Տնտեսական կոնյունկտուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տնտեսական կոնյունկտուրա (լատ.՝ conjunctura conjungo - Կապել, միացնել ), կապիտալիզմի օրոք, կոնկրետ պատմական պայմաններում, վերարտադրության պրոցեսն է՝ ամբողջությամբ և շուկայական դրսևորմամբ։ Կոնյունկտուրայի հիմքում ընկած է կապիտալիստական վերարտադրության ցիկլի պտույտը և գերիշխում է նրա շարժման վրա։ Սակայն ցիկլի առանձին փուլերի շրջանակներում կոնյուկտուրայի ձևավորումն ու զարգացումը ենթարկվում է խիստ տատանումների՝ պայմանավորված ցիկլային ( հիմնական կապիտալի նորացման մասշտաբներն ու տեմպերը, պահանջարկը սպառման ապրանքների նկատմամբ, դրամավարկային ոլորտի վիճակը) և ոչ ցիկլային (գիտատեխնիկական առաջընթացը, արտադրության և կապիտալի համակենտրոնացումն ու կենտրոնացումը, պետական մոնոպոլիստական կապիտալիզմի զարգացումը, տնտեսության ռազմականացումը, ինֆլյացիան և այլն ) գործոնների ու պատահական երևույթների ազդեցությամբ և կապիտալիստական տնտեսության զարգացման արտաքին պայմանների փոփոխությամբ։ Կապիտալիստական երկրների տնտեսություններում միաժամանակ զարգանում են շուկայական և ապրանքային բազմաթիվ կոնյունկտուրաներ, որոնք ընդհանուր տնտեսության կոնյունկտուրայի բաղկացուցիչ մասերն են։

Կոնյունկտուրայի հիմնական ցուցանիշներն են՝ արդյունաբերական ապրանքների թողարկման և կապիտալ շինարարության ծավալը, ներքին և արտաքին առևտրի շարժը, արտադրական կարողությունների օգտագործման աստիճանը, պատրաստի արտադրանքի, կիսաֆաբրիկատների և հումքի պաշարների մեծությունը, գնի, շահույթի, տոկոսի, արժեթղթերի կուրսի, զբաղվածության և գործազրկության դինամիկան, աշխատավարձի շարժը, սնանկացումների մասշտաբները և այլն։ Կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի արդի փուլում կոնյունկտուրայի ձևավորման ու զարգացման վրա էական ազդեցություն են թողնում գիտատեխնիկական հեղափոխությունը, համաշխարհային սոցիալիստական համակարգի արագ զարգացումն ու կապիտալիզմի համակարգում կատարվող խոր տեղաշարժերը։ Սոցիալիզմի պայմաններում կոնյունկտուրաներն յուրաքանչյուր տվյալ պահին առաջացող և ժողովրդավարական տնտեսական պլանի կատարման ընթացքից կախված ՝ սոցիալիստական արտադրության արդյունքների իրացման կոնկրետ պայմաններն են։

Ձևավորման մեխանիզմը պայմանավորված է սոցիալիստական շուկայի բնույթով և օրինաչափություններով։ Որոշվում է արտադրության միջոցների և սպառման առարկաների պահանջարկի հարաբերակցությամբ, հանդիսանում առաջարկն ու պահանջարկը ձևավորող, նրանց վրա ազդող բոլոր պրոցեսների և երևույթների դինամիկայի արդյունք ու արտահայտություն։ Բնութագրող ցուցանիշներն են մեծածախ և մանրածախ առևտրում ապրանքային պաշարների մակարդակը, բնակչության դրամական խնայողությունների ու մանրածախ ապրանքաշրջանառության ծավալի հարաբերակցությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 572 CC-BY-SA-icon-80x15.png