Քյավառի փախլավայի պատրաստման և կիրառման ավանդույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քյավառի փախլավա

Քյավառի փախլավա, հայտնի է եղել նաև որպես Բայազետի փախլավա[1], քաղցրավենիք, որի պատրաստումը տարածված է հիմնականում Գավառի տարածաշրջանում։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառի և շրջակա գյուղերի բնակչությունը այստեղ է եկել հիմնականում պատմական Հայաստանի Բայազետ քաղաքից։ Հենց բայազետցիներն էլ 1830 թվականին Գավառի տարածքում հիմնել են Նոր Բայազետ բնակավայրը[2]։ Բայազետցիներն իրենց հետ բերել են փախլավայի պատրաստման ավանդույթներն ու սովորույթները և պահպանել դրանք։ Ըստ պահպանված տեղեկությունների՝ Քյավառի փախլավայի պատրաստումը տարածված է եղել մեծահարուստների շրջանում՝ հաշվի առնելով դրա պատրաստման բաղադրիչների արժեքը[3]։

Պատրաստման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քյավառի փախլավայի պատրաստումը տարբերվում է մյուս տարածաշրջաններում և ազգերի կողմից պատրաստվող փախլավաներից[3]։ Քյավառի փախլավայի յուրահատկությունը դրա պատրասման մեջ օգտագործվող բաղադրիչներն են՝ անարատ մեղր, մաքրած և չորացրած ընկույզ, հալեցված կարագ և շաքար[1]։ Քյավառի փախլավան հիմնականում ունենում է 22-25 շերտ, որոնց վրա լցվում են կտորների բաժանված շաքարը և հալեցված կարագից ստացված յուղը, բացառությամբ առաջին և վերջին շերտերի, որոնցից առաջինի վրա միայն յուղ է լցվում, իսկ վերջինի վրա քսվում է ձու։ Մեղրը լցվում է վերջում տաքացված վիճակում[4]։ Քյավառի փախլավան կտրվում է եփելուց առաջ՝ շեղանկյունաձև[3]։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով բավականին թանկարժեք քաղցրավենիք և ունենալով պատրաստման բավականին ժամանակատար գործընթաց՝ Քյավառի փախլավան հիմնականում պատրաստվել է մեծ միջոցառումների և արարողությունների ժամանակ՝ հարսանիքներ, Ամանոր, ծնունդ, կնունք[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 397 - Ա որոշման» (PDF). e-gov.am. 2022 թ․ մարտի 25. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  2. «Գավառ». Communities Association of Armenia. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  3. 3,0 3,1 3,2 ««Քյավառի փախլավայի պատրաստման և կիրառման ավանդույթը» ընդգրկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակ արժեքների ցանկում». Առավոտ. 2022 թ․ ապրիլի 25. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  4. 4,0 4,1 «Քյավառի փախլավա. քաղաքի «թագուհին»». Hetq.am. 2017 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  5. ««Քյավառի փախլավայի պատրաստման և կիրառման ավանդույթը»». ՀՀ ՈՆՄԺ. 2022 թ․ ապրիլի 25. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.