Վասիլի Չերքեզով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Նիկոլայևիչ Չերքեզով
Թիֆլիսի քաղաքագլուխ
Սեպտեմբերի 14, 1907 - հոկտեմբերի 29, 1909
Նախորդող Քրիստափոր Վերմիշյան
Հաջորդող Ալեքսանդր Խատիսյան
 
Ազգություն Չերքեզ
Ծննդյան օր 1857 հունիսի 5
Ծննդավայր Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն, Չայլուր, Կախեթ
Վախճանի օր հուլիսի 14, 1910(1910-07-14) (տարիքը 53)
Վախճանի վայր Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն, Թիֆլիս
Թաղված Դիդուբեի պանթեոն
Դինաստիա Չերքեզովներ

Վասիլի Նիկոլայևիչ Չերքեզով (հունիսի 5, 1857 Չայլուր, Կախեթ - հուլիսի 14, 1910 Թիֆլիս), ազգությամբ չերքեզ վրացի պետական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ։

Չերքեզովը ավարտել է Չայլուրի ռեալական ուսումնարանը։ Համալսարանական կրթություն ստանալու նպատակով մեկնում է Սանկտ Պետերբուրգ, քննություններ հանձնում միաժամանակ լեռնային և հաղորդակցության ուղիներ բաժիններ ընդունվելու համար։ Չնայած որ Չերքեզովը ընդունվում է երկու բաժինն էլ՝ այնուամենայնիվ ֆինանսական դժվարությունների պատճառով բաժիններից ոչ մեկը չի ավարտում և Թիֆլիս է վերադառնում առանց բարձրագույն կրթության դիպլոմի[1][2]։

Թիֆլիս վերադառնալուց հետո սկսում է զբաղվել բազմանդամ ընտանիքի կարիքները բավարարելու ուղղությամբ։ Սկզբնական շրջանում մասնավոր դասեր է տալիս, ապա աշխատում որպես սրբագրիչ, այնուհետև «Կովկաս» («Кавказ») պարբերականում որպես քարտուղար։ Որոշ ժամանակ անց զբաղվում է նաև գրական գործունեությամբ։ 1991 թվականին «Նոր տեսություն» («Новое обозрение») թերթում հրապարակում է ֆելիետոնների շարք[1]։

1885 թվականին Վ.Չերքեզովն ընտրվում է Թիֆլիսի նահանգի ազնվականության միության քարտուղար։ Այդ պաշտոնը նա զբաղեցնում է մինչև 1888 թվականը, որից հետո մինչև 1892 թվականը կատարում է նույն միության գրասենյակի նախագահի քարտուղարի պարտականությունները։ 1895 թվականից Չերքեզովը, որպես վերոնշյալ միության ներկայացուցիչ, անդամակցել է Հողագործական Բանկի Անդրկովկասյան մասնաճյուղին[1][3]։

Վ.Չերքեզովի քաղաքական գործունեությունը սկսվեց այն բանից հետո, երբ 1898 թվականին իշխան Գոլիցինի հաստատած ռեժիմից ազգությամբ հայ քաղաքական խորհրդի անդամները պասիվանում են ձեռնպահ մնալով քաղաքի կառավարման գործերից։ Այս իրավիճակում քաղաքային խորհրդի անդամների ուշադրությունը ակամա բևեռվում է Վ.Չերքեզովի վրա, որը հայտնի էր բացառիկ ընդունակությունների տեր անձնավորություն և վրացի[Ն 1]։ Քաղաքային խորհուրդը ձգտում էր նաև ցույց տալ, որ ազգային կողմնակալություն չունի՝ իր շարքերում ընդգրկելով մեկ վրացի։ Այդպիսով, կառավարման անդամներ ընտրվեցին Վ.Ն.Չերքեզովն ու Մ.Ս.Շեստակովը։ Վերջինս վրացիների շրջանում Գ.Գոլիցինի աջակցությամբ տարածում էր հակահայկականություն[4]։ Քանի որ Չերքեզովը իր էությամբ հայատյաց չէր, ապա 1898 թվականին քաղխորհրդի կողմից ընտրվում է նախ որպես գնման հանձնաժողովի, իսկ նույն թվականի դեկտեմբերի 7-ին՝ որպես քաղաքային վարչության անդամ[1][5]։

1899 թվականի մարտի 22-ին Վ.Չերքեզովը մասնակցում է Թիֆլիսի փոխքաղաքագլխի թափուր պաշտոնի համար տեղի ունեցած քվեարկությանը, բայց չի ընտրվում[Ն 2] Վարչության անդամի պաշտոնում Չերքեզովը ընտրվում է նաև 1899 թվականի նոյեմբերի 8-ին, ապա 1903 թվականի նոյեմբերի 17-ին և պաշտոնավարում մինչև քաղաքագլուխ ընտրվելը[1][6]։

1904 թվականի մարտի 22-ին Վ.Չերքեզովն ընտրվում է փոխքաղաքագլուխ և մինչև 1907 թվականի հոկտեմբերի 29-ին զուգահեռաբար վարում նաև այդ պաշտոնը[1][7]։

1905-1906 թվականներին, երբ Հարավային Կովկասում տեղի էին ունենում հայ-թուրքական (թաթարական) ընդհարումներ, Վ.Չերքեզովն իր զուսպ և խաղաղարար կեցվածքով կարողանում է 1907 թվականի սեպտեմբերի 14-ին Թբիլիսիի քաղաքագլխի ընտրություններում ընտրվել քաղաքագլուխ[8]։ Ըստ էության, նա այդ պաշտոնի պարտականությունները կատարում էր արդեն 1905 թվականից, երբ Ք.Վերմիշյանցը հրաժարական տվեց քաղաքագլխի պաշտոնից[9]։ Հիվանդության պատճառով նա քաղաքագլխի պարտականությունները իրականացնում է մինչև 1909 թվականի հոկտեմբերի 29-ին։ Իր պաշտոնավարության ընթացքում Չերքեզովը իրականացրել է մի շարք կարևոր աշխատանքներ։ Մասնավորապես, նա ավարտին հասցրեց Մուխրանյան կամրջի, «Արամյանց» հիվանդանոցի[Ն 3], Հավլաբարի գիմնազիայի շինարարությունները[1]։

1910 թվականի սկզբին Վ.Չերքեզովը բուժման նպատակով մեկնում է Սանկտ Պետերբուրգ[10]։ Երկու ամիս անց վերադառնում է Թիֆլիս[11], սակայն նույն թվականի ամռանը նրա առողջությունը կտրուկ վատանում է։ 1910 թվականի հուլիսի 14-ին Վ.Չերքեզովը 53 տարեկան հասակում մահանում է։ Նրա թաղումը տեղի է ունենում հուլիսի 18-ին Դիդուբե թաղամասի վրաց եկեղեցու մուտքի ձախ կողմում (Դիդուբեի պանթեոն)[1][12]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Չերքեզովը, լինելով չերքեզական հայտնի տոհմի ներկայացուցիչ, իրեն համարում էր վրացի։
  2. Ընտրվում է Մ.Ս.Շեստակովը։
  3. Ներկայումս Թբիլիսիի թիվ 1 կլինիկական հիվանդանոց

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.)
  2. Туманов Г.М., Характеристики и воспоминания, книга первая, Тифлис, 1913, ст 71.(ռուս.)
  3. “Известия Тифлисской городской думы”, Тифлис, 1910, N 7-8, ст 1.(ռուս.)
  4. Туманов Г.М., Характеристики и воспоминания, книга первая, Тифлис, 1913, ст 73-74.(ռուս.)
  5. «Հովիւ», 1907, N 40, էջ 628։
  6. “Известия Тифлисской городской думы”, Тифлис, 1911, N 4, ст 20.(ռուս.)
  7. «Տարազ», 1905, N 28, էջ 298։
  8. Туманов Г.М., Характеристики и воспоминания, книга первая, Тифлис, 1913, ст 73.(ռուս.)
  9. «Տարազ», 1905, N 28, էջ 294։
  10. «Հովիւ», 1910, N 3, էջ 48։
  11. «Հովիւ», 1910, N 12, էջ 191։
  12. “Известия Тифлисской городской думы”, Тифлис, 1910, N 7-8, ст 37.(ռուս.)