Վոլյունտարիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վոլյունտարիզմ, կամապաշտություն (լատ.՝ voluntas՝ կամք), իդեալիստական փիլիսոփայական ըմբռնում, որը կամքը դիտում է որպես կեցության սկզբունք։ Տերմինը մուծել է գերմանացի սոցիոլոգ Ֆ․ Տյոնիսը (1855–1936), 1883 թվականին։ Վոլյունտարիզմի տարրեր առկա են Օգոստինոս Երանելու և Ցոհան Դունս Սկոտի փիլիսոփայական հայացքներում։ Նորագույն Վոլյունտարիզմի նախադրյալ է Ի․ Կանտի ուսմունքը պրակտիկ բանականության (որը որպես կանխադրույթ ընդունում է կամքի ազատությունը) առաջնայնության մասին։ Սրանից ելնելով Ֆիխտեն կամքի մեջ տեսել է անձնավորության հիմքը, իսկ «Ես»-ի կամային գործունեության մեջ՝ կեցության բացարձակ ստեղծագործական սկզբունքը, աշխարհի հոգևոր ինքնածնման աղբյուրը։ Ընդ որում Ֆիխտեն (ինչպես և Կանտը, Շելինգը, Հեգելը) կամքը համարել է էությամբ բանական։ Ի հակադրություն նրա, Ա․ Շոպենհաուերը, որի փիլիսոփայության մեջ Վոլյունտարիզմը արդեն ինքնուրույն ուսմունք է, կամքին տվել է իռացիոնալիստական մեկնաբանություն, որտեղ կամքը ներկայանում է իբրև աշխարհի կույր, ոչ բանական, աննպատակ գործող նախասկիզբ։ Շոպենհաուերի (ինչպես և Է․ Հարտմանի) Վոլյունտարիզմը սերտորեն կապված է հոռետեսության (համաշխարհային պրոցեսը անիմաստ է, նրա հիմքում ընկած է անգիտակցական և կույր կամքը) հետ։ Ի տարբերություն Շոպենհաուերի հոռետեսական և ճակատագրապաշտական Վոլյունտարիզմի, Ֆ․ Նիցշեն Վոլյունտարիզմի հիմքում դրել է «իշխելու կամքը», որն իմաստավորում է մարդու և առհասարակ մշակույթի գոյությունը։ Տնտեսական Վոլյունտարիզմը հասարակության տնտեսական զարգացման մեջ վճռականը համարում է մարդկանց գիտակցությունն ու կամքը։ Այն հակադրվում է էկոնոմիկայի, որպես հասարակական կյանքի օբյեկտիվ հիմքի, գիտական, մատերիալիստական ըմբռնմանը, չի ընդունում գիտակցության ու կամքի նկատմամբ հասարակական կեցության առաջնայնությունը, ժխտում օբյեկտիվ տնտեսական օրենքների գոյությունը։ Մերժելով տնտեսական դետերմինիզմն ընդհանրապես, տնտեսական Վոլյունտարիզմը փորձում է հասարակության տնտեսական զարգացման ներքին պատճառները գտնել ականավոր անհատների կամային հատկանիշների մեջ։ Նման հակագիտական հայացքների համակարգը կարևոր տեղ է գրավում բուրժուական քաղաքատնտեսության մեջ և ծառայում է կապիտալիզմի ջատագովմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 489 CC-BY-SA-icon-80x15.png