Փայտի ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փայտի ճարտարապետություն,փայտի լայն կիրառությամբ բնորոշվող ճարտարապետության բնագավառ։ Փայտի ճարտարապետության կառույցներով հարուստ են եղել Ռուսաստանը և նրա հետ առնչված երկրամասերը, Մերձբալթյան և Սկանդինավյան երկըրները, Ֆինլանդիան, Լեհաստանը, Ռումինիան, Չէխոսլովակիան, Հյուսիսային Իտալիան, Շվեյցարիան, Հեռավոր Արևելքի և այլ երկրներ։ Փայտը լավագույն շինանյութերից է շնորհիվ իր դյուրամատչելիության, ամրության, թեթևության, առաձգականության, նվազ ջերմահաղորդականության և դյուրամշակելիության, սակայն դիմացկունության պակասը, դյուրավառ լինելը սահմանափակել են նրա կիրառությունը և հաճախ հարկադրել այն զուգորդելու այլ շինանյութերի հետ։ Հնուց ի վեր ստեղծվել են փայտե կառույցների երկու հիմնական կառուցվածքային համակարգեր՝ սյունահեծանային և կմախքավոր։ Տեխնիկայի զարգացմանը զուգընթաց բարդացել են կառուցվածքային ձևերը, ծավալատարածական հորինվածքները և հարդարանքը։ Փայտի ճարտարապետության տեխնիկական նոր հնարավորությունների օգտագործմամբ առավել աչքի են ընկնում ԱՄՆ–ը, Ֆինլանդիան, Մեծ Բրիտանիան ու եվրոպայի մի շարք երկրներ։ ԽՍՀՄ–ում փայտի ճարտարապետության հուշարձաններով հարուստ են հատկապես ՌՍՖՍՀ, Ուկրաինան և Բելառուսիան։ Հայաստանում զուտ փայտե կառույցներ պահպանվել են վերջին դարերից, ժողովրդական ճարտարապետության մեջ, հիմնականում՝ փոքր կամ ժամանակավոր շինությունների, իսկ Ղափանում, Համշենում, Խոտորջրում և Թուրքիայի ծովափնյա հայկական գաղթօջախներում՝ նաև մեկ և ավելի հարկերով տարաբնույթ կառույցների ձևով։ Հայաստանի բնակելի տների մեծ մասը գերանակապ հիմքի վրա կավապատ ծածկ են ունեցել։ Հարթ կտուրով ինքնատիպ տների ուշագրավ նմուշներ են եղել Մեղրիում, ուր հնուց փայտի բարձրարվեստ մշակման պահպանված օրինակներ են դարպասները, դռները, լուսամուտների վանդակորմներն ու փեղկերը, սենյակների ու երեսբացների սյուները, խոյակները, բազրիքները և հյուրասենյակների առաստաղները։ Փայտի ճարտարապետության ուշագրավ նմուշ է գլխատունը։ Բնակելի տան փայտե կառուցվածքային տարրերը կիրառվել են միջնադարյան պալատներում, Հայաստանի քարի ճարտյան շատ ձևերի հիմքում։ Փայտե ձևավոր առաստաղների, քանդակազարդ պատշգամբների, լանջավոր կտուրների և այլ հնավանդ ձևերը բավականաչափ ճոխ կիրառվել են 19-20րդ դարերի սկզբի քաղաքային և գյուղական քաղաքատիպ ճարտարապետության մեջ։ Դրանց մնացորդներն այժմ վերականգնվում են իբրև ժողովրդական և մասնագիտական ճարտարապետեւթյան միահյուսման ուշագրավ նմուշներ։ Փայտի ճարտարապետությունն այժմ կիրառվում է ժամանակավոր կառույցներում, կրպակներում, տաղավարներում, փոքր կամուրջներում և փոքր ձևերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։