Jump to content

Վինչենցո Պերուջա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինչենցո Պերուջա
Ծնվել էհոկտեմբերի 8, 1881(1881-10-08)[1]
ԾննդավայրԴումենցա, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն
Վախճանվել էհոկտեմբերի 8, 1925(1925-10-08)[1] (44 տարեկան)
Մահվան վայրՍեն Մոր դե Ֆոսե
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունart thief, painter and varnisher և glazier
 Vincenzio Peruggia Վիքիպահեստում

Վինչենցո Պերուջա (իտալ.՝ Vincenzo Pietro Peruggia, հոկտեմբերի 8, 1881(1881-10-08)[1], Դումենցա, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն - հոկտեմբերի 8, 1925(1925-10-08)[1], Սեն Մոր դե Ֆոսե), թանգարանի իտալացի աշխատող, դեկորատիվ նկարիչ։ 1911 թվականին գողացել է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարը:

Նկարի գողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոնա Լիզան Ֆլորենցիայի Ուֆֆիցի պատկերասրահում, 1913 թվականին: Թանգարանի տնօրեն Ջովանի Պոգին (աջից) զննում է նկարը:

1911 թվականին Պերուջան կատարել է այն, ինչը հետագայում կոչվել է 20-րդ դարի արվեստի ամենամեծ գողությունը: Ոստիկանության նախնական վարկածի համաձայն՝ Լուվրի նախկին աշխատակիցը կիրակի օրը՝ օգոստոսի 20-ին, թաքնվել է թանգարանում՝ իմանալով, որ թանգարանը հաջորդ օրը փակ է լինելու։ Ըստ Պերուջայի՝ ձերբակալությունից հետո Ֆլորենցիայում[2] հարցաքննության, նա թանգարան է մտել 1911 թվականի օգոստոսի 21-ին՝ երկուշաբթի օրը, առավոտյան ժամը մոտ 7-ին Լուվրի այլ աշխատակիցների կողմից օգտագործվող դռնից։ Ասել է, որ կրել է այն սպիտակ վերարկուներից մեկը, որը սովորաբար կրել են թանգարանի աշխատակիցները՝ ոչնչով չտարբերվելով թանգարանի մյուս աշխատակիցների հագուստից։ Երբ Լուվրի Մեծ պատկերասրահը, որտեղ ցուցադրվել է «Մոնա Լիզան», դատարկ է եղել, նա նկարը հանել է պատին ամրացրած չորս երկաթե ցցերից և տեղափոխել մոտակա ծառայողական սանդուղքի մոտ: Այնտեղ հանել է պաշտպանիչ ծածկը և շրջանակը։ Ավելի ուշ որոշ ականատեսներ հայտնել են, որ նա նկարը թաքցրել է իր հագուստի տակ։ Սակայն Պերուջայի հասակը եղել է 1 մետր 60 սանտիմետր [3], իսկ Մոնա Լիզան՝ մոտավորապես 77 սմ × 53 սմ, ուստի այն չէր տեղավորվի ստանդարտ հագուստի տակ, որը կրել են նրա հասակի մարդիկ։ Ինքը՝ առևանգողը, հայտարարել է, որ հանել է հագուստը, դրանով փաթաթել նկարը, փաթեթը դրել թևի տակ և Լուվրից դուրս եկել նույն դռնով, որով ներս է մտել[4]։ Պերուջան նկարը թաքցրել է Փարիզի իր բնակարանում[5]։

Նկարի վերադարձը Լուվր:

Նկարը երկու տարի պահել է իր բնակարանում՝ սնդուկի մեջ, ապա տեղափոխել Իտալիա։ Որոշ ժամանակ արվեստի գործը պահել է Ֆլորենցիայի իր բնակարանում: Գողին բռնել են, երբ նա կապվել է Ֆլորենցիայում արվեստի պատկերասրահի սեփականատեր Մարիո Ֆրատելլիի հետ։

Ըստ Ֆրատելիի վարկածի՝ Պերուջայի հանցագործության դրդապատճառը նկարն իր «պատմական հայրենիք» վերադարձնելու ցանկությունն է եղել, բայց նա նաև ակնկալել է վարձատրություն: Ֆրատելլին դիմել է Ուֆֆիցի պատկերասրահի տնօրեն Ջովանի Պոջիի օգնությանը, որը հաստատել է նկարի իսկությունը: Պոջին և Ֆրատելլին, նկարը տանելով «պահելու», հայտնել են ոստիկանությանը, որը ձերբակալել է Պերուջային[6]։ Վերականգնումից հետո նկարը ցուցադրվել է ամբողջ Իտալիայում, ապա 1913 թվականին վերադարձվել Լուվր։

Թեև նկարը դեռևս գողությունից առաջ էլ համարվում էր գլուխգործոց, նրա համբավը սահմանափակվում էր արվեստի աշխարհի հետ մասնագիտորեն կապված մարդկանց շրջանակով: Համատարած ուշադրությունը, որին նկարն արժանացավ մամուլի և ոստիկանության լայնածավալ հետաքննության շնորհիվ, և զգալի հանրային հետաքրքրությունը օգնեցին նկարին դառնալ աշխարհի ամենահայտնիներից մեկը[7]:

«Մոնա Լիզայի» գողության վերաբերյալ երկու գերակշռող տեսություն կա: Ինքը՝ Պերուջան, հայտարարել է, որ այն բանից հետո երբ իմացել է, որ Նապոլեոնը յուրացրել է իտալական արվեստի շատ գործեր նապոլեոնյան պատերազմների ժամանակ և հանցագործությունը կատարել է հայրենասիրական նկատառումներից ելնելով՝ նկարը ցանկացել է նկարը վերադարձնել Իտալիայում ցուցադրելու համար[8]: Վինչենցոն, հավանաբար, անկեղծ է եղել իր շարժառիթներում և տեղյակ չի եղել, որ Լեոնարդո դա Վինչին այս նկարը որպես նվեր է ուղարկել Ֆրանցիսկոս I-ին Ֆրանսիա տեղափոխվելուց հետո՝ թագավորական պալատում նկարիչ դառնալու համար 16-րդ դարում՝ Նապոլեոնի ծնվելուց 250 տարի առաջ:

Փորձագետները կասկածի տակ են դրել «հայրենասիրության» շարժառիթը՝ պատճառաբանելով, որ եթե դա իրականություն լիներ, Պերուջան կտավը կնվիրեր իտալական թանգարանին, այլ ոչ թե կփորձեր օգուտ քաղել դրա վաճառքից: Փողի հարցը հիմնավորվում է նաև նամակներով, որոնք Պերուջան գողությունից հետո ուղարկել է հորը։ 1911 թվականի դեկտեմբերի 22-ին, գողությունից չորս ամիս անց, գրել է, «ես իմ հարստությունը կստեղծեմ»[9]։ Հաջորդ տարի՝ 1912 թվականին, գրել է՝, «ես երդվում եմ, որ երկար կապրես և կվայելես այն պարգևը, որը շուտով քո որդին կստանա քո և մեր ողջ ընտանիքի համար»։

Դատավարության ընթացքում մեղադրող կողմը որոշ չափով համաձայնել է, որ Պերուջան հանցագործությունը կատարել է հայրենասիրական նկատառումներից ելնելով, և նրան մեղմ պատիժ է նշանակել։ Բանտարկվել է մեկ տարի 15 օրով, բայց Իտալիայում նրան դիմավորել են որպես մեծ հայրենասերի, և նա բանտում մնացել է ընդամենը յոթ ամիս[10]։

Հետագայում մեկ այլ տեսություն է առաջացել: Գողությունը կարող է հրահրվել կամ ծրագրված լինել Էդուարդո դե Վալֆիերնոյի կողմից՝ խարդախ, որը ֆրանսիացի կեղծարար Իվ Շոդրոնին հանձնարարել էր նկարի կրկնօրինակները պատրաստել՝ անհետացած բնօրինակի փոխարեն վաճառելու համար: Պատճենների արժեքը կբարձրանա, եթե բնօրինակը գողանան: Այս տեսությունն ամբողջությամբ հիմնված է The Saturday Evening Post-ում նախկին լրագրող Կարլ Դեքերի 1932 թվականի հոդվածի վրա: Դեքերը պնդել է, որ ճանաչում է Վալֆյերնոյին և լսել է պատմությունը նրանից 1913 թվականին՝ խոստանալով չհրապարակել այն մինչև իմանա Վալֆիերնոյի մահվան մասին։ Այնուամենայնիվ, այս տարբերակը չունի հստակ աղբյուրներ[11]:

Կյանքը գողությունից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճ ժամանակ անց Պերուջան ազատվում է բանտից, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է իտալական բանակում, գերվել է Ավստրո-Հունգարիայի զորքերի կողմից և մինչև պատերազմի ավարտը երկու տարի անցկացրել է գերության մեջ։ Հետագայում ամուսնացել է, ունեցել դուստր՝ Սելեստինան, վերադարձել է Ֆրանսիա և շարունակել աշխատել որպես դեկորատիվ նկարիչ՝ օգտագործելով իր իսկական անունը՝ Պիետրո Պերուջա։ Մահացել է 1925 թվականի հոկտեմբերի 8-ին, 44 տարեկան հասակում, Ֆրանսիայի Սեն-Մոր-դե-Ֆոզ քաղաքում: Թաղվել է Ֆրանսիայի Սեն-Մոր-դե-Ֆոսես քաղաքի Կոնդե գերեզմանատանը[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. Extrait du Proces-Verbal de la confrontation de M. Vingoolle avec Peruggia, 20 Dec.. 1913, Archives Nationales, Paris
  3. Peruggia mugshot, 25 January 1909, Archives Nationales, Paris
  4. Mona Lisa Is Missing, 2013, Virgil Films, dir. Joe Medeiros
  5. Chua-Eoan, Howar (2007-03-01). «STEALING THE MONA LISA, 1911». The Top 25 Crimes of the Century. Time Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013-08-24-ին. Վերցված է 2007-08-15-ին.
  6. Chua-Eoan, Howar (2007-03-01). «STEALING THE MONA LISA, 1911». The Top 25 Crimes of the Century. Time Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013-08-24-ին. Վերցված է 2007-08-15-ին.
  7. «The Theft That Made The 'Mona Lisa' A Masterpiece». NPR.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-08-27-ին. Վերցված է 2017-11-06-ին.
  8. Chua-Eoan, Howar (2007-03-01). «STEALING THE MONA LISA, 1911». The Top 25 Crimes of the Century. Time Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013-08-24-ին. Վերցված է 2007-08-15-ին.
  9. Peruggia Letter 22 December 1911, Archivio di Stato, Florence
  10. Chua-Eoan, Howar (2007-03-01). «STEALING THE MONA LISA, 1911». The Top 25 Crimes of the Century. Time Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013-08-24-ին. Վերցված է 2007-08-15-ին.
  11. Nilsson, Jeff (2013-12-07). «100 Years Ago: The Mastermind Behind the Mona Lisa Heist». Saturday Evening Post. Curtis Publishing. Արխիվացված է օրիգինալից 2014-02-11-ին. Վերցված է 2014-01-10-ին.
  12. Who stole the Mona Lisa? Archive copy Wayback Machine-ի միջոցով:, FT.com, August 2011

Արտաքին հղում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինչենցո Պերուջա» հոդվածին։