Փեյնտոն (անգլերեն՝ Paignton.IPA /ˈpeɪntən/), քաղաք Մեծ Բրիտանիայում՝ Հարավարևմտյան Անգլիայի Դևոն արարողակարգային կոմսության Թորբեյի շրջանում (unitary authority), որի կազմում` Թորքիի և Բրիքսամի հետ միասին՝ ձևավորում է Փեյնտոն քաղաքային համայնքը կամ որ նույնն է՝ պատկերավոր կերպով Անգլիական Ռիվիերա կոչվող զբոսաշրջային տարածքը։ Ընկած է Թոր ծովածոցի ափին[2], կոմսության գլխավոր քաղաքից՝ Էքսեթերից մոտավորապես 30 կիլոմետր դեպի հարավ, երկրի մայրաքաղաք Լոնդոնից շուրջ 295 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։
Բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1086 թվականին գրված Domesday Book / Ահեղ դատաստանի գիրք ձեռագիր մատյանում, Peynton անվանաձևով։ Ներկայիս Paignton ամվանաձևով քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1837 թվականին։
Մինչև 19-րդ դարը այն ձկնորսական փոքր բնակավայր էր, որի զարգացմանը լայն թափ հաղորդեց 1837 թվականին կառուցված նոր նավահանգիստը։ 19-րդ դարի 60-ական թվականներին շահագործման է հանձնվել նաև երկաթուղին, որով քաղաքը կապվում է Էքսեթերի և Լոնդոնի հետ։ Դրանից հետո Փեյնտոնը գլխավորապես աճել ու զարգացել է որպես ծովափնյա հանգստավայր։ Այստեղ իր դաստակերտ-առանձնատունն է ունեցել նաև կարի մեքենաների նշանավոր դիզայներ Իսահակ Մերիտ Զինգերը[3]։
Torbay Picture House - սա թերևս Եվրոպայի ամենահին կինոթատրոնի շենքն է[4]. այն որպես կինոթատրոն ծառայել է 1914 թվականից։ Ագաթա Քրիստին, ով ապրում էր հարևան Թորքվեյում, հաճախ է ֆիլմեր դիտել այս շենքում։
Paignton Zoo - կենդանաբանական այգի, որը կառուցվել է 1923 թվականին, էքսցենտրիկ միլիոնատեր Հերբերտ Ուիթլիի կողմից[5]։ Հարավարևմտյան Անգլիայի ամենամեծ կենդանաբանական այգին է։
Շոգեքարշերի երթևեկությամբ գործող երկաթուղի մինչ Դարթմութի արվարձան Քինգսվիր[6]։