Ֆլորա ՄաքԴոնալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլորա ՄաքԴոնալդ
Դիմանկար
Ծնվել է1722[1][2][3][…]
ԾննդավայրMilton
Մահացել էմարտի 4, 1790(1790-03-04)[1][4]
Մահվան վայրՍքայ, Հայլենդ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
ՔաղաքացիությունFlag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունազնվական
ԱմուսինAlan MacDonald, 7th of Kingsburgh?
Ծնողներհայր՝ Ranald Macdonald, 2nd of Milton?[5], մայր՝ Marion Macdonald?[5]
ԵրեխաներJohn Macdonald?[6] և Charles MacDonald, 8th of Kingsburgh?[5]
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Flora MacDonald Վիքիպահեստում

Ֆլորա ՄաքԴոնալդ (Gaelic: Fionnghal nic Dhòmhnaill, 1722[1][2][3][…], Milton - մարտի 4, 1790(1790-03-04)[1][4], Սքայ, Հայլենդ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), սլիթցի Մաքդոնալդների տոհմի անդամ, որը 1746 թվականի ապրիլին տեղի ունեցած Քըլոդընի ճակատամարտից հետո օգնել է գեղեցկադեմ արքայազն Չառլիին խուսափել կառավարական զորքերից։ Նրա ընտանիքն աջակցում էր կառավարությանը 1754 թվականի յակոբինյան ապստամբության ժամանակ, իսկ հետագայում Ֆլորան պնդում էր, որ Չառլզին օգնել է կարեկցանքից ելնելով։

Նրան ձերբակալել են ու բանտարկել Լոնդոնի Թաուերում, սակայն 1747 թվականի հունիսի ընդհանուր համաներմամբ ազատ է արձակվել։ Հետագայում ամուսնացել է Ալեն ՄաքԴոնալդի հետ ու 1773 թվականին արտագաղթել Հյուսիսային Կարոլինա։ Ամերիկյան անկախության պատերազմում բրիտանական կառավարությանն աջակցելու պատճառով նրանք կորցրել են իրենց ամերիկյան կալվածքներն ու վերադարձել Շոտլանդիա, որտեղ էլ 1790 թվականին Ֆլորան մահացել է։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրամուտ Հարավային Ուիստ կղզում, որտեղ 1722 թվականին ծնվել է Ֆլորան

Ֆլորան ծնվել է Արտաքին Հեբրիդներ կղզիախմբի Հարավային Ուիստ կղզու Միլթոն բնակավայրում և Ռենալդ ՄաքԴոնալդի (մահացել է 1723 թ․) ու նրա երկրորդ կնոջ՝ Մարիոնի երրորդ ու վերջին երեխան էր։ Նրա հայրը մանր ազնվականության ներկայացուցիչ էր, որը գույք էր վարձակալել Միլթոնում և Բեյլիվանիչ գյուղում, Ֆլորան ուներ երկու եղբայր՝ Անգուսը, որը հետագայում ժառանգել է Միլթոնը, և Ռոնալդը, որը երիտասարդ տարիքում է մահացել[7]։

Հայրը մահացել է դստեր ծնվելուց անմիջապես հետո, իսկ 1728 թվականին նրա մայրն ամուսնացել է արմադեյլցի Հաֆ ՄաքԴոնալդի հետ։ Ֆլորային դաստիարակել է իր հոր զարմիկ սլիթցի սըր Ալեքսանդր ՄաքԴոնալդը, և ենթադրությունները, թե Ֆլորան կրթություն է առել Էդինբուրգում, հաստատված չեն։ Մինչ ՄաքԴոնալդներից ոմանք դեռևս կաթոլիկ էին, մասնավորապես կղզիներում, նրա ընտանիքը հարում էր պրեսբիտերականների մեծամասնությանը[7]։

Արքայազն Չառլզ Էդուարդ Ստյուարտի փախուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքայի ու Ռազեյի կղզիները․ Փորթրին՝ ձախից կենտրոնում

Ֆլորան այցելությամբ գտնվում էր Արտաքին Հեբրիդներ կղզիախմբի Բենբեքյուլա կղզում, երբ արքայազն Չառլզը փոքրաթիվ աջակիցների հետ 1746 թվականի հունիսին Քըլոդընի ճակատամարտից հետո թաքնվում էր այնտեղ։ Արքայազնի ուղեկիցներից մեկը՝ Էնթրիմ կոմսությունից կապիտան Քոնն Օ՛Նեյլը, Ֆլորայի հեռավոր ազգականն էր ու նրանից օգնություն է խնդրել։

Սլիթցի ՄաքԴոնալդները ապստամբությանը չէին միացել, և Բենբեքյուլան վերահսկվում էր միլիցիայի կողմից, որը ղեկավարում էր Ֆլորայի խորթ հայրը՝ Հաֆ ՄաքԴոնալդը։ Այս կապը Ֆլորային հնարավորություն է տվել ձեռք բերել անհրաժեշտ թույտվությունը, բայց նա տատանվում էր, վախենալով բռնվելու դեպքում իր ընտանիքին բաժին ընկնելիք հետևանքներից։ Բայց իրականում նա ռիսկի չէր դիմում․ վկաները հետագայում պնդել են, որ Հաֆն ինքն է արքայազնին խորհուրդներ տվել՝ որտեղ թաքնվել[8]։

Ֆլորային թույլատրվել է անցնել մայր կղզի նավակի վեց հոգանոց անձնակազմով ու երկու անձնական սպասուհու հետ, որոնցից մեկը արքայազնն էր՝ ծպտված որպես իռլանդուհի սպասուհի Բեթթի Բյուրք։ Հունիսի 27-ին նրանք ափ են իջել Քիլբրայթ քաղաքի մոտ գտնվող սըր Ալեքսանդրի Մոնկստադթ բնակավայրում, որտեղ նրա բացակայությամբ իր կինը՝ լեդի Մարգարեթը, իր տնտեսվար քինսբուրգցի ՄաքԴոնալդի հետ նրանց ապաստան է տվել։ Հաջորդ օրը Չառլզին Փորթրիից տեղափոխել են Ռազեյի կղզի․ Ֆլորան մնացել է Սքայում, ու նրանք այլևս չեն հանդիպել[9]։

Փորթրի քաղաքի նավահանգիստը, որտեղ Ֆլորան ու Չառլզը հրաժեշտ են տվել միմյանց 1746 թվականի հունիսի 28-ին

Երկու շաբաթ անց նավաստիները կալանավորվել են ու խոստովանել։ Ֆլորային ու Քինսբուրգին ձերբակալել են ու տարել Լոնդոնի Թաուեր, սակայն Ֆլորային թույլատրվել է ապրել Թաուերից դուրս, արքայական վերակացուի հսկողության ներքո, իսկ 1747 թվականի հունիսի փոխհատուցման ակտից հետո նա ազատ է արձակվել[10]։ Ազնվազարմ համակիրները նրա համար հավաքել էին ավելի քան £1,500, ներդրում է ունեցել նաև Ուեյսի արքայազն գահաժառանգ Ֆրեդերիկը․ իբր Ֆլորան նրան ասած է եղել, թե Չառլզին օգնել է կարեկցությունից ելնելով և որ նույնը կաներ գահաժառանգի համար[11]։

1750 թվականի նոյեմբերի 6-ին, 28 տարեկանում Ֆլորան ամուսնացել է բրիտանական բանակի սպա ու Քինսբուրգի ավագ որդի Ալեն ՄաքԴոնալդի հետ[12]։ Սկզբից զույգն ապրում էր Ֆլոդիգարրիում ու 1772 թվականին Քինսբուրգի մահից հետո ժառանգել է ընտանեկան կալվածքը։ Գրող Սեմյուել Ջոնսոնը, որը Ֆլորային հանդիպել է 1773 թվականին Սքայում իր այցելության ժամանակ, նկարագրել է նրան որպես "մեղմ դիմագծերով, նուրբ վարվելակերպով, բարի հոգով ու նրբագեղ կեցվածքով" կնոջ։ Նա նաև Քիլմուրում Ֆլորայի հուշարձանի վրա մակագրության հեղինակն է․ "անուն, որը հիշվելու է պատմության մեջ, ու եթե քաջությունն ու նվիրվածությունը արժանիքներ են, դրանք պատվով են հիշվելու"[13]։

Արտագաղթ դեպի Հյուսիսային Կարոլինա[խմբագրել | խմբագրել կոդը]

1756-1763 թվականների յոթնամյա պատերազմի ժամանակ Ալեն ՄաքԴոնալդը ծառայել էր 114-րդ և 62-րդ հետևակային գնդերում, բայց վատ բիզնեսմեն էր։ Վարձավճարի շուրջ իր տոհմային առաջնորդի հետ վիճելուց հետո նա և Ֆլորան 1774 թվականին արտագաղթել են Հյուսիսային Կարոլինայի Անսոն շրջան, որտեղ բնակություն են հաստատել Քրիք լեռան մոտ գտնվող Քիլգրեյ կոչվող կալվածքում[14]։ Երբ 1776 թվականին սկսվել է ամերիկյան անկախության պատերազմը, Ալենը մոտավորապես 1000 մարդուց բաղկացած զորագունդ է կազմել, որտեղ ընդգրկել էր նաև իր որդիներ Ալեքսանդրին ու Ջեյմսին։ Երբ նրանք ճանապարհվել էին բրիտանական ուժերին միանալու, 1776 թվականի փետրվարի 28-ին Մուռ ծովածոցի կամրջի ճակատամարտի ժամանակ ամերիկյան ուժերը հարձակվել են նրանց վրա ու Ալենին գերի վերցրել[15]։

1777 ապրիլին Հյուսիսային Կարոլինայի Գավառական կոնգրեսը բռնագրավել է բրիտանական հավատարիմ հպատակների սեփականությունը, և Ֆլորան վտարվել է Քիլգրեյից՝ կորցնելով իր ամբողջ ունեցվածքը[16]։ Գերությն մեջ 18 ամիս անցկացնելուց հետո՝ 1777 թվականի սեպտեմբերին, Ալենն ազատ է արձակվել․ նրան որպես հրամանատար նշանակել են նովա Սքոթիայի Ֆորտ Էդուարդ ամրոցի 84-րդ հետևակային գնդում, որտեղ էլ 1778 թվականի օգոստոսին Ֆլորան միացել է նրան[17]։

Վերադարձ Սքայ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորայի գերեզմանը Քիլմույրի գերեզմանատանը

Հելիֆաքսում դաժան ձմեռ անցկացնելուց հետո՝ 1779 թվականի սեպտեմբերին, Ֆլորան «Դանմոր» բրիտանական կապերային նավով ուղղություն է վերցրել դեպի Լոնդոն։ Ուղևորության ընթացքում նա կոտրել է իր բազուկն ու վատառողջության պատճառով նրա վերադարձը Շոտլանդիա հետաձգվել է մինչև 1780 թվականի գարուն[18]։

Հաջորդ մի քանի տարիները նա անցկացրել է ընտանիքի տարբեր անդամների հետ, բնակվելով նաև Դանվեգանում, որն իր փեսայի՝ գեներալ-մայոր Ալեքսանդր Մաքլեոդի, Սքայում ՄաքԴոնալդներից հետո ամենախոշոր հողատիրոջ տարածքն էր[19]։ Հյուսիսային Կարոլինայի իրենց կալվածքների կորստի դիմաց հատկացված փոխհատուցումը անբավարար էր Նովա Սքոթիայում բնակություն հաստատելու համար, և 1784 թվականին Ալենը նույնպես վերադարձել է Շոտլանդիա։ Քանի որ Ֆլորայի խորթ քույրն ու իր ամուսինն արդեն զբաղեցրել էին Քինսբուրգը, Ֆլորան ու Ալենը հաստատվել են մոտակա Փենդուին գյուղում[20]։

Ֆլորան մահացել է 1790 թվականին 68 տարեկանում և թաղվել է Քիլմույրի գերեզմանատանը․ ամուսինը մահացել է 1792 թվականի սեպտեմբերին։ Ունեցել են յոթ երեխա՝ երկու դուստր ու հինգ որդի։ Որդիներից երկուսը 1781 և 1782 թվականներին անհետացել են ծովում, երրորդ որդին՝ Ջոնը, հարստություն է կուտակել Հնդկաստանում՝ հնարավորություն տալով իր ծնողներին իրենց կյանքի վերջին տարիներն անցկացնել որոշակի հարմարավետության մեջ[7]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1896 թվականի արձան, Ինվերնես ամրոց

Չառլզի փախուստի նկարագրությունները հիմնականում կենտրոնանում են արքայազնի վրա, Ֆլորային վերագրելով երկրորդական դեր ու չարժանացնելով այն պատվին, որին նա արժանի է։ Նա հազվադեպ էր խոսում այս միջադեպի մասին, և արքայազնի հետ նրա վերջին շփումը եղել է Փորթրիում նրանց բաժանման ժամանակ․ պատճառներից մեկը հավանաբար այն էր, որ արքայազնի ներկայությունը կվտանգեր Ֆլորայի ընտանիքը[21]։

Վիկտորիականները ստեղծել են շոտլանդական մշակութային ինքնություն, որն արտահայտվում էր վանդակավոր բրդե գործվածքի, 19-րդ դարում ստեղծված շոտլանդական խաղերի ու թագուհի Մերիի և արքայազն Չառլզի հանդեպ պաշտամունք ձևավորելու միջոցով[22]։ 1878 թվականին Ֆլորան նույնպես զբաղեցրել է իր տեղն այս համաստեղության մեջ, երբ հրատարակվել է նրա «Ինքնակենսագրությունը», որը գրվել էր նրա թոռնուհի Ֆլորա Ֆրանսիս Ուայլդի կողմից ու վերագրվել Ֆլորային (այնքան սխալներ էր պարունակում, որ հազիվ թե գրված լիներ նրա կողմից)[7]։

1884 թվականին սըր Հարոլդ Բուլթոնը վերամշակել է գոյություն ունեցող մի մեղեդի ու այն անվանել «Սքայի նավակի երգ»։ Սրան անմիջապես հաջորդել է «Ֆլորա ՄաքԴոնալդի ֆանտազիա» հայլանդ պարի բեմադրությունը, իսկ 1896 թվականին Ինվերնես ամրոցում տեղադրվել է բրոնզե արձան[23]։ Հյուսիսային Կարոլինայի Ռեդ Սփրինգս քաղաքի Ֆլորա Մաքդոնալդի անվան ակադեմիան նույնպես կրում է Ֆլորայի անունը, որտեղ մինչև 2009 թվականը նաև անցկացվում էին հյուսի-կարոլինյան լեռնականների խաղերը։

Շոտլանդացի դիմանկարիչ Ալան Ռամսեյը (1713–1784) մի քանի անգամ պատկերել է Ֆլորային, բայց այդ նկարների մեծամասնությունը ոչնչացվել է։ Այս հոդվածում օգտագործված նկարը պատկերվել է Թաուերից նրա ազատումից հետո՝ 1749–1750 թվականներին, իսկ 2015 թվականին Ֆլորիդայում հայտնաբերված նկարը հավանաբար նույնպես պատկանում է Ռամսեյի վրձնին[24]։

Գեղարվեստական գրականության մեջ Ֆլորան ընդգրկված է հետևյալ գրքերում․

  • Ինգլիս Ֆլետչեր, «Շոտլանդուհին» (1954)։ Վեպը նկարագրում է ամերիկյան անկախության պատերազմի ընթացքում Հյուսիսային Կարոլինյում Ֆլորայի կյանքը։
  • «Լեռնեցին», սերիալ, 3-րդ եթերաշրջանի «Հետ վերցրու գիշերը» դրվագում Սեյրդվինն ապրում է Ֆլորա ՄաքԴոնալդ անվան տակ, երբ Չառլզն ու իր խումբը կանգ են առնում ափին՝ դեպի Ֆրանսիա մեկնող նավ փնտրելով։
  • Դիանա Գեբըլդոունի «Օտարականը» շարքի վեցերորդ գիրքը, որը կոչվում է «Ձյան ու մոխրի շունչ»։ Պատմում է Ֆլորա Մաքդոնլդի ամերիկյան գաղութներ ժամանման մասին։

1948 թվականին նկարահանված «Գեղեցկադեմ արքայազն Չառլի» ֆիլմում Մարգարեթ Լեյգթոնը մարմնավորել է Ֆլորային, իսկ Դեյվիդ Նիվընը՝ Չառլզին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Swartz A. Open Library — 2007.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 GeneaStar
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Lundy D. R. The Peerage
  6. Chichester H. M. Macdonald, John (1759-1831) (DNB00) // Dictionary of National Biography / L. Stephen, S. LeeLondon: Smith, Elder & Co., 1885.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Douglas, Oxford DNB Online
  8. Riding, 2016, էջեր 465-467
  9. Riding, 2016, էջեր 467-468
  10. Riding, 2016, էջեր 468-469
  11. MacLoed, 1985, էջ 90
  12. MacInnes, 2009, էջեր 15-24
  13. Bate, 1955, էջ 463
  14. Quyn, 1963, էջ 74
  15. McConnell Brian։ «A Highlander & Loyalist – Alan MacDonald»։ UE.org։ Mr McConnell's article provides third party references for the points included here։ Վերցված է օգոստոսի 2, 2018 
  16. Meyer, p.75.
  17. Quyn, 1963, էջեր 249-250
  18. Quyn, 1963, էջ 251
  19. MacGregor, 2009, էջ 134
  20. Quyn, 1963, էջ 256
  21. Riding, 2016, էջ 465
  22. Morris, 1992, էջեր 37-39
  23. Կաղապար:Canmore
  24. «'Flora MacDonald portrait' found in Florida»։ BBC News։ մարտի 31, 2015։ Վերցված է հուլիսի 22, 2018 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bate W Jackson (1955)։ The Achievement of Samuel Johnson։ OUP։ ISBN 978-0195004762 
  • Douglas, Hugh; Flora MacDonald: The Most Loyal Rebel; (Sutton Publishing, 1999);
  • Douglas Hugh։ Flora MacDonald։ Oxford DNB Online 
  • McConnell Brian։ «A Highlander & Loyalist – Alan MacDonald»։ UE.org 
  • MacInnes John (December 2009)։ The Brave Sons of Skye; Containing the Military Records (compiled From Authentic Sources) of the Leading Officers, Non-Commissioned Officers, and private soldiers whom "Eilean a' Cheo" has produced 
  • MacLeod Ruairidh (1985)։ Flora MacDonald: The Jacobite Heroine in Scotland and North America։ Shepheard-Walwyn։ ISBN 978-0856831478 
  • MacGregor Alexander (December 2009)։ The life of Flora Macdonald, and her adventures with Prince Charles (Print On Demand ed.)։ Nabu Press 
  • Meyer Duane (1963)։ The Highland Scots of North Carolina։ Raleigh, N.C.: Carolina Charter Tercentenary Commission 
  • Morris RJ (1992)։ «Victorian Values in Scotland & England»։ Proceedings of the British Academy (78) 
  • Quyn Dorothy Mackay (July 1941)։ «Flora MacDonald in History»։ The North Carolina Historical Review 18 (3) 
  • Riding Jacqueline (2016)։ Jacobites; A New History of the 45 Rebellion։ Bloomsbury։ ISBN 978-1408819128 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]