Վիլենա Մարտիրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիլենա Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1939 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 25, 2022 (82 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1961) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1998) |
Մասնագիտություն | քիմիկոս |
Պարգևներ և մրցանակներ | |
Vilena Martirossian Վիքիպահեստում |
Վիլենա Հակոբի Մարտիրոսյան (հոկտեմբերի 5, 1939, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 25, 2022, Երևան, Հայաստան[1]), հայ քիմիկոս-տեխնոլոգ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1998), Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ընդհանուր քիմիայի և քիմիական պրոցեսների» ամբիոնի պրոֆեսոր (1999): Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլենա Մարտիրոսյանը ծնվել է 1939 թվականի հոկտեմբերի 5-ին, Երևանում, մանկավարժի ընտանիքում։ 1956 թվականին ավարտել է Նոր Խարբերդի թիվ 96 դպրոցը, 1961 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիատեխնոլոգիական ֆակուլտետը‘ «Սիլիկատների տեխնոլոգիա» մասնագիտությամբ` ստանալով ճարտարագետ-տեխնոլոգի որակավորում։ 1961 թվականից աշխատում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, եղել է Ընդհանուր և անալիտիկ քիմիայի ամբիոնի լաբորանտ, ասիստենտ, 1990 թվականից՝ տեսական քիմիայի բաժանմունքի անօրգանական քիմիա մասնաճյուղի պատասխանատու, 2001 թվականից, միաժամանակ՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քիմիական տեխնոլոգիաներ և բնապահպանական ճարտարագիտության դեպարտամենտի վարիչի տեղակալ[3]։ 1965-1969 թվականներին ուսանել է Ուրալի պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1969 թվականներին պաշտպանել է թեկնածուական թեզը ակադեմիկոս Յա. Ե Վիլնյանսկու ղեկավարությամբ` «Սևանի քրոմիտների ընտրողական քլորացման գործընթացի ուսումնասիրությունը քլորաջրածնով» թեմայով և աշխատանքի անցել ԵրՊԻ նույն ամբիոնում, նախ որպես ավագ դասախոս, ապա դոցենտ։ 1998 թվականին պաշտպանել է դոկտորական թեզ՝ «Հայաստանի մետաղ պարունակող հանքանյութերի մշակման քիմիամետալուրգիական գործընթացները» թեմայով՝ ստանալով տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1999 թվականին՝ պրոֆեսորի գիտական կոչում։ Երկար տարիներ եղել է Անoրգանական քիմիայի ամբիոնի պատասխանատու։
Զբաղվել է ուսումնամեթոդական աշխատանքներով։ Բազմաթիվ ուսումնական ձեռնարկների հեղինակ է։ Միաժամանակ հանդիսացել է Քիմիական տեխնոլոգիաներ և բնապահպանական ճարտարագիտություն դեկանի գիտության գծով տեղակալ։
Աշխատանքները վերաբերում են ՀՀ մետաղ պարունակող հանքերի մշակման քիմիամետալուրգիական գործընթացներին, պղինձ պարունակող սուլֆիդային հանքերի քլորացման և ստացված բարդ քլորիդային խառնուրդները ջրածնով վերականգնելու հարցերին[4][5]։ Մշակել է քրոմ պարունակող հանքերի մետաղաջերմային վերականգնումը ֆերոքրոմի և քրոմ պարունակող լիգերանտների ստացումով[3]։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլենա Մարտիրոսյանի գիտական հետազոտությունները նվիրված են Հայաստանի մետաղ պարունակող հանքանյութերի մշակման քիմիամետալուրգիական գործընթացներին` մասնավորապես Ուրցի և Սվարանցի երկաթային, Սևանի տարածքի Շորժայի և Տապասարի քրոմիտային, Ալավերդու և Կապանի, Քաջարանի պղնձային և պղնձամոլիբդենային հանքանյութերի և գործարանային թափոնախարամների մշակմանը` մաքուր մետաղների կամ Fe-Cr, Fe-Cr-Al, Cu-Fe, Cu-Fe-Al, Fe-Si, Fe-Cr-Si, FeMo տիպի համաձուլվածքների ստացումով։ Մարտիրոսյանը զբաղվում է բարձր ջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի (ԲԻՍ) և մեխանիկա-քիմիայի հարցերով։ Մարտիրոսյանի ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվել են շուրջ 230 տպագրված հոդվածների` ըստ որում 30 հեղինակային վկայագրերի, պատենտների և միջազգային գիտաժողովներում բազմաթիվ զեկուցումների (Հունգարիայում, Լեհաստանում, Խարկովում, Երևանում, Մինսկում, Հռոմում) ձևով։ Ունի բազմաթիվ հոդվածներ արտասահմանյան ամսագրերում, 3 մենագրություն, որից մեկն արժանացել է ՀՊՃՀ-ում կազմակերպված «Լավագույն մենագրություն» մրցույթին։ Ղեկավարել է բազմաթիվ պետական բյուջետային թեմատիկ նախագծեր, որոնցում ընդգրկվել են ինչպես քիմիական, այնպես էլ ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի աշխատակիցներ։ Համատեղ գիտական աշխատանքներ է կատարում Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիա «Փոշեմետալուրգիա» գիտաարտադրական միավորման հետ։ Գիտական աշխատանքների ամբողջ ընթացքում ունեցել է կապ արտադրության հետ, ցույց է տվել տեխնոլոգիական օգնություն օրինակ «Երևանի Մալուխի» և «Արմենիան մոլիբդեն պրոդաքշն» գործարաններին։ Ղեկավարում է ասպիրանտական և մագիստրական թեզեր։ Մարտիրոսյանի ղեկավարությամբ ատենախոսական թեզ են պաշտպանել 15 ասպիրանտներ և մոտ երկու տասնյակ մագիստրանտներ։ Պատրաստել է կադրեր նաև ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի և Արցախի Գիտական կենտրոնի աշխատակիցների համար։ Եղել է երկու մասնագիտական խորհրդի (057 և 031) անդամ։ Այժմ 031 մասնագիտական ու համալսարանի գիտական խորհրդների անդամ է։ Եղել է նաև ՀԱՃՀ Գիտատեխնիկական խորհուրդի անդամ։ Մարտիրոսյանի կենսագրությունն ընդգրկված է 2011 թվականին լույս տեսած «Հայուհիներ» հանրագիտարանում։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2013[6]
- ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագիր
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քիմիայի դասընթացի «Լուծույթներ» բաժնից լուծման մեթոդական ցուցումներ, Մարտիրոսյան, Վիլենա Հակոբի, Սասունցյան, Մարինե Էդուարդի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ։ Տեսական քիմիայի ամբիոն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն։ Երևան։ Ճարտարագետ։ 2010[7]։
- Մեծ քիմիայի «առեղծվածը», Գևորգյան, Ռուդիկ Եղիշի, Թադևսյան, Ա. Վ, Հովհաննիսյան, Գ. Պ., Մարտիրոսյան, Վիլենա Հակոբի, Երևան, Էդիթ Պրինտ, 2010։
- Ընդհանուր և անօրգանական քիմիա։ Դասընթացի «Ատոմա-մոլեկուլային ուսմունք» բաժնի խնդիրների լուծման մեթոդական ցուցումներ, Մարտիրոսյան, Վիլենա Հակոբի, Այվազյան, Ա. Ս., Անտոնյան, Ս. Բ., Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ) Կապանի մասնաճյուղ, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Երևան, Ճարտարագետ, 2008[8]։
- Քիմիական թերմոդինամիկա։ Դասախոսությունների տեքստեր, Անտոնյան, Սվետլանա, Կալպակյան, Ալիսա, Մարտիրոսյան, Վիլենա Հակոբի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Քիմիական տեխնոլոգիաներ և բնապահպանական ճարտարագիտության դեպարտամենտ, Տեսական քիմիայի սեկտոր, Երևան, ՀՊՃՀ հրատարակչություն, 2004։
- Մետալուրգիական գործընթացների հավասարակշռության թերմոդինամիկա։ Ուսումնական ձեռնարկ, Մարտիրոսյան, Վիլենա Հակոբի, Աղբալյան, Սուրեն Գևորգի, Խաչատրյան, Ն. Ա., ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Երևան, Ա. հ, 1999։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կյանքից հեռացել է Պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Վիլենա Մարտիրոսյանը». Պոլիտեխնիկ. 2022 թ․ մարտի 25. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ «ԻՍԿԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ». engineeracademy.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
- ↑ 3,0 3,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 71։
- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Vilena Hakob Martirosyan. Scientific Research. An Academic Publisher».
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Քիմիայի դասընթացի «Լուծույթներ» բաժնից լուծման մեթոդական ցուցումներ / Վ.Հ. Մարտիրոսյան, Մ.Է. Սասունցյան; ՀՀ Կրթ. և գիտ. նախ., ՀՊՃՀ. ՔՏ և ԲՃ ֆակ. ՏՔ ամբիոն։».(չաշխատող հղում)
- ↑ Մարտիրոսյան, Վիլենա Հակոբի; Այվազյան, Ա Ս; Անտոնյան, Ս Բ; Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ); ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, eds. (2008). Ընդհանուր և անօրգանական քիմիա։ Դասընթացի «Ատոմա-մոլեկուլային ուսմունք» բաժնի խնդիրների լուծման մեթոդական ցուցումներ. Երևան: Ճարտարագետ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլենա Մարտիրոսյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլենա Մարտիրոսյան» հոդվածին։ |
|