Jump to content

Քասըմփաշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քասըմփաշայի ընդհանուր տեսքը Ոսկեղջյուրից

Քասըմփաշա (թուրքերեն՝ Kasımpaşa), թաղամաս Ստամբուլի Բեյօղլու շրջանում։ Գտնվում է Ոսկեղջյուրի ծոցից դեպի հյուսիս՝ քաղաքի եվրոպական հատվածում։ Քասըմփաշայի հարևանությամբ գտնվում են Դոլափդերե թաղամասն ու Քուրթուլուշ շրջանը։

Քասըմփաշան Ստամբուլի ամենահին բնակելի թաղամասերից մեկն է, որն ունի հարուստ ծովային ավանդույթներ։ Մեհմեդ II սուլթանի նավերը, ներկայիս Քասըմփաշայի կողմից, մտել են Ոսկեղջյուրի ծոց։ 1453 թվականին Կոստանդնուպոլսի անկումից հետո Քասըմփաշան սկսել է ծաղկել։ XVI դարում Քասըմփաշայում են եղել Օսմանյան կայսրության հիմնական նավաշինարանները, որտեղ կանգնած է եղել մոտ 120 նավ։ Կայսրության անկումից հետո թաղամասում գտնվող «Հալիչ» նավաշինարանը ևս անկում է ապրել։ XIX դարում օսմանյան նավատորմը ռազմական տեսանկյունից հանդիսանում էր ոչ արդյունավետ, և Քասըմփաշայի մեծ մասը ոչնչացվել է հրդեհի ժամանակ։ Ներկայումս այն ծառայում է որպես վերանորոգման կայան, որն սպասարկում է բեռնատար նավերին, լաստանավերին և ոչ մեծ զբոսանավերին։

Թուրքական ռազմածովային բարձրագույն դպրոցը հիմնադրվել է 1773 թվականին, որը նախատեսված եղել Քասըմփաշայում խարիսխ գցած ռազմական և քաղաքացիական նավապետերին երկրաչափություն և նավարկություն սովորեցնելու համար։ 1838-1850 թվականներին թուրքական ռազմածովային ակադեմիան ևս տեղակայված է եղել այս թաղամասում։ Մուդանիայի զինադադարից հետո շենքը, որտեղ նախկինում տեղակայված է եղել Օսմանյան կայսրության ռազմածովային նավատորմի նախարարությունը (թուրքերեն՝ Bahriye Nazırlığı), 1922 թվականի նոյեմբերի 14-ին դարձել է Թուրքիայի ռազմածովային ուժերի Ստամբուլի շտաբ կենտրոնը[1]։

1955 թվականին տեղի ունեցած Ստամբուլի ջարդերի ժամանակ Քասըմփաշայի հույն բնակիչները ենթարկվել են հարձակումների և թալանվել[2]։

Մշակութային և ժամանակակից կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի Հանրապետության առաջին տարիներին Ոսկեղջյուրի շուրջ տարածքը կորցրել է իր նախկին հռչակը։ XXI դարերում Ստամբուլի համայնքային իշխանությունները ներդրումներ են արել թաղամասում մարզադաշտ, սպորտային համալիր, լողավազան, գրադարարններ և Ոսկեղջյուրի ափին հանգստի սոցիալական բազաներ կառուցելու համար, որտեղ կան ֆիթնեսի և բուժհաստատություններ։

Լողափին գտնվում է Օք Մեյդանըն, որտեղ սուլթաններն զբաղվել են նետաձգությամբ։ Մարմարե մի քանի սյուներ հիշեցնում են տարբեր սուլթանների հաջող նետաձգության մասին։ Քասըմփաշա հրապարակում կա նաև մուսալա՝ բացօթյա վայր, որը նախատեսված է աղոթքի համար։

Թաղամասում է տեղակայված համանուն ֆուտբոլային ակումբը, որը խաղում է Թուրքիայի ֆուտբոլի առաջնությունում։ Իր տնային խաղերը ֆուտբոլային ակումբը խաղում է Ռեջեփ Թայիփ Էրդողան մարզադաշտում, որը տեղավորում է շուրջ 13 500 հանդիսատեսի և անվանվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունով։ Վերջինս ծնվել և տարրական դպրոց է հաճախել Քասըմփաշայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Official website of the Turkish Navy: General history of the Turkish naval forces». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
  2. Vryonis, Speros The mechanism of catastrophe : the Turkish pogrom of September 6-7, 1955 and the destruction of the Greek community of Istanbul. — 3. printing.. — New York: Greekworks.com, 2005. — С. 235. — ISBN 9780974766034