Տոկուձին Յոսիոկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոկուձին Յոսիոկա
ճապ.՝ 吉岡徳仁
Դիմանկար
Ծնվել էհունվարի 20, 1967(1967-01-20)[1] (57 տարեկան)
ԾննդավայրՍագա (պրեֆեկտուրա), Ճապոնիա կամ Սագա, Ճապոնիա[2]
Քաղաքացիություն Ճապոնիա[3]
Մասնագիտությունդիզայներ և գրաֆիկական դիզայներ
Կայքtokujin.com
 Tokujin Yoshioka Վիքիպահեստում

Տոկուձին Յոսիոկա (ճապ.՝ 吉岡徳仁, հունվարի 20, 1967(1967-01-20)[1], Սագա (պրեֆեկտուրա), Ճապոնիա և Սագա, Ճապոնիա[2]), ճապոնացի առավել հայտնի ժամանակակից դիզայներներից մեկը։  

Կարճ կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1967 թվականին, Սագա պրեֆեկտուրայում։ 1986 թվականին ավարտել է դիզայնի դպրոցը Կուվասավայում, Տոկիոյում, այնուհետև փորձաշրջան է անցել Սիրո Կուրամատոյի ղեկավարությամբ։ Աշխատել է Իսսեյ Միյակեում (Issey Miyake), և այսօրվա դրությամբ նրա ամենահայտնի աշխատանքներից մեկն այդ դիզայն ստուդիայի համար նախագծված խանութն է Տոկիոյում։ 1992 թվականից ինքնուրույն գործունեություն է սկսել որպես ֆրիլանսեր, իսկ 2000 թվականին հիմնել է սեփական «Tokujin Yoshioka Design» ընկերությունը։ Համագործակցում է Իսսեյ Միյակեի հետ ավելի քան քսան տարի։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոկուձին Յոսիոկայի ստուդիան ինտերիեր և ցուցադրության տարածքներ է ձևավորում Issey Miyake-ի, Hermes-ի, Muji-ի և Peugeot-ի համար, ինչպես նաև ակտիվորեն ներգրավված է արտադրական դիզայնի ոլորտում։ Տոկուձին Յոսիոկայի ինստալյացիաներում առկա է խաղարկային ֆուտուրիզմի ընդգծված գեղագիտություն։ 2002 թվականին դիզայներն արտադրանքի հավաքածու է մշակել իտալական Driade ընկերության համար` Tokyo Soft անվամբ, որը դարձել է աշխարհում փափուկ կահույքի լավագույն օրինակներից մեկը։

2001 թվականին Տոկուձին Յոսիոկան ներկայացրել է բազկաթոռների էպատաժային Honey Pop հավաքածուն, որը ներառում էր ինքնատիպ տրանսֆորմերներ` պատրաստված սեղմված թղթի թերթիկներից։ Honey Pop բազկաթոռը, որը նաև հայտնվել է Բեռլինի Vitra Design թանգարանում և Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում, ամբողջությամբ կրկնում է դրա մեջ նստող մարդու մարմնի ձևերը։ Նրբագեղ «honey-pop design»-ը զարգացվել է նաև բազկաթոռների հետագա փորձարկումների ժամանակ, որի արդյունքում հայտնվել է «Tokyo-Pop» հավաքածուն (2002)։ Այդ հավաքածուի բազկաթոռը, որն ստեղծված էր ժամանակակից պոլիմերային նյութերից, մեծ հաջողություն է ունեցել Միլանի միջազգային սալոնում։

2006 թվականին նույն միլանյան սալոնում ճապոնացի դիզայները ներկայացրել է իր նորաթուխ նախագիծը` Pane Chair բազկաթոռը (իտալերեն pane բառը նշանակում է հաց)։ Ինքը` դիզայներն ասում է, որ «բազկաթոռային» փորձարկումներով է զբաղվում այն պատճառով, որ դա անելի շատ բարդ է։ Ըստ նրա` մարդկության պատմության ընթացքում ստեղծված բազկաթոռների հազարավոր մոդելներից միայն հարյուրավորները կարելի է հարմարավետ կոչել։

Տոկուձին Յոսիոկայի աշխատանքներից են ժամացույցը, որը նրա ստեղծել է Իսսեյ Միյակէի պատվերով, Media Skin շարքի բջջային հեռախոսը, որն ստեղծվել է KDDI բրենդի համար, ինչպես նաև` երկու նոր բազկաթոռները` «սերուցքայինը» (Panna Chair) և «բազկաթոռ ծաղկեփունջը» (Bouquet Chair):

2007 թվականին դիզայնի Design Miami ցուցադրության ժամանակ Տոկուձին Յոսիոկան ստացել է տարվա լավագույն դիզայների կոչում[4]։

2009 թվականին BaselWorld ցուցահանդես-վաճառքի ժամանակ դիզայները ներկայացրել է Swarovski տաղավարը, որի վրա կախված էին բազմաթիվ մանր հայելիներ։

2015 թվականին ստեղծել է Brook, Moroso փափկաթոռները Լոնդոնում ֆլամանդական Issey Myiake խանութի համար։

2016 թվականին Իսսեյ Միյակեի ցուցահանդեսի համար դիզայները մտահղացել է Transparent body ինստալյացիան։

Տոկուձին Յոսիոկային վստահել են նախագծել 2020 թվականի Օլիմպիական խաղերի ստադիոնը Տոկիոյում։

Նրա ստեղծագործությունները ներկայացված են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, Փարիզի Պոմպիդու կենտրոնում և Վիտրա դիզայնի թանգարանում։

Առարկայական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015` LG Fx0 «թափանցիկ» սմարթֆոնը` KDDI բջջային կապի օպերատորների համար
  • 2010` «Անտեսանելիները» (անգլ.՝ The Invisibles) կահույքի հավաքածու` մշակված իտալական Kartell-ի համար[5]
  • 2010` «Հիշողություն» (անգլ.՝ Memory) բազկաթոռը, որն ստեղծվել է ալյումինի վերամշակումից, իտալական Moroso ընկերության համար
  • 2009` «Ami Ami» սեղանների և աթոռների շարք` պոլիկարբոնատից, Kartell-ի համար
  • 2009` «Ամպիկ» բազկաթոռ (անգլ.՝ Cloud Chair), ստեղծվել է Moroso-յի պատվերով
  • 2008` «Ծաղկեփունջ» բազկաթոռ (անգլ.՝ Bouquet Chair), Moroso-յի պատվերով։ Փորձնական օրինակն արվել է 30 հազար թղթե անձեռոցիկներից։ Հետագայում ատրաստման համար օգտագործվել է կտոր։
  • 2008` «Երկինք» բազկաթոռ, ստեղծվել է իտալական Cassina ընկերության պատվերով
  • 2006` «Media Skin» բջջային հեռախոս, որը մշակվել է KDDI բջջային կապի օպերատորի au Design նախագծի շրջանակներում (Ճապոնիա)
  • 2006` «Հաց» բազկաթոռը (անգլ.՝ Pane Chair)
  • 2002` Tokyo-Pop հավաքածուն, որն ստեղծվել է ժամանակակից պոլիմերային նյութերից` իտալական Driade ընկերության համար
  • 2001` Honey Pop բազկաթոռների հավաքածու

Հիմնական աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]