Վասիլի Չերքեզով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վասիլի Նիկոլայևիչ Չերքեզով
Vasili Nikolaevich Cherqezov.png
Թիֆլիսի քաղաքագլուխ
Սեպտեմբերի 14, 1907 - հոկտեմբերի 29, 1909
Նախորդող Քրիստափոր Վերմիշյան
Հաջորդող Ալեքսանդր Խատիսյան
 
Ազգություն Չերքեզ
Ծննդյան օր 1857 հունիսի 5
Ծննդավայր Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն, Չայլուր, Կախեթ
Վախճանի օր հուլիսի 14, 1910(1910-07-14) (տարիքը 53)
Վախճանի վայր Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն, Թիֆլիս
Գերեզման Դիդուբեի պանթեոն
Թաղված Դիդուբեի պանթեոն
Դինաստիա Չերքեզովներ

Վասիլի Նիկոլայևիչ Չերքեզով (հունիսի 5, 1857 Չայլուր, Կախեթ - հուլիսի 14, 1910 Թիֆլիս), ազգությամբ չերքեզ վրացի պետական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ:

Չերքեզովը ավարտել է Չայլուրի ռեալական ուսումնարանը: Համալսարանական կրթություն ստանալու նպատակով մեկնում է Սանկտ Պետերբուրգ, քննություններ հանձնում միաժամանակ լեռնային և հաղորդակցության ուղիներ բաժիններ ընդունվելու համար: Չնայած որ Չերքեզովը ընդունվում է երկու բաժինն էլ՝ այնուամենայնիվ ֆինանսական դժվարությունների պատճառով բաժիններից ոչ մեկը չի ավարտում և Թիֆլիս է վերադառնում առանց բարձրագույն կրթության դիպլոմի[1][2]։

Թիֆլիս վերադառնալուց հետո սկսում է զբաղվել բազմանդամ ընտանիքի կարիքները բավարարելու ուղղությամբ: Սկզբնական շրջանում մասնավոր դասեր է տալիս, ապա աշխատում որպես սրբագրիչ, այնուհետև «Կովկաս» («Кавказ») պարբերականում որպես քարտուղար: Որոշ ժամանակ անց զբաղվում է նաև գրական գործունեությամբ: 1991 թվականին «Նոր տեսություն» («Новое обозрение») թերթում հրապարակում է ֆելիետոնների շարք:[1]

1885 թվականին Վ.Չերքեզովն ընտրվում է Թիֆլիսի նահանգի ազնվականության միության քարտուղար: Այդ պաշտոնը նա զբաղեցնում է մինչև 1888 թվականը, որից հետո մինչև 1892 թվականը կատարում է նույն միության գրասենյակի նախագահի քարտուղարի պարտականությունները: 1895 թվականից Չերքեզովը, որպես վերոնշյալ միության ներկայացուցիչ, անդամակցել է Հողագործական Բանկի Անդրկովկասյան մասնաճյուղին[1][3]։

Վ.Չերքեզովի քաղաքական գործունեությունը սկսվեց այն բանից հետո, երբ 1898 թվականին իշխան Գոլիցինի հաստատած ռեժիմից ազգությամբ հայ քաղաքական խորհրդի անդամները պասիվանում են ձեռնպահ մնալով քաղաքի կառավարման գործերից: Այս իրավիճակում քաղաքային խորհրդի անդամների ուշադրությունը ակամա բևեռվում է Վ.Չերքեզովի վրա, որը հայտնի էր բացառիկ ընդունակությունների տեր անձնավորություն և վրացի[Ն 1]։ Քաղաքային խորհուրդը ձգտում էր նաև ցույց տալ, որ ազգային կողմնակալություն չունի՝ իր շարքերում ընդգրկելով մեկ վրացի: Այդպիսով, կառավարման անդամներ ընտրվեցին Վ.Ն.Չերքեզովն ու Մ.Ս.Շեստակովը: Վերջինս վրացիների շրջանում Գ.Գոլիցինի աջակցությամբ տարածում էր հակահայկականություն[4]։ Քանի որ Չերքեզովը իր էությամբ հայատյաց չէր, ապա 1898 թվականին քաղխորհրդի կողմից ընտրվում է նախ որպես գնման հանձնաժողովի, իսկ նույն թվականի դեկտեմբերի 7-ին՝ որպես քաղաքային վարչության անդամ:[1][5]

1899 թվականի մարտի 22-ին Վ.Չերքեզովը մասնակցում է Թիֆլիսի փոխքաղաքագլխի թափուր պաշտոնի համար տեղի ունեցած քվեարկությանը, բայց չի ընտրվում[Ն 2] Վարչության անդամի պաշտոնում Չերքեզովը ընտրվում է նաև 1899 թվականի նոյեմբերի 8-ին, ապա 1903 թվականի նոյեմբերի 17-ին և պաշտոնավարում մինչև քաղաքագլուխ ընտրվելը:[1][6]

1904 թվականի մարտի 22-ին Վ.Չերքեզովն ընտրվում է փոխքաղաքագլուխ և մինչև 1907 թվականի հոկտեմբերի 29-ին զուգահեռաբար վարում նաև այդ պաշտոնը:[1][7]

1905-1906 թվականներին, երբ Հարավային Կովկասում տեղի էին ունենում հայ-թուրքական (թաթարական) ընդհարումներ, Վ.Չերքեզովն իր զուսպ և խաղաղարար կեցվածքով կարողանում է 1907 թվականի սեպտեմբերի 14-ին Թբիլիսիի քաղաքագլխի ընտրություններում ընտրվել քաղաքագլուխ[8]։ Ըստ էության, նա այդ պաշտոնի պարտականությունները կատարում էր արդեն 1905 թվականից, երբ Ք.Վերմիշյանցը հրաժարական տվեց քաղաքագլխի պաշտոնից[9]։ Հիվանդության պատճառով նա քաղաքագլխի պարտականությունները իրականացնում է մինչև 1909 թվականի հոկտեմբերի 29-ին: Իր պաշտոնավարության ընթացքում Չերքեզովը իրականացրել է մի շարք կարևոր աշխատանքներ: Մասնավորապես, նա ավարտին հասցրեց Մուխրանյան կամրջի, «Արամյանց» հիվանդանոցի[Ն 3], Հավլաբարի գիմնազիայի շինարարությունները:[1]

1910 թվականի սկզբին Վ.Չերքեզովը բուժման նպատակով մեկնում է Սանկտ Պետերբուրգ[10]։ Երկու ամիս անց վերադառնում է Թիֆլիս,[11] սակայն նույն թվականի ամռանը նրա առողջությունը կտրուկ վատանում է: 1910 թվականի հուլիսի 14-ին Վ.Չերքեզովը 53 տարեկան հասակում մահանում է: Նրա թաղումը տեղի է ունենում հուլիսի 18-ին Դիդուբե թաղամասի վրաց եկեղեցու մուտքի ձախ կողմում (Դիդուբեի պանթեոն):[1][12]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Չերքեզովը, լինելով չերքեզական հայտնի տոհմի ներկայացուցիչ, իրեն համարում էր վրացի:
  2. Ընտրվում է Մ.Ս.Շեստակովը:
  3. Ներկայումս Թբիլիսիի թիվ 1 կլինիկական հիվանդանոց

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) (ռուս.)
  2. Туманов Г.М., Характеристики и воспоминания, книга первая, Тифлис, 1913, ст 71.(ռուս.)
  3. “Известия Тифлисской городской думы”, Тифлис, 1910, N 7-8, ст 1.(ռուս.)
  4. Туманов Г.М., Характеристики и воспоминания, книга первая, Тифлис, 1913, ст 73-74.(ռուս.)
  5. «Հովիւ», 1907, N 40, էջ 628:
  6. “Известия Тифлисской городской думы”, Тифлис, 1911, N 4, ст 20.(ռուս.)
  7. «Տարազ», 1905, N 28, էջ 298:
  8. Туманов Г.М., Характеристики и воспоминания, книга первая, Тифлис, 1913, ст 73.(ռուս.)
  9. «Տարազ», 1905, N 28, էջ 294:
  10. «Հովիւ», 1910, N 3, էջ 48:
  11. «Հովիւ», 1910, N 12, էջ 191:
  12. “Известия Тифлисской городской думы”, Тифлис, 1910, N 7-8, ст 37.(ռուս.)