Ֆիլանում
Ֆիլանում (հապավում՝ ֆիլատելիա և նումիզմատիկա), ֆիլատելիստական և դրամագիտական (նումիզմատիկական) ընկերություն էր, հասարակական կազմակերպություն Հայաստանում, սկսած 1922 թվականից։
Ստեղծումը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ֆիլանում»-ը հիմնվել է 1922 թվականի հուլիսի 16-ին Երևանում, որպես ֆիլատելիստների և նումիզմատների (դրամագետներ) ընկերություն։ Նույն թվականի հուլիսին Խորհրդային Հայաստանի լուսավորության ժողովրդական կոմիսարիատը որոշում ընդունեց այդ հասարակական կազմակերպությունը իրավականորեն ճանաչելու մասին։
Ընդունելության կարգը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ֆիլանում»-ի կանոնադրության համաձայն՝ կազմակերպության անդամ կարող էին դառնալ 15 տարեկանից սկսած այն հավաքորդները որոնք ունեին 200-ից ոչ-պակաս փոստային նամականիշներից կամ 100-ից ոչ-պակաս դրամանիշերից բաղկացած հավաքածուներ։ Յուրաքանչյուր անդամագրվողի համար սահմանված էր մեկ միլիոն ռուբլու չափով մուտքի վճար, իսկ անդամավճար՝ դրա 20%-ի չափով։ Բացի դրանից յուրաքանչյուր ընդունվող ընկերության ֆոնդ էր հանձնում 10 նամականիշ կամ 20 դրամանիշ։
Կառուցվածքն ու գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերության բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն էր, որ գումարվում էր ոչ պակաս, քան շաբաթը մեկ անգամ։ Ընդհանուր ժողովի պլանավորած առաջին միջոցառումն էր՝ կապ հաստատել Անդրկովկասի, Կովկասյան քաղաքների, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի հետ, ինչպես նաև արտասահմանյան հավաքորդների կազմակերպությունների հետ, նպատակ ունենալով նյութեր փոխանակել, լրացնել Հայաստանի Ազգային թանգարանի ֆոնդերը։
«Ֆիլանում»-ը գործում էր ինքնավար կերպով, չէր մտնում Ֆիլատելիստական Համառուսական Ընկերության (ՖՀԸ) կամ Հավաքորդների Համառուսական Ընկերության (ՀՀԸ) կազմի մեջ բաժանմունքի իրավունքով, ինչպես սահմանված էր վերուստ։
Գործունեության ավարտը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ֆիլանում»-ին վիճակվեց նույն ճակատագիրը, ինչ տվյալ ժամանակ բաժին ընկավ Խորհրդային Միության մյուս բազմաթիվ մշակութային, լուսավորական կազմակերպություններին։ 1934-ից 1937 թվականներին իշխանությունների պաշտոնական քաղաքականությունը ուղղված էր այդ օրինակ կազմակերպությունները ճզմելուն, արգելելուն։ «Ֆիլանում»-ը 1930-ակաների երկրորդ կեսին դադարեցրեց իր գործունեությունը։