Վերին Վելադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերին Վելադ[1] գյուղատեղի Լոռու մարզում։ Այս անվամբ գյուղատեղին գտնվում է Ջիլիզայից ուղիղ գծով 2,3 կմ արևելք՝ անտառածածկ բլրագագաթին և հյուսիսահայաց լանջերին։ Ծովի մակերևույթից բարձր է 1040-1087 մետր[2]։

Շուրջ 30 տնատեղեր պարունակող գյուղատեղիում պահպանվել են նաև ստորգետնյա հորեր։

Եկեղեցին գտնվում է գյուղատեղիի առավել բարձրադիր մասում՝ բլրագագաթին (ծովի մակարդակից 1087 մետր բարձրության վրա)։ Ունի միանավ թաղածածկ բազիլիկ հորինվածք, փռված կիսաշրջանի ձևով խորան և երկու մուտք՝ բացված հարավային և արևմտյան ճակատներից (վերջինս հազիվ է նշմարվում այդ ճակատի փլուզված լինելու պատճառով)։ Երկթեք ծածկը պատված է եղել սպիտակ կրաքարից կերտված կանոնավոր մշակված սրբատաշ ծածկասալերով։ Ունի 6,26×5,03 մետր արտաքին չափեր և 84 սմ որմի հաստություն։

Եկեղեցու արևմտյան կողմում՝ մի քանի մետր հեռավորության վրա, պահպանվում է ակնհայտորեն արևմտյան մուտքից վայր ընկած շինարարական արձանագրությամբ բարավորը (182×58×17 սմ)։ Արձանագրությունը երկլեզվյան է՝ հայերեն և վրացերեն։ Հայերենում մասում գրված է.

«Ես՝ Ենովքս, այս դուռս շինեցի յիշայտակ ինձ, Բախուտին, ով տեսնու, մի բերան ողորմի ասէ, թվին ՌՃԿ (1711), աստուած ողորմի Զալին՝ եկեղեցու շինողին», որը նշանակում է «Քրիստոս, այս տաճարը և դուռը կառուցեցի ես՝ մեղավոր Ենովքս, իմ եղբոր՝ Բախուտին և ինձ հիշատակ, ովքեր կարդան, ողորմի ասեն»։

Գյուղատեղիի գերեզմանոցը զբաղեցնում է եկեղեցու շրջափակը և հատկապես կառույցից հարավ տարածված հարթությանը։ Այստեղ պահպանվել են ավելի քան երկու տասնյակ գերեզմանաքարեր և խաչքար։ Ուղղանկյունաձև մշակված տապանաքարերի մեծ մասն ունի գեղազարդ հարդարանք, մի քանիսը՝ նաև կենցաղային թեմաներով պատկերաքանդակներ։ Գերեզմանական թվակիր հուշարձանները վերաբերում են 1628, 1679, 1681, 1689, 1690, 1705, 1707 թվականներին։ Տեղում առկա են նաև ԺԷ-ԺԸ (XVII-XVIII) դարերին վերաբերող մի քանի անթվակիր տապանաքարեր, որոնք բոլորը միասին՝ ընդամենը 12 միավոր են կազմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մհեր Վարդանյան. «Սահմանամերձ Ջիլիզայի պատմական անցյալը աշխարհին կներկայացնենք զբոսաշրջիկների միջոցով»». Hetq.am. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  2. «ՎԵՐԻՆ ՎԵԼԱԴ». sos.sunchild.am. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս. Կարապետյան, Ջիլիզայի պատմական հուշարձանները, էջ 9-15։