Վերա Վոլոշինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերա Վոլոշինա
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 30, 1919(1919-09-30)
ԾննդավայրԿեմերովո, Q87399451?, Tomsk Governorate, Russian State
Մահացել էնոյեմբերի 29, 1941(1941-11-29) (22 տարեկան)
Մահվան վայրGolovkovo, Tashirovskoye rural settlement, Նարո-Ֆոմինսկի շրջան, Ռուսաստան
ԳերեզմանՄոսկվայի մարզ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության հերոս
և «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան
 Vera Voloshina Վիքիպահեստում

Վերա Դանիլովնա Վոլոշինա (ռուս.՝ Ве́ра Дани́ловна Воло́шина, սեպտեմբերի 30, 1919(1919-09-30), Կեմերովո, Q87399451?, Tomsk Governorate, Russian State - նոյեմբերի 29, 1941(1941-11-29), Golovkovo, Tashirovskoye rural settlement, Նարո-Ֆոմինսկի շրջան, Ռուսաստան), Արևմտյան ռազմաճակատի շտաբի հետախուզության բաժնի թիվ 9903 զորամասի դիվերսիոն հետախուզական խմբի կարմիրբանակային։ Ռուսաստանի Դաշնության հերոս (1994, հետմահու)։

Վաղ կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1919 թվականի սեպտեմբերի 30-ին Շչեգլովսկ քաղաքում (ներկայումս՝ Կեմերովո քաղաք), հանքափորի և մանկավարժի ընտանիքում։ Դպրոցական տարրական դասարաններից զբաղվել է մարմնամարզությամբ և աթլետիկայով։ Բարձր դասարանում հաղթել է թռիչք բարձրության քաղաքային առաջնությունում։ Նրա համադասարանցին ու մտերիմ ընկերը եղել է Յուրի Դվուժիլնին։ 1937 թվականին տասներորդ դասարանն ավարտելուց հետո տեղափոխվել է Մոսկվա և ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի պետական ​​կենտրոնական ինստիտուտ, լրջորեն սկսել է հետաքրքրվել հրաձգությամբ, նկարչությամբ և պոեզիայով։ 1936 թվականին հայտարարություն է գրել Իսպանիայի քաղաքացիական պատերազմին մասնակցելու իր ցանկության մասին (սակայն նրան մերժել են)։

1935 թվականին քանդակագործ և նկարիչ Իվան Շադրը պետական պատվեր է ստացել Մոսկվայում կառուցվող Գորկու անվան մշակույթի և հանգստի զբոսայգու համար քանդակների շարք ստեղծելու համար։ Ֆիզկուլտուրայի ինստիտուտի լողավազանում նա տեսել է ուսանողուհի Վերա Վոլոշինային։ Հրավիրված մյուս քսան մարդկանց թվում նա հայտնվել է նկարչի արվեստանոցում։ «Մակույկաթիով աղջիկը» քանդակի համար որպես բնորդուհի եղել է Վոլոշինան։ Արձանը տեղադրվել է Մշակույթի և հանգստի կենտրոնական զբոսայգու գլխավոր մուտքի մոտ՝ շրջապատված շատրվաններով։ Այդ քանդակի բազմաթիվ կրկօրինակներ հետագայում հայտնվեցին ԽՍՀՄ տարբեր զբոսայգիներում։

Ըստ այլ աղբյուրների, դա լեգենդ է, իրականում Շադրը «Մակույկաթիով աղջիկը» քանդակի առաջին տարբերակը ստեղծել է 1934-1935 թվականներին, երբ Վոլոշինան 15-16 տարեկան է եղել, և նա հազիվ թե կարողանար 10-րդ դասարանն ավարտած ուսանող լինել։ Բացի այդ, քանդակի երկրորդ տարբերակը քննադատությունից հետո (քանդակը ամբողջովին մերկ է եղել, ինչը հակասել է արդեն հաստատված մաքրակրոնական նորմերին), պատրաստվել է այլ բնորդուհուց և կրկնօրինակվել են մեկ այլ քանդակագործի աշխատանքները։

Առաջին կուրսում Վոլոշինան այլ ուսանողների հետ մեկնել է Սերպուխովի մոտ գտնվող ձմեռային մարզական ճամբար։ Այստեղ նա լուրջ մրսել է, իսկ գրիպը լուրջ բարդություններ է առաջացրել նրա ոտքերի վրա։ Նա երկար ժամանակ բուժվել է, բայց ի վերջո ստիպված է եղել թողնել ուսումը սպորտային ինստիտուտում։ Վերադարձել է Մոսկվա և հայրենի քաղաքի իր ընկերների հետ ընդունվել Մոսկվայի խորհրդային կոոպերատիվ առևտրի ինստիտուտ։ 1940 թվականի սեպտեմբերին դարձել է Մոսկվայի Չկալովի անվան Աերոակումբի կուրսանտ, որտեղ տիրապետել էր Ի-153 «Չայկա» ինքնաթիռի ղեկավարման հմտությանը և զբաղվել պարաշյուտով ցատկով։

1941 թվականի ամռանը հանձնել է երրորդ կուրսի քննությունները և արտադրական պրակտիկայի համար մեկնել մերձմոսկովյան Զագորսկ քաղաք։ Հունիսի 22-ին նա և իր դասընկերները որոշել են այցելել Տրոիցե-Սերգիյան մայրավանքի թանգարան։ Ճանապարհին աղջիկները կանգ են առել հանրախանութում և Վերայի համար գնել սպիտակ մետաքսե զգեստ, քանի որ նա հաջորդ տարի պետք է ամուսնանար (Յուրի Դվուժիլնին նրան ամուսնության առաջարկ է արել)։

Պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո Վոլոշինան մոբիլիզացվել է Մոսկվայի մատույցներում խրամատներ և հակատանկային խրամներ փորելու համար։ Հոկտեմբերին նա կամավոր միացել է Կարմիր բանակին և զորակոչվել Արևմտյան ռազմաճակատի շտաբի հետախուզության բաժնի թիվ 9903 զորամաս[1], որը ստեղծվել է թշնամու թիկունքում աշխատելու համար։ 1941 թվականի հոկտեմբերի 21-ին մեկնել է իր առաջին առաջադրանքի կատարմանը Մոսկվայի մերձակայքում գտնվող Զավիդովո կայարանի տարածքում։ Խումբը Մոսկվա է վերադարձել նոյեմբերի 6-ին առանց կորուստների։

Թիվ 9903 զորամասում նրա հետ ծառայել են նաև Զոյա Կոսմոդեմյանսկայան, Իլյա Կուզինը, Ելենա Կոլեսովան, Իվան Բանովը։

1941 թվականի նոյեմբերի 21-ին մարտական ​​խմբի կազմում մեկնել է գերմանական զորքերի թիկունք։ Պավել Պրովորովը նշանակվել է հրամանատար, իսկ Վոլոշինան՝ կոմերիտական կազմակերպիչ։ Պրովորովի 10 հոգանոց խմբին, հիմնականում կազմված երեկվա դպրոցականներից (Վերա Վոլոշինան խմբում ամենամեծն է եղել), առաջադրանք է տրվել Ստալինի թիվ 0428 հրամանի համաձայն («Ավերել և մինչև վերջ այրել գերմանական զորքերի թիկունքում գտնվող բոլոր բնակավայրերը») 5-7 օրվա ընթացքում այրել 10 բնակավայր՝ Անաշկինո, Պետրիշչևո, Իլյատինո, Պուշկինո, Բուգայլովո, Գրիբցովո, Ուսատնովո, Գրաչևո, Միխայլովսկոե, Կորովինո[2][3]։ Առաջադրանքի համաձայն, խումբը Բորիս Կրայնովի խմբի հետ միասին մեկնել է թշնամու թիկունք, որի կազմում ընդգրկված է եղել նաև Զոյա Կոսմոդեմյանսկայան (9 գյուղ այրելու առաջադրանքով)։ Ռազմաճակատի գիծը հատելուց հետո խմբերը պետք է բաժանվեին ու սկսեին գործել ինքնուրույն։ Սակայն ռազմաճակատի գիծն անցնելիս միացյալ ջոկատը հայտնվել է հակառակորդի կրակի տակ և բաժանվել պատահական կազմով երկու խմբի։ Կրայնովա-Կոսմոդեմյանսկայայի խումբը շարժվել է դեպի Պետրիշչևո գյուղի կողմը։

Յակշինո և Գոլովկովո գյուղերի միջև (Նարո-Ֆոմինսկի շրջան) Պրովորով-Վոլոշինա խումբը կրկին ընկել է թշնամու կրակի տակ՝ հանդիպելով դարանակալած գերմանական ջոկատին։ Վոլոշինան վիրավորվել և գերեվարվել է գերմանացիների կողմից։ Առավոտյան խմբից երկու հոգի փորձել են գտնել նրան կամ նրա դին։ Երկար ժամանակ Վոլոշինան հաշվառված է եղել անհայտ կորածների ցուցակում։ Միայն 1957 թվականին գրող և լրագրող Գ. Ն. Ֆրոլովի որոնողական աշխատանքների շնորհիվ հնարավոր է եղել պարզել, թե ինչպես է մահացել Վերա Վոլոշինան և գտնել նրա գերեզմանը։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղի բնակիչները հայտնել են, որ Վոլոշինային գերմանացիները կախել են 1941 թվականի նոյեմբերի 29-ին Գոլովկովո սովխոզում։ Ահա թե ինչպես է նկարագրել նրա մահը, մահապատժին ներկա գտնված վկան[4]

Ուռենին, որի վրա կախելու միջոցով մահապատժի են ենթարկել Վոլոշինային, 2009 թվական
Նրան, խեղճ աղջկան մեքենայով բերեցին կախաղանի մոտ, որտեղ քամուց ճոճվում էր օղակը։ Գերմանացիները հավաքվեցին նրա շուրջը, նրանք շատ էին։ Իսկ կամրջի վրա աշխատող մեր գերիներին քշեցին։ Աղջիկը պառկած էր մեքենայի մեջ։ Սկզբում ես չէի տեսնում նրան, բայց երբ կողային փակոցները իջեցրին, ես շնչակտուր եղա։ Խեղճ աղջիկը միայն ներքնազգեստով էր, այն էլ պատառոտված ու արյունոտ։ Երկու գեր գերմանացիներ՝ թևերին սև խաչերով, բարձրացան մեքենա և ցանկացան օգնել նրան վեր կենալ։ Բայց աղջիկը հրեց գերմանացիներին և, մի ձեռքով հենվելով խցիկին ոտքի կանգնեց։ Նրա երկրորդ ձեռքը, ըստ երևույթին, կոտրված էր, այն կախված էր մտրակի պես։ Եվ հետո նա սկսեց խոսել, սկզբում նա ինչ-որ բան ասաց, հավանաբար գերմաներեն, իսկ հետո սկսեց խոսել մայրենի լեզվով։

-Ես մահից չեմ վախենում, - ասել էր նա։ - Իմ ընկերները վրեժխնդիր կլինեն իմ համար։ Մերոնք դեռ կհաղթեն։ Դուք կտեսնեք։

Եվ աղջիկը սկսել էր երգել։ Իսկ գիտե՞ք ինչ երգ էր երգել։ Այն, որ ամեն անգամ երգվում է ժողովների ժամանակ և հնչում է ռադիոյով առավոտյան և ուշ երեկոյան։

«Ինտերնացիոնալ»

-Այո, հենց այդ երգը։ Իսկ գերմանացիները կանգնած լուռ լսում էին։ Մահապատիժը ի կատար ածող սպան ինչ-որ բան էր բղավել զինվորներին։ Նրանք օղակը գցել էին աղջկա վզին ու ցած իջել մեքենայից։

Սպան վազելով մոտեցել էր վարորդին և հրամայել շարժվել։ Իսկ նա նստած էր ղեկին, ամբողջովին սպիտակած, ակնհայտորեն դեռ սովոր չէր մարդկանց կախաղան բարձրացնելուն։ Սպան հանել էր ատրճանակը և գերմաներեն ինչ-որ բան բղավել վարորդին։ Ըստ երևույթին, նա հայհոյել էր։ Նա կարծես արթնացել էր և մեքենան շարժվել էր տեղից։ Աղջիկը հասցրեց բղավել այնքան բարձր, որ արյունը սառեց երակներումս․ «Ցտեսություն, ընկերնե՛ր»։ Երբ բացեցի աչքերս, տեսա, որ նա արդեն կախված էր։

Միայն այն բանից հետո, երբ դեկտեմբերի կեսերին հակառակորդը նահանջել է, Գոլովկովի բնակիչները Վոլոշինայի մարմինը հանել են ճանապարհի եզրին գտնվող ուռենու վրայից և պատվով թաղել հենց այնտեղ։ Ավելի ուշ նրա աճյունը տեղափոխվել է Կրյուկովի եղբայրական գերեզման։ Պատերազմից հետո գերմանական արխիվներում հայտնաբերվել են կախված աղջկա լուսանկարներ, որոնցում հավանաբար պատկերված է Վերա Վոլոշինայի մահապատիժը։ Մահապատժի օրը, Գոլովկովից տասը կիլոմետր հեռավորության վրա, Զոյա Կոսմոդեմյանսկայային կախաղան են հանել Պետրիշչևո գյուղում։ Յուրի Դվուժիլնին զոհվել է մարտում՝ Մոգիլյովի օպերացիայի ժամանակ։

Կեմերովոյում կա Վերա Վոլոշինա փողոց, որը հատվում է Յուրի Դվուժիլնի փողոցի հետ։

2020 թվականի նոյեմբերին հատվել է ուռենու այն ծառը, որից կախաղան է բարձրացվել Վոլոշինան[5]։

Հետմահու պարգևատրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականի հունվարի 27-ին «Պրավդա» թերթում տպագրվել է Գեորգի Նիկոլաևիչ Ֆրոլովի «Դստեր շքանշանը» ակնարկը։ Սեպտեմբերին, երբ սկսվել են մերձմոսկովյան ճակատամարտին նվիրված հանդիսավոր միջոցառումները, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության քարտուղար Միխայիլ Գեորգաձեն Վերա Դանիլովնա Վոլոշինայի մորն է հանձնել Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան։

1994 թվականի մայիսի 6-ին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը հրամանագիր է ստորագրել հետախուզության աշխատակցուհի Վոլոշինային Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում շնորհելու վերաբերյալ (հետմահու)[6]։

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հիշողություն» ակումբ (Վերա Վոլոշինայի նախկին թանգարան[7]) (գյուղ Կրյուկովո, Նարո-Ֆոմինսկի շրջան),
  • Վերա Վոլոշինայի և Յուրի Դվուժիլնիի անվան թանգարան (քաղաք Կեմերովո, թիվ 12 դպրոց),
  • Վերա Վոլոշինայի թանգարան (Մոսկվա, Սեվաստոպոլսկի պողոտա, 11 A, ՊԲՄԿՀ «Հարավ-Արևմուտք» կրթահամալիր),
  • Նարո-Ֆոմինսկի պատմա-երկրագիտական ​​թանգարանի ցուցադրության մի մասը (Նարո-Ֆոմինսկ, Մոսկվայի մարզ),
  • Կոոպերացիայի պատմության թանգարանի ցուցադրության մի մասը Ռուսաստանի Կոոպերացիայի համալսարանում (Միտիշչի, Վերա Վոլոշինայի փողոց 12/30)։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հուշարձան Մոսկվայի մարզի Նարո-Ֆոմինսկի շրջանի Կրյուկովո գյուղում։
  • Հուշարձան Մոսկվայի մարզի Նարո-Ֆոմինսկի շրջանի Գոլովկովո գյուղում։
  • Նրա անունով են անվանակոչվել Կեմերովո, Նովոկուզնեցկ, Բելովո (Կեմերովոյի մարզ), Դաղստանի Օգնի, Միտիշչի և Մոսկվա քաղաքների փողոցները։

Վերա Վոլոշինայի անունով են կոչվել մի քանի ուսումնական հաստատություններ․

    • Մանկական ստեղծագործության տուն Նարո-Ֆոմինսկում,
    • Կեմերովոյի թիվ 12 դպրոց,
    • Ինքնավար ուսումնական հաստատություն լիցեյ Մոսկվայի մարզի Նարո-Ֆոմինսկի շրջանի Գոլովկովո գյուղում, որտեղ մահացել է հերոսուհին,
  • Նրա անունով է կոչվել քաղաքային զբոսայգին Կեմերովոյում,
  • Հերոսուհու անունով է կոչվել Ազով նավատորմի նավերից մեկը[8],
  • Հերոսուհու անունով է կոչվել 2009 Voloshina փոքր մոլորակը,
  • «Վերա Վոլոշինա՝ երկու անգամ սպանվածը» վավերագրական ֆիլմ («Երրորդ Հռոմ» ստուդիա, 2007),
  • 2003 թվականից Մոսկովյան երկաթուղու Յարոսլավլի ուղղությամբ սկսեց գործել Ռուսաստանի հերոս Վերա Վոլոշինայի անվան մերձքաղաքային էլեկտրագնացքը,
  • Նարո-Ֆոմինսկի պատմության և երկրագիտական ​​թանգարանի մշտական ​​ցուցադրությունում պահպանվել է այն սպիտակ զգեստը, որը գնել էր Վերա Վոլոշինան 1941 թվականի հունիսի 22-ին Յուրի Դվուժիլնիի հետ հարսանիքի համար[9]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Андрей Анатольевич Симонов, Чудинова С. В. Женщины — Герои Советского Союза и России. — Москва: Фонд «Русские Витязи», Музей техники Вадима Задорожного, 2017. — С. 290—291. — 352 с. — ISBN 9785990960701
  • Фролов Г. Н. Наша Вера: Документальная повесть о комсомолке-партизанке В. Волошиной. — Кемерово: Книжное издательство, 1961.
  • Фролов Г. Н. Вера Волошина. — М.: Воениздат, 1976.
  • Фролов Г. Н. Москвички-партизанки — Герои Отечества. — М.: Ветеран Москвы, 2004. — 302 с. — ISBN 5-9900282-2-9.
  • Фролов Г. Н. Остались молодыми: Вера Волошина. Юрий Двужильный: Документальные повести. — Кемерово: Книжное издательство, 2002. — 319 с. (С 1960-х годов книга переиздавалась не менее 5 раз.)
  • Кожемяко В. С. Зоя Космодемьянская. Правда против лжи. — Москва: Алгоритм, 2015. — 414 с. — (За Родину! За Победу!).; ISBN 978-5-906789-64-8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Москва прифронтовая. 1941—1942: Архив. док. и материалы / Москов. гор. об-ние архивов; Сост. М. М. Горинов, В. Н. Пархачев, А. Н. Пономарёв. — М.: Изд-во об-ния «Мосгорархив»; АО «Московские учебники», 2001. — 664 с., ил.; ISBN 5-7228-0092-9.
  2. Горинов М. М. Зоя Космодемьянская Արխիվացված 2018-02-02 Wayback Machine. Отечественная история.
  3. Владимир Лотта. О подвиге и подлости. Արխիվացված 2017-12-15 Wayback Machine // Красная звезда, 16.02.2002.
  4. Г. Фролов, И. Фролова. Москвички-партизанки — Герои Отечества. — М.: Ветеран Москвы, 2004. — С. 134. — 304 с. — 2500 экз. — ISBN 5-9900282-2-9
  5. «17 ноября 2020 года была уничтожена ива Веры Волошиной — как Зоя» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
  6. «Указ о присвоении звания Героя России». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  7. Здесь сражалась и погибла Вера
  8. «Вера Волошина — Тип Сормовский, проект 1557 — Водный транспорт». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
  9. «Катрич Н. Легенда о девушке с автоматом // Военно-промышленный курьер. — 2019. — 1—7 окт. — С. 12» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Վոլոշինա» հոդվածին։