Օրոյզես
Օրոյզես (Օրոզես, Հորոզես) | ||
| ||
---|---|---|
Օրոյզես (Օրոզես, Հորոզես, Օռիզ[1], հուն․՝ Οροίζης[2], հուն․՝ Ορoζσης[3] ), Աղվանքի թագավոր մ.թ.ա. 1-ին դարում։
Գնեոս Պոմպեոսի վիրա-աղվանական արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գնեոս Պոմպեոսը իր վիրա-աղվանական արշավանքը սկսելուց առաջ իր զորավարներից մեկին՝ Ափրիանոսին թողնում է Մեծ Հայքում, վերջինս վերահսկելու համար, իսկ ինքը 66 թվականի աշնանը գնում է հետապնդելու Միհրդատ Եվպատորին։ Պոմպեոսը, նախ ճամբարում է գրեթե այնտեղ, որտեղ գտնվում է Երևանը։ Ապա, նա Աղստևի հովտով շարունակում է իր ճանապարհը դեպի Կուր գետի ափերը։ Հռոմեական բանակը իր նպատակին հասնելու համար պետք է առանց դժվարության անցներ գետը, որը տրամադրում է Աղվանքի թագավոր Օրոյզեսը, սակայն Աղվանքի տարածքում վրա հասած ձմեռը հռոմեական բանակին անակնկալի է բերում, Օրոյզեսը օգտվելով առիթից, անցնում է գետը և հարձակվում հռոմեացիների ճամբարի վրա, այն պահին, երբ նրանք նշում էին Սատուրնալիայի տոնը՝ 66 թվականի դեկտեմբերի 17-ին։ Պոմպեոսը ետ է մղում հարձակումը, ապա ներում Օրոյզեսին՝ իր դավաճանության համար և նրա հետ հաշտություն կնքում[4]։
Գնեոս Պոմպեոսի դեմ մզվող կռիվների ժամանակ Աղվանից զորքերը բաղկացած էր 60.000 հետևակից և 22.000 հեծելազորից, որի հրամանատարն էր Օրոյզես թագավորի եղբայրը՝ Կոտիսը[1][5]։ Ըստ մեկ այլ տեղեկության Օրոյզեսի զորքերի թիվը հասնում էր 40.000-ի, որը նույնպես համարվում է չափազանցված[4]։
Ըստ վարկածներից մեկի՝ Օրոյզեսին հռոմեացիների դեմ հրահրել էր Տիգրան Կրտսերը։ Սա համարվում է խիստ հավանական, քանի որ Աղվանքը, ինչպես նաև Իբերիան, մտնում էին Տիգրան Մեծի կայսրության մեջ։ Սակայն, ամբողջությամբ հասկանալի չէ, թե ինչպես է կարողացել գերված արքայազնը աղվանների հետ հարաբերություններ հաստատել[4]։
65 թվականի գարնանը Պոմպեոսը մտնում է Իբերիա, ավելի ճիշտ՝ Գուգարք և գրավում Հարմոզիկա և Սևսամորա բերդամրոցները։ Իբերիայի թագավոր Արտոկեսը մինչ այդ փախել էր Կուրից այն կողմ, ապա նահանջելով մինչև Պելորոս գետը, փորձել էր կանգնեցնել հռոմեացիների առաջխաղացումը, սակայն, պարտվել էր և հանձնվել Պոմպեոսի ողորմածությանը[3]։
Պոմպեոսի հաղթանակից հետո, նրա հաղթական կառքի առջևից 324 պարտված վեհապետների շարքում քայլում էին նաև աղվանից երկու առաջնորդներ[2]։ Այդ առաջնորդներն էին՝ թագավորը և քրմապետը, իսկ Կոտիս զորավարը սպանվել էր Պոմպեոսի կողմից[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում», Նիկողայոս Ադոնց, Երևան, 1987, էջ 455.
- ↑ 2,0 2,1 Appiani A. Rom. Hist. De rebus Syriacis, De bello Mithridatico, 117.
- ↑ 3,0 3,1 Cassius Dio Cocceianus 36, 45; 37, 1-3.
- ↑ 4,0 4,1 4,2 «Քննական պատմություն հայոց, հատոր Դ», Նիկողայոս Ադոնց, Երևան, 2009, էջ 505.
- ↑ Plutarch, Pompey, 35.