի ստույգ լինելը հայտնի չէ. Լանժը, իբր ըստ Ֆլորենսի խոսքերի, ձայնագրել է, որ նա ստիպված է սնվել սառեցված բանջարեղենով ու թռչուններով, որ սպանել են իր երեխաները, իսկ իրենց ընտանիքի տղամարդիկ մեկնել են քաղաք, որպեսզի վաճառեն անվադողերն ու ուտելիք գնեն: Ֆլորենսն ու իր հարազատները հետագայում ժխտել են ինչպես այդ տվյալները, այնպես էլ զրույցի փաստը: Լուսանկարներից մեկը՝ հենց այն, որ հետագայում հայտնի է դարձել, շուտով տպագրվել է San Francisco News թերթում մի հոդվածի հետ, որում ասվում էր, որ հազարավոր աղքատ մարդիկ տառապում են սովից Նիպոմոյի մոտ գտնվող ճամբարում[3]: Հոդվածի հրատարկությունը դառնում է իսկական սենսացիա, և դրանից հետո նահանգի ղեկավարությունը ճամբար է ուղարկում 20 հազար ֆունտ պարենամթերք, սակայն Թոմփսոնն ու նրա ընտանիքն այդ ժամանակ այլևս այնտեղ չէին. նրանք մեկնել էր Ուոտսոնվիլ՝ աշխատանք փնտրելու:

1945 թվականին Ֆլորենսի ընտանիքը հաստատվել է Կալիֆոռնիայի Մոդեստո քաղաքում: Այստեղ նա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամուսնացել է հիվանդանոցի ադմինիստրատոր Ջորջ Թոմփսոնի հետ, ում շնորհիվ ձեռք է բերում ֆինանսական որոշակի ապահովվածություն[2]:

Ֆլորենս Օուենս Թոմփսոնի հետագա կյանքի մասին (մինչև հայտնի դառնալը, որ նա է հայտնի լուսանկարում պատկերված կինը) քիչ բան է հայտնի: 1970-ական թվականների վերջին նրա երեխաները համատեղ միջոցներով Մոդեստոյում տուն են գնել նրա համար, սակայն Ֆլորենսը նախընտրել է վերադառնալ շարժական թրեյլեր, որտեղ, ըստ որոշ տվյալների, շատ տարիներ էր անցկացրել մինչ այդ և որտեղ էլ ապրել է մինչև կյանքի վերջ: 1983 թվականի օգոստոսի վերջին Թոմփսոնը տեղափոխվել է հիվանդանոց, և նրա երեխաները դիմել են հասարակությանը՝ խնդրելով օգնել վճարելու բուժման ծածսերը: 1983 թվականի սեպտեմբերին ընտանիքը նվիրատվությունների շնորհիվ հավաքել է $35000: 1983 թվականի սեպտեմբերի 16-ին Ֆլորենս Օուենս Թոմփսոնը մահացել է «քաղցկեղից ու սրտի հետ կապված խնդիրների պատճառով»: Նա թաղվել է Կալիֆոռնիայի Հյուսոն քաղաքի Մեյքվուդ այգում՝ ամուսնու՝ Ջորջ Թոմփսոնի կողքին: Նրա շիրմաքարին գրված է. «Ֆլորենցիա Լեոնա Թոմփսոն: Գաղթական մայր: Ամերիկյան Մայրության Ոգու Ուժի Մարմնավորում» (անգլ.՝ FLORENCE LEONA THOMPSON Migrant Mother – A Legend of the Strength of American Motherhood.):

Ֆլորենս Օուենս Թոմփսոնի դուստրը՝ Քեթրին Մակինտոշը, լրագրողներին պատմել է, որ լուսանկարի հայտնի դառնալու պատճառով ընտանիքն ամաչել է, և նրանք բոլորը որոշել են, որ էլ երբեք աղքատ չեն լինի: Որդին՝ Տրոյ Օուենսը, խոստովանել է, որ իրենք փոխել են լուսանկարի նկատմամբ վերաբերմունքն այն բանից հետո, երբ ստացել ավելի քան 2000 նամակ, որոնցով մարդիկ գումար էին փոխանցել իրենց մոր բուժման ծախսերը հոգալու համար. «Մորս ու մեզ համար լուսանկարը միշտ եղել է անեծքի նման: Սակայն այն բանից հետո, երբ եկան այդ բոլոր նամակները, դրա փոխարեն, ես կարծում եմ, այն մեզ տվեց հպարտության զգացում»:

Լուսանկարի ճակատագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն բանին, որ լուսանկարն արվելուց հետո 40 տարվա ընթացքում ոչինչ հայտնի չի եղել Թոմփսոնի մասին, լուսանկարները և հատկապես թերթի հոդվածում տպագրվածը մեծ ճանաչում են ձեռք բերել: «Գաղթական մայրը» լուսանկարն ստացել է գրեթե միֆական կարգավիճակ, դարձել է ժամանակաշրջանի ինքնատիպ խորհրդանիշը[4]: Ռոյ Ստրայկերն ասել է, թե լուսանկարը լավագույնս արտացոլում է Մեծ ճգնաժամի դարաշրջանը, իսկ Էդվարդ Շտայհենն այն կոչել է «մարդկության ամենահիանալի փաստաթուղթը, որ երբևէ մարմնավորվել է պատկերի միջոցով»: Հետագայում Լանժը քննադատության է ենթարկվել ոչ ստույգ մեկնաբանությունների համար, որոնք նա իբրև թե գրել էր Թոմփսոնի ասածների հիման վրա: Թոմփսոնի անձը հաստատվել է միայն 1970-ական թվականների վերջին մի լրագրողի ջանքերի շնորհիվ[5]:

1978 թվականին Թոմփսոնը նամակ է ուղարկել Associated Press՝ բողոքելով, որ իր լուսանկարի համար չի ստացել ոչ մի ցենտ, ինչպես նաև բողոքել է Լանժից, ով խոստացել էր իրեն ուղարկել լուսանկարի պատճենը, բայց չի արել դա: Լանժն այդ ժամանակ եղել է պետական ծառայող, այդ պատճառով էլ նրա արած լուսանկարը դարձել է հանրային սեփականություն, իսկ ինքը դրա համար հոնորար չի ստացել, թեև դրա շնորհիվ ձեռք է բերել ճանաչում[6]:

«Գաղթական մայրը» լուսանկարը ցուցադրվել է 1941 թվականին[7]. դրանից առաջ արդեն հայտնի լուսանկարի նեգատիվը մշակվել է՝ նպատակ ունենալով ջնջել Ֆլորենսի բութ մատի հետքը, որ երևում էր լուսանկարի ներքևի աջ անկյունում[8]: 1960-ական թվականների վերջին Բիլ Հենդրին գտավ «Գաղթական մայրը» և Լանժի արած ևս 31 այլ նկարների բնօրինակները Սան Խոսեի առևտրաարդյունաբերական պալատի աղբամանում[9]: Հենդրիի ու նրա կնոջ մահից հետո նկարներն իրենց տանը գտել է նրանց դուստրը: 1998 թվականին ԱՄՆ փոստային գեատեսչությունը թողարկել է փոստային նամականիշ, որի վրա պատկերված էր լուսանկարի մշակված տարբերակը[10]:

Փոստային նամականիշի թողարկումից հետո՝ նույն ամսվա ընթացքում, լուսնակարի բնօրինակը, որի վրա կային Ֆլորենսի մատի հետքն ու Լանժի ստորագրությունը, Նյու Յորքի «Սոտբի» աճուրդում վաճառվել է 244500 դոլարով[11]: 2002 թվականի նոյեմբերին Դորոթեա Լանժին պատկանած օրինակը «Քրիստի» աճուրդում վաճառվել է 141500 դոլարով: 2005 թվականի հոկտեմբերին անանուն գնորդը «Սոտբի» աճուրդում 296000 դոլար է վճարել լուսանկարի՝ նոր գտնված 32 չմշակված օրինակների համար:


Florence Owens Thompson montage by Dorothea Lange.jpg


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Library of Congress Prints and Photographs Division. fsa1998021539/PP Accessed July 14, 2008.
  2. 2,0 2,1 Dunne Geoffrey (2002)։ «Photographic license»։ New Times։ Արխիվացված օրիգինալից-ից 2002-06-02-ին 
  3. Schoettler, Carl (November 12, 2002)։ «A true picture of hard times. Photo of poverty sells for a stack of riches»։ Daily Press (Virginia) 
  4. Maksel Rebecca։ «Migrant Madonna»։ Smithsonian (Smithsonian Institution) 
  5. King, Peter H. (October 18, 1998) The Fresno Bee One defiant family escapes poignant portrait of poverty. Section: Vision; Page F1.
  6. Lucas, Dean։ «Famous Pictures Magazine – Depression Mother»։ Վերցված է 2012-07-12 
  7. James C. Curtis. Dorothea Lange, Migrant Mother, and the Culture of the Great Depression. Winterthur Portfolio, Vol. 21, No. 1. (Spring, 1986), pp. 1-20. (JSTOR). Accessed 2007-05-26.
  8. «Photo Gallery - Faces of Feminism»։ Dorothea-Lange.org։ September 18, 2003։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-02-08-ին։ Վերցված է 2007-05-26 
  9. Neff, Cynthia. (October 20, 2005) The Tribune (San Luis Obispo) Face of hard times has a big payday. Dorothea Lange’s famous 'Migrant Mother' Depression photograph, taken in Nipomo, and others collect almost $300,000 at auction.
  10. Bennett, Lennie. (May 11, 2008) St. Petersburg Times A mother’s strength knows no bounds. Section: Latitudes; Page 2L.
  11. Yi, Matthew. (November 22, 1998) Tulsa World Girl in famous Depression-era photo piqued. Section: News; page A11.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]