Jump to content

Պոլիմերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլիմերներ
Պոլիպրոպիլենի մոլեկուլային շղթա
Տեսակքիմիական միացությունների խումբ
Ենթադասխառնուրդ[1] և նյութ
Կազմված էՄակրոմոլեկուլ[2]
Մասնագիտությունpolymer science?
MeSHD05.750, D25.720 և J01.637.051.720
Նկարագրված էՀայկական սովետական հանրագիտարան և «Օտտո» գիտական հանրագիտարան
 Polymers Վիքիպահեստում

Պոլիմերներ (հունարեն՝ πολύ — շատ; μέρος — մաս), մեծ մոլեկուլային զանգված ունեցող քիմիական միացություններ, որոնց մոլեկուլները՝ մակրոմոլեկուլները, բաղկացած են բազմաթիվ անգամ կրկնվող ատոմական խմբերից՝ մոնոմերային (տարրական) օղակներից։ Պոլիմերները բարձրամոլեկուլային միացություններ են, որոնց մոլեկուլային զանգվածը մի քանի հազարից հասնում է մի քանի միլիոնի։ Մակրոմոլեկուլներում մոնոմերային օղակները իրար են միացված կովալենտային կամ դոնորակցեպտորային կապերով։

Պոլիմեր տերմինը գիտության մեջ մտցրել է Ի․ Բերցելիուսը (1833)։ Նա պոլիմերիա է անվանել իզոմերիայի հատուկ տեսակը (էթիլեն և բութիլեն, եռօքսիմեթիլեն և մրջնալդեհիդ, թթվածին և օզոն)։ Այդ ժամանակ պոլիմերները հայտնի չէին, հանդիպող «խեժացման» ռեակցիաները համարվում էին անցանկալի, ստացվող «խեժերը» ուսումնասիրված չէին։ Սինթետիկ պոլիմերներ առաջին անգամ հիշատակվում են 1838 թվականին (պոլիվինիլիդենքլորիդ) և 1839 թվականին (պոլիստիրոլ)։ Պոլիմերների քիմիան ստեղծվեց XIX դարի 60-ականներին, Ա․ Բուտլերովի նյութի քիմիական կառուցվածքի տեսության ստեղծումից հետո։ Սինթետիկ կաուչուկի ստացման եղանակների հետազոտությունները (մինչե XX դ․ 20-ականներ) խթանեցին պոլիմերային քիմիայի զարգացումը։ Գերմանացի քիմիկոս Հ․ Շտաուդինգերի (1881-1965 թթ.) հետազոտությունները հիմք դրեցին պոլիմերների ժամանակակից պատկերացումներին՝ որպես մակրոմոլեկուլային նյութեր։ Նախնական իմաստով պոլիմեր տերմինն այլևս չի օգտագործվում։

Պոլիմերների դասակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ծագման պոլիմերները լինում են՝ բնական (բնական խեժեր և կենսապոլիմերներ՝ սպիտակուցներ, նուկլեինաթթուներ, թաղանթանյութ և այլն) և սինթետիկ (պոլիէթիլեն, ֆենոլմրջնալդեհիդային խեժեր և այլն)։ Հայտնի պոլիմերների բազմազանությունը դժվարացնում է նրանց դասակարգումը․ մինչև այժմ չի ստեղծված պոլիմերների դասակարգման կուռ համակարգ։ Առավել տարածված են պոլիմերների բաղադրության ու կառուցվածքի և նրանց առաջացման մեխանիզմի վրա հիմնված դասակարգումները։ Եթե մակրոմոլեկուլը բաղկացած է միատեսակ մոնոմերային օղակներից, ապա պոլիմերը կոչվում է հոմոպոլիմեր (այդպիսիք են պոլիվինիլքլորիդը, պոլիկարբամիդը, թաղանթանյութը և այլն)։ Պոլիմերները, որոնց մակրոմոլեկուլները բաղկացած են տարբեր մոնոմերային օղակներից, կոչվում են համապոլիմերներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 356
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլիմերներ» հոդվածին։