Jump to content

Տիկնիկների հովիտը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիկնիկների հովիտը
անգլ.՝ Valley of the Dolls
ՀեղինակԺաքլին Սյուզան
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրսիրավեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
ՀաջորդThe Love Machine?
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1966

«Տիկնիկների հովիտը» (անգլ.՝ Valley of the Dolls), ամերիկացի գրող Ժաքլին Սյուզանի առաջին վեպը։ 1966 թվականին լույս տեսած տարվա ամենաշատ վաճառված վեպն է[1]։ 2016 թվականի դրությամբ այն վաճառվել է ավելի քան 31 միլիոն օրինակով[2]՝ համարվելով հրատարակչական պատմության բոլոր ժամանակների ամենավաճառվող գեղարվեստական գործերից մեկը[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականին գեղեցկուհի Աննա Ուելսը տեղափոխվում է Նյու Յորք՝ փախչելու Մասաչուսեթսի իր հայրենի քաղաքի միապաղաղությունից։ Նա որպես քարտուղարուհի աշխատանքի է անցնում իրավաբան Հենրի Բելամիի մոտ և ընկերանում է դերասանուհի Նիլի Օ'Հարայի հետ։ Հենրիի աշխատակից Լիոն Բերկը վերադառնում է գործակալություն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, և Աննան, չնայած Հենրիի նախազգուշացմանը, սիրահարվում է Լիոնին։ Միևնույն ժամանակ, Աննան մի քանի անգամ ժամադրության է գնում Ալեն Կուպեր անունով առևտրականի հետ։ Ալենը հանկարծ բացահայտում է, որ ինքն իրականում միլիոնատեր է և այսքան ժամանակ այդ տեղեկությունը գատնի է պահել, որպեսզի համոզվի, որ Աննայի զգացմունքներն անկեղծ են։ Նա Աննային ամուսնության առաջարկություն է անում, և նրանց սիրո պատմությունը դառնում է մեդիա սենսացիա։

Աննան ընկերանում է Հելեն Լոուսոնի՝ փայլուն, սակայն դժբախտ Բրոդվեյան լեգենդի հետ։ Նիլին աշխատանքի է ընդունվում Հելենի մոտ, բայց Հելենը չի սիրում Նիլին և նրան չնչին դեր է տալիս։ Աննան օգտագործում է Լիոնի հետ իր ծանոթությունը՝ Նիլիին ավելի մեծ դեր տալու համար, և Նիլին դառնում է աստղ։ Հելենն այնուհետև անկեղծանում է Աննայի հետ և ասում, որ այսքան ժամանակ նրա հետ շփվել է միայն Ալենի հոր հետ մտերմանալու նպատակով։ Աննան նաև ընկերանում է երիտասարդ դերասանուհի Ջենիֆեր Նորթի հետ։

Շոուի բացման գիշերը Աննան ու Լիոնը միմյանց խոստովանում են իրենց զգացմունքների մասին, և Աննան ու Ալենը բաժանվում են։ Շոուն մեծ հաջողություն է գրանցում և Նիլին տեղափոխվում է Կալիֆորնիա՝ կինոկարիերա սկսելու համար։ Աննայի մայրը մահանում է, և նա Լիոնի հետ վերադառնում է հայրենի քաղաք։ Լիոնը ցանկանում է հեռանալ գործակալությունից, ապրել Աննայի հայրենի տանը և վեպեր գրել։ Չնայած Աննան իսկապես սիրում է Լիոնին, սակայն հրաժարվում է վերադառնալ Մասաչուսեթս։ Լիոնը խզում է Աննայի հետ հարաբերությունները և տեղափոխվում Անգլիա՝ վեպեր գրելու։ Տարիներ անց Աննան ի վերջո դառնում է մոդել և սկսում է հանդիպել կոսմետիկ ընկերության սեփականատեր, տարեց, հարուստ Քևին Գիլմորի հետ։

Միևնույն ժամանակ Ջենիֆերը հարաբերություններ է սկսում երգիչ Թոնի Փոլարի հետ, սակայն Թոնիի ավագ քույր Միրիամը անընդհատ խանգարում է նրանց հարաբերություններին։ Ջենիֆերը ստիպում է Թոնիին ամուսնանալ իր հետ, իսկ հետո հղիանում է։ Ջենիֆերը կախվածության մեջ է ընկնում «տիկնիկներ»-ից (թմրամիջոցներից), որպեսզի հանգստացնի իր քայքայված նյարդերը։ Վերջապես Միրիամը բացահայտում է, թե ինչու էր խանգարում Ջենիֆերի և Թոնիի հարաբերություններին. Թոնին զարգացման խանգարումներ ունի, և երեխան, հավանական է,որ կժառանգի դրանք։ Ջենիֆերը աբորտ է անում և համաձայնում է բաժանվել Թոնիից։ Այնուհետև նա տեղափոխվում է Եվրոպա և աշխատանք գտնում Art House ֆիլմարտադրությունում։

Նիլին այդ ընթացքում դարձել էր հայտնի դերասանուհի և իր երկրորդ ամուսնուց ունեցել երկվորյակ որդիներ։ Երկար աշխատանքային օրերը և ամուսնու դավաճանությունները նրան կախվածության մեջ են գցում «տիկնիկներ»-ից, և նա աստիճանաբար կորցնում է իր փառքը։ Ստուդիան նրան հեռացնում է աշխատանքից։ Աննան նորից կապվում է Նիլիի հետ։ Քևինը առաջարկում է վերակենդանացնել Նիլիի կարիերան՝ նրան իր ապրանքանիշի հեռուստատեսային շոուում երգչի դերակատար դարձնելով։ Նիլին սկզբում հրաժարվում է, բայց հաջող ակումբային ելույթից և Հելենի հետ ընդհարումից հետո համաձայնում է։ Չկարողանալով հարմարվել ծանրաբեռնված գրաֆիկին՝ նա թմրանյութի մեծ չափաբաժին է ընդունում ելույթից խուսափելու համար, իսկ հետո հեռանում է Եվրոպա։

Եվրոպայում Ջենիֆերին ստիպում են պլաստիկ վիրահատություն կատարել, քանի որ նա միշտ ստել է իր իրական տարիքի մասին։ Եվրոպայում իր կարիերայից և ընկերոջից դժգոհ՝ նա վերադառնում է Միացյալ Նահանգներ։ Երեք տարի անց նշանվում է մի տարեց սենատորի հետ, և անհամբեր սպասում է, թե երբ է ամուսնանալու և երեխա ունենալու։ Սակայն բժշկական ստուգումների ժամանակ պարզվում է, որ Ջենիֆերը կրծքագեղձի քաղցկեղ ունի, և բուժումը, հավանաբար, նրան կզրկի երեխա ունենալու հնարավորությունից։ Այն բանից հետո, երբ նրա փեսացուն հայտնում է, որ երեխաներ չի ուզում և իրեն հետաքրքրում է միայն Ջենիֆերի մարմինը, նա համոզվում է, որ իրեն երբեք չեն սիրի այնպիսին, ինչպիսին որ կա և փախչելով հիվանդանոցից՝ ինքնասպանություն է գործում։

Նիլին կրկին հայտնվում է Ջենիֆերի հուղարկավորության ժամանակ։ Նա, ըստ երևույթին, հոգեբանական խնդիրների պատճառով կորցրել է ձայնը։ Ինքնավնասման փորձ անելուց հետո Նիլին հոսպիտալացնում են։ Միևնույն ժամանակ, Լիոնը վերադառնում է Նյու Յորք և նորից հանդիպում Աննայի հետ։ Աննան չի կարողանում հաղթահարել Լիոնի հանդեպ իր զգացմունքները, և նրանք սիրավեպ են սկսում։ Քևինը ի վերջո իմանում է այս մասին և բաժանվում է Աննայից։ Որոշ ժամանակ անց Նիլին վերականգնում է իր ձայնը Թոնի Պոլարի հետ հանպատրաստից ելույթից հետո։ Աննան ու Հենրին փորձում են համոզել Լիոնին թողնել գրողի կարիերան և դառնալ գործակալության բաժնետեր։ Հենրին պարտքով գումար է տալիս Լիոնին, որն իրականում իրեն Աննան էր տվել։

Լիոնը հաջողությամբ պլանավորում է Նիլիի կարիերայի վերադարձը։ Աննան և Լիոնն ամուսնանում են, և Աննան հղիանում է, բայց նրա երջանկությունը կարճ է տևում։ Լիոնը Նիլիից իմանում է, թե ինչպես է Աննան գաղտնի գումար տվել Հենրիին, և իրեն խաբված է զգում։ Լիոնը և Նիլին սիրավեպ են սկսում։ Հենրին համոզում է Աննային սպասել և ձևացնել, որ նա ոչինչ չգիտի, վստահեցնելով, որ Լիոնը կհոգնի Նիլիից և կվերադառնա իր մոտ։ Սիրավեպը տևում է տարիներ, Նիլին ստիպում է Լիոնին վերջ դնել իր ամուսնությանը։ Աննան նյարդային վիճակից կախվածության մեջ է ընկնում «տիկնիկներից», իսկ Լիոնը դժկամությամբ մնում է նրա հետ։ Որոշ ժամանակ անց նա խզում է հարաբերությունները, բայց շատ չանցած սկսում է հանդիպել դեռահաս երգչուհու հետ։ Աննան վերջապես հասկանում է, որ Լիոնը երբեք չի դադարի սիրավեպեր ունենալ, և ինքն ի վերջո հիասթափվելում է նրանից ու փորձում հաղթահարել բաժանումը առանց իր «տիկնիկների»։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզանն, ըստ երևույթին, երկար ժամանակ մտածել է վեպի մասին։ Դրանից մի քանի տարի առաջ նա իր ընկերուհու՝ դերասանուհի Բեատրիս Քոուլի հետ (մոտ 1910–1999)[4], սկսել էր «Նրբաբլիթի տակ» (անգլ.՝ Underneath the Pancake) շոու-բիզնեսյան վեպը։ Ավելի ուշ նա մտածել է շոու-բիզնեսում թմրանյութերի օգտագործման մասին վեպ գրել, որը կոչել է «Վարդագույն տիկնիկներ»[5]։

«Տիկնիկների հովիտը» համարվում է «բանալիով վեպ» (ֆր.՝ roman à clef), որի կերպարները հիմնված են հայտնի անձանց՝ ինչպես Ջուդի Գառլենդի, Քերոլ Լենդիսի, Դին Մարտինի և Էթել Մերմանի կյանքի հիման վրա[6]։ 1973 թվականին՝ իր երրորդ վեպի հրատարակումից հետո, Սյուզանը ասել է․ «Թող շարունակեն անվանել այն բանալիով վեպ։ Դա միայն կնպաստի իմ գրքերի վաճառքին։ Ինձ չի հետաքրքրում»[7]։

Սյուզանը գիրքը նվիրել է իր շանը՝ Ժոզեֆինին, և ամուսնուն՝ Իրվինգ Մենսֆիլդին[8]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը հրատարակել է Bernard Geis Associates-ը 1966 թվականի փետրվարի 10-ին[9]։

Գիրքը հիմնականում բացասական արձագանքներ է ստացել։ Publishers Weekly-ն, նախնական գրախոսության մեջ, այն անվանել է «փայլուն և սենսացիոն, սակայն վատ գրված վեպ»[10]։ Ֆեմինիստ Գլորիա Սթայնեմը քննադատել է գիրքը The New York Herald Tribune-ում[11]։ Time ամսագիրը այն անվանել է «Ամսվա սկանդալային գիրքը»[12]։

Չնայած բացասական արձագանքներին՝ գիրքը կոմերցիոն մեծ հաջողություն է ունեցել։ 1966 թվականի մայիսի 8-ին՝ ցուցակում ընդգրկվելու իններորդ շաբաթում, գիրքը հասել է New York Times բեսթսելերների ցուցակի առաջին հորիզոնական և պահպանել իր դիրքը 28 շաբաթ անընդմեջ[13]։ Ընդհանուր 65 շաբաթ ցուցակում գտնվելուց հետո, այն դարձել է 1966 թվականի ամենավաճառվող վեպը[1]։ 1974 թվականին՝ Սյուզանի մահվան տարում, այն մուտք է գործել Գինեսի ռեկորդների գիրք՝ որպես հրատարակության պատմության մեջ ամենավաճառվող վեպ՝ վաճառված ավելի քան 17 միլիոն օրինակով[14]։ 2016 թվականի դրությամբ գիրքը վաճառվել է ավելի քան 31 միլիոն օրինակով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 The 20th-Century American Bestsellers Database: 1960s. University of Virginia, via Publishers Weekly, 2016. Retrieved January 10, 2017.
  2. 2,0 2,1 Symonds, Alexandria. 'Valley of the Dolls', by the numbers. T: The New York Times Style Magazine. February 9, 2016. Retrieved January 10, 2017.
  3. Best Seller. Encyclopedia Britannica. February 23, 2011. Retrieved January 10, 2017.
  4. Seaman, Barbara. Lovely Me: The Life of Jacqueline Susann. 2nd ed. (New York: Seven Stories Press, 1996), p. 197.
  5. Seaman. Lovely Me, p. 251-252.
  6. Collins, Amy Fine. Once Was Never Enough. Vanity Fair, January 2000. Retrieved January 5, 2017.
  7. Kasindorf, Martin. Jackie Susann Picks Up the Marbles. The New York Times, August 12, 1973. Retrieved January 5, 2017.
  8. Susann, Jacqueline. Valley of the Dolls. New York: Bernard Geis Associates, 1966.
  9. Daniels, Mary. Susann's Best Love Story a Private Affair. Chicago Tribune. August 15, 1976. Retrieved January 10, 2017.
  10. Mansfield, Irving and Jean Libman Block. Life with Jackie. New York: Bantam Books, 1983, p. 132.
  11. Seaman, Lovely Me, p. 314.
  12. Books: Dirty Book of the Month. Time. April 22, 1966. Retrieved January 10, 2017.
  13. Adult New York Times Best Seller Lists for 1966. Hawes Publications. [n.d.] Retrieved January 10, 2017.
  14. Johnston, Laurie. Jacqueline Susann Dead at 53; Novelist Wrote 'Valley of Dolls'. The New York Times. September 23, 1974. Retrieved January 9, 2017.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]