Օլիմպիական կրակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիխ Ֆրիդրիխ Ֆյուգեր: Պրոմեթևսը մարդկանց կրակ է բերում (1817)

Օլիմպիական կրակ, Օլիմպիական խաղերի խորհրդանիշներից մեկը: Այդ կրակը վառում են խաղերն անցկացնելու քաղաքում դրանց բացման ժամանակ, և այն վառվում է մինչև խաղերի ավարտը:

Հին հունական ծիսակատարությունների վրա հիմնված այդ ավանդույթը վերածնվել է 1928 թվականին Ամստերդամում անցկացվող Օլիմպիական խաղերի ժամանակ Օլիմպիական մարզադաշտում, որի նախագծի համար հոլանդացի ճարտարապետ Յան Վիլսը արվեստի մրցույթում պարգևատրվել է ոսկե մեդալով: Կրակը վառվում էր նաև 1932 թվականին Լոս Անջելեսում Օլիմպիական խաղերի ժամանակ:

1936 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ Բեռլինում անցկացվել է Օլիմպիական կրակի երթը` փոխանցումավազքը (Կարլ Դիմի քարոզչական գաղափարի համաձայն[1]): Ավելի քան 3000 վազորդ մասնակցել է Օլիմպիայից Բեռլին ջահի հասցման արարողությանը: Ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ կրակը վառվել է 1936 և 1948 թվականներին, սակայն կրակի երթն առաջին անգամ անցկացվել է 1952 թվականին Օսլոյում ձմեռային Օլիմպիական խաղերից առաջ, ընդ որում սկիզբ էր առնում ոչ թե Օլիմպիայից, այլ Մորգեդալից:

Սովորաբար կրակը վառում է որևէ հայտնի մարդ, առավել հաճախ մարզիկներից որևէ մեկը, սակայն լինում են նաև բացառություններ: Այդ արարողությանը մասնակցելու համար ընտրվելը մեծ պատիվ է համարվում:

Կրակի երթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույն դերասանուհի Մարիա Նաֆպլիոտուն (կենտրոնում) օլիմպիական կրակը վառելու արարողությանը, 2008 թվական

Ներկա դրությամբ օլիմպիական կրակը վառում են Օլիմպիայում (Հունաստան), խաղերի բացումից մի քանի ամիս առաջ: Արարողությանը մասնակցում է 11 կին, հիմնականում դերասանուհիներ, որոնք քրմուհիների դեր են կատարում: Արարողության ժամանակ կանանցից մեկը արևի ճառագայթները կենտրոնացնող պարաբոլային հայելու օգնությամբ վառում է կրակը: Այնուհետև այդ կրակը հասցնում են քաղաք, որտեղ անցկացվելու են Օլիմպիական խաղերը: Սովորաբար օգտագործում են ջահը, որը տանում են վազորդները` փոխանցելով այն մեկը մյուսին, սակայն տարբեր ժամանակներում օգտագործվում էին նաև կրակը տեղափոխելու այլ տարբերակներ: Բացի հիմնական ջահից, օլիմպիական կրակից վառում են նաև հատուկ լամպեր, որոնք նախատեսված են նրա համար, եթե հանկարծակի հիմնական ջահը (կամ նույնիսկ կրակը խաղերի ժամանակ) մարի այս կամ այն պատճառով: Հայտնի են մի քանի դեպքեր, երբ կրակը մարում էր` խաղերի ժամանակ (Մոնրեալ, 1976 թվական, հորդառատ անձրևի ժամանակ), Լոնդոնում 2012 թվականին խաղերի սկսվելուց 20 օր առաջ, ինչպես նաև Մոսկվայում և Բլագովեշչենսկում 2013 թվականին[2]:

1928 թվականին Ամստերդամում կառուցվել է հատուկ աշտարակ օլիմպիական կրակի համար:

Բեռլինի խաղերի համար կրակը վառվել է արևից 1936 թվականի հուլիսի 20-ին, արարողությանը մասնակցել է 15 օրիորդ, և գերագույն քրմուհին փոխանցել է ջահը հույն վազորդ Կիրիլ Կոնդիլիսին, որը սկսել է կրակի երթը:

Լոնդոնում Օլիմպիական խաղերի (1948)` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին Օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ առաջին ջահակիրն է դարձել հունական բանակի կապրալը, ով կրակի երթից առաջ հանել է իր զինվորական համազգեստը և վայր դրել զենքը` ի նշան սրբազան զինադադարի:

Անակնկալները սկսվեցին արդեն 1952 թվականին: Ձմեռային խաղերի կազմակերպիչները որոշեցին հրաժարվել օլիմպիական կրակը վառելու ավանդական արարողությունից: Կրակի աղբյուր է դարձել Մորգեդալում գտնվող նորվեգացի լեռնադահուկային սպորտի պիոներ Սոնդրե Նորհեյմի տան-թանգարանի բուխարին: Ամբողջ փոխանցումավազքի ճանապարհը վազորդներն անցել են դահուկներով:

Նույն թվականին Հելսինկիում անցկացվող Ամառային Օլիմպիական խաղերի կրակը իր ճանապարհի մի մասն (Հունաստանից Շվեյցարիա) անցել է ինքնաթիռով: Բացի այդ, Ֆինլանդիայում այն խառնվել է բևեռային մայր չմտնող արևից վառված կրակի հետ:

1956 թվականին Կորտինա դ'Ամպեցոյում անցկացվող ձմեռային խաղերի համար կրակը վառել են Հռոմի Յուպիտերի տաճարում, իսկ 1960 թվականի ձմեռային խաղերի համար` կրկին Մորգեդալում: 1994 թվականի Լիլեհամերում անցկացվող ձմեռային խաղերի համար Մորգեդալում վառվեց երկրորդ կրակը, որն ի համեմատ Օլիմպիայի կրակի, ոչ պաշտոնական է համարվում, ինչը խիստ տխրեցրեց հույներին[3]:

1964 թվականին օլիմպիական կրակի փոխանցումավազքը շատ կարճ էր: Կրակը ինքնաթիռով Աթենքից տեղափոխվել է Վիեննա, իսկ այնտեղից` Ինսբրուք: Մեխիկոյի Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը մեծամասամբ կրկնել է Քրիստափոր Կոլումբոսի ճանապարհորդության ուղին:

Օլիմպիական կրակը վառելու արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական կրակի թասը «Մարականա» մարզադաշտում

Փոխանցումավազքն ավարտվում է խաղերի մայրաքաղաքի կենտրոնական մարզադաշտում, դրանց բացման արարողության վերջում: Փոխանցումավազքի վերջին մասնակիցը վառում է կրակը մարզադաշտում տեղադրված թասի մեջ, որը վառվում է մինչև խաղերի ավարտը:

Խաղերի կազմակերպիչները փորձում են կրակը վառելու հետաքրքիր տարբերակներ մտածել և այդ իրադարձությունը հիշվող դարձնել: Արարողության մանրամասները գաղտնի են պահվում մինչև վերջին պահը: Նաև նախօրոք հայտնի չի լինում թե ով է վառելու կրակը: Որպես կանոն դա անում է տվյալ երկրի հայտնի մարզիկներից մեկը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mallon B. & Heijmans J. Historical Dictionary of the Olympic Movement. 4th ed. The Scarecrow Press, 2011. P. LII, 99
  2. Սառը քամին Բլագովեշչենսկում հանգցրել է օլիմպիական կրակը
  3. Mallon B. & Heijmans J. Historical Dictionary of the Olympic Movement. 4th ed. The Scarecrow Press, 2011. P. 271

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]