Ալան Ռամսեյ (նկարիչ)
Ալան Ռամսեյ անգլ.՝ Allan Ramsay | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1713[1] |
Ծննդավայր | Էդինբուրգ |
Վախճանվել է | օգոստոսի 10, 1784[2][3][4][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Դուվր, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | կլասիցիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Hans Hysing? |
Աշակերտներ | Alexander Nasmyth? |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Հայր | Allan Ramsay? |
Ամուսին | Margaret Lindsay Ramsay? |
Allan Ramsay (artist) Վիքիպահեստում |
Ալան Ռամսեյ (անգլ.՝ Allan Ramsay, հոկտեմբերի 13, 1713[1], Էդինբուրգ - օգոստոսի 10, 1784[2][3][4][…], Դուվր, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), շոտլանդացի նշանավոր նկարիչ, դիմանկարի վարպետ:
Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալան Ռամսեյը ծնվել է Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում: Նա բանաստեղծ Ալան Ռամսեյի (1686-1758) ավագ որդին էր: Քսան տարեկանից նա սովորում է Լոնդոնում՝ շվեդ նկարիչ Հանս Հայսինգի մոտ և Սուրբ Մարտինի ակադեմիայում: 1736 թվականին մեկնում է Հռոմ և Նեապոլ, որտեղ երեք տարի աշխատում է Ֆրանչեսկո Սոլիմենայի և Ֆրանչեսկո Ֆերնանդիի (Իմփերիալի) արվեստանոցներում: 1738 թվականին վերադառնալով Բրիտանիա, նա բնակություն է հաստատում Էդինբուրգում, որտեղ ճանաչման է արժանանում իր վրձնած Դունկան Ֆորբես Կալոդենցու դիմանկարով, ապա Արգայլի III դքսի՝ Արչիբալդ Քեմփբելի նկարով, որը հետագայում դրոշմվեց Շոտլանդիայի արքայական դրամատան թողարկած թղթադրամների վրա: Այնուհետև նա տեղափոխվում է Լոնդոն, որտեղ աշխատանքի է անցնում Ֆրանսիս Էգերտոնի՝ Բրիջուոթրի III դքսի մոտ: Նրա հաճելի շարժուձևը և բազմակողմանի կրթությունը, ոչ պակաս չափով, քան նրա նկարչական տաղանդը գրավում էին մարդկանց: Նրա միակ լուրջ մրցակիցը Թոմաս Հադսոնն էր: 1739 թվականին նա ամուսնանում է Աննա Բեյնի հետ: Աննան մահանում է 1743 թվականի փետրվարի 4-ին՝ իրենց երրորդ երեխայի ծննդից հետո: Նրանց երեխաներից ոչ-ոք չի հասնում չափահասության տարիքի: Ռամսեյի աշակերտուհիներից մեկն էր Մարգարետ Լինդսեյը՝ Սըր Ալեքսանդր Լինդսեյի (1683-1762) և Ամելիա Մյուրեյի (Սթորմոնտի 5-րդ վիկոնտ Դևիդ Մյուրեյի թոռնուհու) ավագ դուստրը և նավատորմի սպա Ջոն Լինդսեյի քույրը: Ռամսեյը և Մարգարետը ծածուկ հանդիպում էին, իսկ 1752 թվականի մարտի 1-ին ամուսնանում են Էդինբուրգի Կանոնգեյթ եկեղեցում: Մարգարետի հայրը երբեք չի ներում աղջկան՝ նկարչի հետ ամուսնանալու համար: Ռամսեյն արդեն իսկ ստիպված էր հոգ տանել առաջին ամուսնությունից մնացած միակ դստեր և իր երկու քույրերի մասին, սակայն հայտնում է Սըր Ալեքսանդրին, որ ինքը պատրաստ է Մարգարետին տարեկան հարյուր ֆունտ տրամադրել: Նաև հայտնում է, որ գումարի չափը կավելանա, «քանի որ, փառք Աստծո, իմ եկամուտը նույնպես ավելանալու ճանապարհին է» և որ իր ամուսնության միակ շարժառիթն «իմ անսահման սերն է Ձեր դստեր նկատմամբ, որը ավելի շատ գումար ստանալու իրավունք ունի, քան ես նրան երբևէ կարող եմ տալ»[5]: Նրանց երկար և երջանիկ ամուսնության ընթացքում ծնվեցին երեք երեխաներ՝ Ամելիա (1755–1813), Շառլոտ (1758–1818) և Ջոն (1768–1845): Ռամսեյն ու կինը 1754 թվականից 1757 թվականներն անցկացրեցին Իտալիայում՝ Հռոմում, Ֆլորենցիայում, Նեապոլում և Տիվոլիում, որտեղ նրանք որոնում, նկարում և գծագրում էին ծեր պարոնների, հնություններ և հնագիտական վայրեր: Նա բավականաչափ գումար է վաստակում վրձնելով Գրան տուրի ճանապարհորդների դիմանկարները: Այս և հետագա ճանապարհորդությունները դեպի Իտալիա, սակայն, ավելի շատ գրական և հնագիտական պրպտումներով էին հագեցած, քան նկարչությամբ: 1761 թվականին Բրիտանիա վերադառնալով, Ռամսեյը Ջորջ III-ի արքունական նկարիչը դառնալու առաջարկ է ստանում՝ Հադսոնից վերցնելով վերջինիս պաշտոնը: Ջորջ III արքան այնքան շատ դիմանկարներ էր պատվիրում Ռամսեյի մոտ՝ դեսպաններին և գաղութների կառավարիչ-նահանգապետերին նվիրելու համար, որ Ռամսեյը ստիպված էր բազմաթիվ օգնականներ վարձել, որոնց թվում նաև Դևիդ Մարտինին և Ֆիլիպ Ռինեգլին: 1770- ական թվականներին Ռամսեյը թողնում է նկարելը, որպեսզի կենտրոնանա գրական գործունեության վրա: 1782 թվականին մահանում է Ռամսեյի երկրորդ կինը՝ Մարգարետը: Այս ծանր հարվածը, ինչպես նաև աջ թևի պատահական հոդախախտումը, քայքայում են նրա առողջությունը: Նա պայքարում է անխուսափելի անորոշության դեմ այնքան ժամանակ, մինչև կկատարեր թագավորի բոլոր պատվերները, ապա ճանապարհ ընկնում դեպի իր այնքան սիրելի Իտալիա: Մեկնելուց առաջ նա իր օգնական Ռինեգլին է թողնում 50-ից ավել արքայական դիմանկարների անավարտ էսքիզներ, որոնք օգնականը պիտի ավարտին հասցներ: Ռամսեյը հարավում մի քանի տարի է անցկացնում՝ վերջնականապես քայքայված առողջությամբ: Ռամսեյը մահանում է Դովերում, 1784 թվականի օգոստոսի 10-ին: Ռամսեյը Սեմյուել Ջոնսոնի մտերիմ ընկերն է եղել, որը նրա մասին գրել է. «Ես շատ եմ սիրում Ռամսեյին, ուրիշ մեկին գտեք, որի խոսքի մեջ նույնքան իմաստ, տեղեկություն և նրբագեղություն կա, որքան Ռամսեյի»[6]:
Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռամսեյի լավագույն նկարները նրա վաղ շրջանի աշխատանքների թվում են, ներառյալ Արգայլի դքսի ամբողջ հասակով մեկ նկարված նկարը, ինչպես նաև շոտլանդացի բազմաթիվ ազնվականների և նրանց կանանց դիմանկարները, որոնք նա ստեղծել է նախքան Լոնդոնում հաստատվելը: Այս նկարները լի են թե՛ նրբագեղությամբ և թե՛ անհատականությամբ՝ հագեցած գերազանց գծագրական աշխատանքով և մարմնամասերի հնարամիտ հաստատունությամբ՝ չնայած գույները երբեմն նաև մի փոքր կոպիտ են և մթամած: Նրա «Լեդի Մերի Քոքի դիմանկարը» սպիտակ սատինի վրա, նշանավոր է իր հմուտ և նուրբ աշխատանքով: Իր երկրորդ կնոջ՝ դարչնագույն աչքերով Մարգարետի դիմանկարը, այժմ՝ Շոտլանդիայի ազգային պատկերասրահում, գրավում է իր քաղցրությամբ և քնքշությամբ: Ռամսեյի կնոջ դիմանկարը նաև արտահայտում է ֆրանսիական արվեստի ազդեցությունը, որը նա համադրել է իր աշխատանքի մեջ: Էդինբուրգի «Շոտլանդիայի արքայական ակադեմիայում» պահվող նրա մեծ հավաքածուն ևս ցուցադրում է ֆրանսիական փափուկ գույներն ու նրբագեղությունը: 2014 թվականի փետրվարին ԲիԲիՍի-ի թողարկած մի փաստավավերագրական ֆիլմում Ռամսեյը ներկայացվում է որպես մի նկարիչ, որը նկարել է Չարլզ Էդուարդ Ստյուարտին՝ 1745 թվականին, նրա՝ Անգլիա ներխուժելուց առաջ[7]:
Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռամսեյի նկարները պահպանվում են բրիտանական մի քանի հաստատությունների հավաքածուներում, ներառյալ՝ Լոնդոնի ազգային պատկերասրահում, Դերբիի պատկերասրահում, Գլազգոյի թանգարանում և Նյուսթեդի աբբայությունում[8]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալան Ռամսեյի աշխատանքները
Չարլզ էդուարդ Ստյուարտ, էդինբուրգ, 1745 թվական
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Allan Ramsay
- ↑ 4,0 4,1 4,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Ramsay to Lindsay, 31 March 1752, A. Smart, Allan Ramsay: Painter, Essayist, and Man of the Enlightenment (1992), 96 n. 10
- ↑ James Boswell (ապրիլի 30, 1778)։ The Life of Samuel Johnson
- ↑ «Lost Bonnie Prince Charlie portrait found in Scotland»։ BBC News։ փետրվարի 22, 2014։ Վերցված է փետրվարի 23, 2014
- ↑ Allan Ramsay, BBC; accessed August 2011.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Works in the National Galleries of Scotland
- Nigel Warburton on the significance of two portraits of Hume and Rousseau
- Art "4" "2"-Day Archived 2004-08-11 at the Wayback Machine. - Collection of Short Biographies
- Web Gallery of Art - more examples of Ramsay's work
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալան Ռամսեյ (նկարիչ) կատեգորիայում։ |