Ցոլակ Եդիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցոլակ Եդիգորյան
մայիսի 30, 1915(1915-05-30) - հունիսի 12, 1973(1973-06-12) (58 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԿուրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԿուրսկ
ԶորատեսակԽՍՀՄ ՆԳ ԺԿ և Սմերշ
Կոչումփոխգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
ԿրթությունՌոստովի պետական տնտեսական համալսարան
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ

Ցոլակ Գևորգի Եդիգորյան (մայիսի 30, 1915(1915-05-30), Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունիսի 12, 1973(1973-06-12), Կուրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային պետական և ռազմական գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, փոխգնդապետ (1968)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցոլակ Եդիգորյանը ծնվել է 1915 թվականի մայիսի 17-ին (30) (այլ տվյալներով՝ նույն թվականի մայիսի 18-ին (31)) Էրիվանում (այժմ՝ Երևան)։ 1939 թվականին Ցոլակ Եդիգորյանն ավարտել է Ռոստովի ֆինանսատնտեսական ինստիտուտը։ 1939 թվականի սեպտեմբերին զորակոչվել է բանակ, որտեղ ծառայել է Հյուսիսային Կովկասի ռազմական օկրուգի ռազմական հակահետախուզությունում։

Հայրենական մեծ պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի հուլիսին նշանակվել է ՆԳԺԿ 9-րդ բանակի թիկունքի պաշտպանության հատուկ վարչության պետի տեղակալի պաշտոնում։ Այդ պաշտոնում աշխատել է մինչև նույն թվականի նոյեմբերը, երբ նշանակվել է 8-րդ սակրավորական բանակի ռազմադաշտային շինարարության 151-րդ բանակային վարչության ՆԳԺԿ-ի հատուկ բաժնի պետի տեղակալ, որը մասնակցել է Դոնի պաշտպանական բնագծի շինարարությանը՝ Ակսայ-Դոն-Սևերսկի Դոնեց գետերի երկայնքով, ինչպես նաև Վորոշիլովգրադի և Ռոստովի պաշտպանական շրջապարսպի շինարարությանը։ 1942 թվականի մարտից Ցոլակ Եդիգորյանն եղել է 140-րդ տանկային բրիգադի ՆԳԺԿ հատուկ բաժնի պետի տեղակալ։ Մասնակցել է Կովկասի համար մղվող մարտերին։

1943 թվականի հունվարից օգոստոսը եղել է Արմավիրի թիվ 261 հատուկ ճամբարի ՍՄԵՐՇ հակահետախուզության վարչության պետի տեղակալ, իսկ 1943 թվականի օգոստոսից մինչև 1944 թվականի հոկտեմբերը՝ Կրասնոդարի թիվ 205 հատուկ ճամբարի ՍՄԵՐՇ հակահետախուզության վարչության պետի տեղակալ։ 1944 թվականի հոկտեմբերից Եդիգորյանը եղել է ՍՄԵՐՇ գլխավոր տնօրինության պահեստազորում, իսկ 1945 թվականի մարտից հունիսն աշխատել է 50-րդ առանձին ուսումնական հրաձգային գնդի (Օրյոլի զինվորական օկրուգ) ՍՄԵՐՇ հակահետախուզության վարչության պետի տեղակալ։

1945 թվականի հունիսից կապիտան Եդիգորյանը գտնվել է պահեստազորում։

Հետպատերազմյա կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1945-1949 թվականներին Ցոլակ Եդիգորյանն աշխատել է կուսակցության Կաստորնենսկի շրջկոմի քարտուղար կադրերի գծով, ինչպես նաև հրահանգիչ կուսակցության Կուրսկի մարզկոմի կուսակցական, արհմիութենական և կոմերիտական մարմինների բաժնում, 1949-1959 թվականներին՝ կուսակցության Օբոյանի շրջկոմի առաջին քարտուղար։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1957 թվականի դեկտեմբերի 7-ի հրամանագրով գյուղատնտեսության զարգացման գործում հաջողությունների հասնելու և գյուղմթերքների արտադրության բարձր ցուցանիշներ ապահովելու համար Ցոլակ Եդիգորյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում՝ նրան հանձնելով Լենինի շքանշան և «Մուրճ ու մանգաղ» մեդալ։

1960-1962 թվականներին Ցոլակ Գևորգի Եդիգորյանն աշխատել է կուսակցության Դմիտրիևսկի շրջկոմի առաջին քարտուղար, 1963 թվականի հունվարից՝ Կուրսկի մարզկոմի և մարզային գործկոմի կուսակցական և պետական վերահսկողության կոմիտեի նախագահի տեղակալ, 1966 թվականի հունվարից մինչև 1970 թվականի սեպտեմբեր՝ Կուրսկի մարզի ժողովրդական վերահսկողության կոմիտեի նախագահ, իսկ 1970 թվականից՝ ռեստորանների և սրճարանների Կուրսկի մարզային տրեստի կառավարիչ։

Ցոլակ Գևորգի Եդիգորյանն ապրել է Կուրսկում, որտեղ էլ մահացել է 1973 թվականի հունիսի 12-ին։ Թաղված է Կուրսկի Հյուսիսային գերեզմանատանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի շքանշան (7.12.1957),
  • Կարմիր աստղի շքանշան (01/14/1944),
  • Պատվո նշան շքանշան,
  • Մեդալներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

 Ցոլակ Եդիգորյան «Երկրի հերոսներ» կայքում