Օրգանիզմի ցրտահարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օրգանիզմի ցրտահարություն, հյուսվածքների վնասումը ցրտի ազդեցության հետևանքով։

Առավել հաճախ ցրտահարվում են ստորին, հազվադեպ՝ վերին վերջույթները, քիթը, ականջախեցիները և այլն։ Երբեմն ցրտահարությունը առաջանում է ոչ մեծ սառնամանիքի (–3 °C-ից մինչև 5 °C) ժամանակ և նույնիսկ 0 °C-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում, որը սովորաբար պայմանավորված է օրգանիզմի դիմադրողականության անկումով (արյան կորուստ, քաղց, հարբածություն և այլն)։ Նպաստող գործոններն են քամին, օդի բարձր խոնավությունը։ Ցրտի ազդեցությանն օրգանիզմը հակազդում է ծայրամասային արյան անոթների ռեֆլեքսային կծկանքով։ Հյուսվածքների փոփոխությունները կախված են ցրտի ազդեցության տևողությունից և ինտենսիվությունից։

Ցրտահարության տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են ցրտահարության 4 աստիճաններ,

  • առաջին աստիճանի դեպքում մարմնի ցրտահարված հատվածը սկզբում կարմրում է, ապա գունատվում, կորցնում զգացողությունը, երբեմն առաջանում է ծակոցների և կսկծոցի զգացում։ Ցրտահարված հատվածը տաքացնելուց հետո մաշկը կարմրում է և ուռչում, նկատվում են թեթևակի ցավեր, այրոց, 2–3 օր անց բոլոր ախտանշանները լրիվ վերանում են։
  • երկրորդ աստիճանի ցրտահանությունից խանգարվում է արյան շրջանառությունը, սակայն արյան անոթների փոփոխությունները դարձելի են․ մաշկը խիստ գունատվում է, առաջանում են հեղուկով լցված բշտիկներ։ Երկարատև ցրտահարվելիս կամ շատ ցածր ջերմաստիճանի ազդեցությունից առաջանում է 3-րդ աստիճանի ցրտահարություն, որի դեպքում խիստ խանգարվում է արյան շրջանառությունը։
  • երրորդ աստիճանի ցրտահարության առաջին օրերին նկատվում է զգացողության լրիվ կորուստ, այնուհետև առաջանում են ուժեղ ցավեր։
  • չորրորդ աստիճանի ցրտահարությունն ուղեկցվում է ոչ միայն փափուկ հյուսվածքների, այլև ոսկրերի մեռուկացումով։

Առաջին օգնության միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին օգնության հիմնական նպատակը մարմնի ցրտահարված հատվածի արյան շրջանառության անհապաղ վերականգնումն է։ Ոտքերի և ձեռքերի առաջին և երկրորդ աստիճանների ցրտահարության դեպքում վերջիններս տաքացնել 18–20 °C ջրում, աստիճանաբար ջրի ջերմաստիճանը բարձրացնելով 37–38 °C, կատարել սպիրտով շփումներ, դնել մանրէազերծ չոր վիրակապ, տալ տաք թեյ, ոչ մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչք։ Երկրորդ և երրորդ աստիճանների ցրտահարության դեպքում հակափայտացման շիճուկի ներարկում, անտիբիոտիկներ և այլն։ Երրորդ և չորրորդ աստիճանների տարածուն ախտահարման ժամանակ մարմնի ցրտահարված հատվածը ծածկում են մանրէազերծ անձեռոցիկով, կապում և տեղափոխում վիրաբուժական բաժանմունք։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաք, չսեղմող հագուստ և չթրջվող կոշիկներ, ոտքերի գերքրտնարտադրությունը վերացնող միջոցներ, տաք սննդի կանոնավոր ընդունում և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 171