Տահիտցի երեք կանայք` դեղին ֆոնին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տահիտցի երեք կանայք` դեղին ֆոնին
տեսակգեղանկար
նկարիչՊոլ Գոգեն
տարի1899[1]
բարձրություն68 սանտիմետր[1]
լայնություն73,5 սանտիմետր[1]
ստեղծման վայրՖրանսիա[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ[1]
սեփականատերԻվան Մորոզով
Ծանոթագրություններ

Տահիտցի երեք կանայք` դեղին ֆոնին (ֆր.՝ Trois femmes tahitennes sur fond jaune), ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենի նկարը` Էրմիտաժի հավաքածուից։ 

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավի վրա պատկերված են տահիտցի երեք կանանց կերպարներ, որոնք ուղիղ կանգնած են, նրանցից երկուսը դեմքով դեպի դիտորդն են, մեկը` մեքջով է։ Ծայրերում պատկերված կանայք շրջվում են կենտրոնում պատկերվածից։ Ներքևի աջ անկյունում նկարչի ստորագրությունն ու ամսաթիվն է` Paul Gauguin 99:

Ինչպես երևում է հեղինակային ստորագրությունից` նկարը պատկերվել է 1899 թվականին։ Հենց այդ ժամանակ Գոգենն ուղարկել է այն իր ընկերոջը` Դանիել Մոնֆրեյդին, որն էլ 1900 թվականի հոկտեմբերի 17-ին փոխանցել է այն Ամբրուազ Վոլարի պատկերասրահ։ Ուղեկցող նամակում Գոգենը նկարագրել է նկարը. «Կանգնած երեք կանայք` ոսկեգույն-դեղին ֆոնին, կանաչով շոշափված»[2]։ 1904 թվականի հոկտեմբերի 28-ին նկարը գնել է Գերտրուդ Սթայնը, սակայն այն 1907 թվականի հունվարի 21-ին փոխանակման արդյունքում նորից հայտնվել է Վոլարի մոտ, որտեղ 1910 թվականի մայիսի 13-ին 10.000 ֆրանկով ձեռք է բերել մոսկովյան արդյունաբերող և կոլեկցիոներ Իվան Մորոզովը[3]։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Մորոզովի հավաքածուն ազգայնականացվել է, և 1923 թվականից նկարը գտնվել է Արևմտյան նոր արվեստի պետական թանգարանում։ 1934 թվականին նկարը փոխանցվել է Էրմիտաժ[4]։ 2014 թվականի վերջից այն ցուցադրվում է Գլխամասի շենքի չորրորդ հարկում, 413 սենյակում[5]։

Ըստ Ա. Կոստենևիչի` Գոգենը վերցրել է Ճավա կղզու Բորոբուդուրի տաճարի ռելիեֆի մոտիվները. 19-րդ դարի վերջին Բորոբուդուրն արդեն լայնորեն հայտնի էր Եվրոպայում, և դրա մեծ մասն ուսումնասիրված էր, Գոգենը կարող էր տեսնել դրա ճարտարապետության նկարներն ու լուսանկարները[3]։

Ա. Կոստենևիչը նաև կարծում է, որ նկարում պատկերված կանանց տեղադրվածությունը «խորհրդանշում է ինչ-որ սյուժետային հանելուկ, ինչը որոշվում է կերպարների դիրքերով. երկու կանայք շրջվում են երրորդից, որը կանգնած է նրանց միջև։ Սակայն այդ հանելուկը դեռ սպասում է իր հանգուցալուծմանը»[3].

Կտավը «Տահիտիական պաստորալ» նկարի մոտիվների հետագա մշակումն է (1898 թվական, Թեյթ բրիտանական պատկերասրահ, Լոնդոն)[6]. այս աշխատանքի ձախ մասում ևս գտնվում է երեք կանանց խումբ, միևնույն ժամանակ` նրանցից մեկը գրեթե ամբողջությամբ համապատասխանում է էրմիտաժյան նկարի կենտրոնական կերպարին` տարբերվելով նրանից միայն գլխի պտույտով և ձեռքին ունեցած սպիտակ ծաղիների փնջով։ Լոնդոնյան նկարի կանանց խումբը գրեթե նույնությամբ կրկնված է «Պտուղների հավաք» նկարում (1899 թվական, Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա)[7], ձախ կողմի կերպարը ևս շատ մոտ է էրիմտաժյան կտավի կենտրոնական կերպարին։ Եվ, վերջապես, նա նաև «Մարիայի ամիսը» կտավի գլխավոր կերպարն է (1899 թվական, Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ)[8]։ Բացի դրանից, նշված բոլոր կտավներին միավորում է դրանցում առկա դեղին ֆոնը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Барская А. Г., Костеневич, А. Г. Французская живопись. Вторая половина XIX — XX век. Каталог (Государственный Эрмитаж. Собрание западноевропейской живописи). — Л.: Искусство, 1991. — 473 с.
  • Братья Морозовы. Великие русские коллекционеры: каталог выставки / Государственный Эрмитаж; Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина. — СПб.: Изд-во Гос. Эрмитажа, 2019. — 368 с. — ISBN 978-5-93572-861-8
  • Wildenstein G. Gauguin. I. Catalogue. — Paris, 1964. — 283 p.