Վառվռուկ հայաստանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վառվռուկ Հայաստանի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Alysseae
Ցեղ Վառվռուկ (Alyssum)
Տեսակ Վառվռուկ Հայաստանի (A. hajastanum)
Միջազգային անվանում
Alyssum hajastanum

Վառվռուկ Հայաստանի (լատին․՝ Alyssum hajastanum), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող 15-20 սմ բարձրությամբ աղվամազով ծածկված բազմամյա ծածկասերմ ծաղկաբույս, որն ունի բաց դեղնավուն ծաղիկներ և ուղղաձիգ ցողուններ։ Տերևները մանր են, ձվաձև, նշտարաձև, հերթադիր դասվորությամբ։ Յուրաքանչյուր ցողուն ավարտվում է ողկուզանման ծաղկաբույլով։ Պատիճները կլորավուն են, սրածայր հավելվածով։ Տիպիկ հայկական տեսակ է՝ այսպես կոչված էնդեմիկ, որը մեր հանրապետությունից դուրս ուրիշ ոչ մի երկրում չի հանդիպում։ Աճում է Սևանի ավազանում՝ (Արեգունու լեռնաշղթայում)։ Դեկորատիվ պարտիզագործության բնագավառում կարող է մշակվել ամենուրեք տարածված ծովային վառվռուկի հետ միասին կամ նրա փոխարեն։ Լուսասեր է և միանգամայն ցրտադիմացկուն․ հեշտությամբ է տանում ուշ գարնանային ցրտահարությունները։ Առատորեն ծաղկում է մինչև ուշ աշուն։ Ծաղկում է ցանքից ընդամենը 40-50 օր հետո։

Քանի որ բուսատեսակը հազվագյուտ է համարվում և գրանցված է Հայաստանի բուսականության «Կարմիր գրքում» մշակության մեջ ներդնելը անհրաժեշտ է։ Կարելի է օգտագործել ալպինարիաների, քարապարտեզների ձևավորման համար, ինչպես նաև ծաղկագորգային կոմպոզիցիաներում[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա բույս է, որը ծածկված է առսեղմ թեփանման մազիկներով։ Տերևները հականշտարաձևից մինչև գծային են։ Պարզ ցողունները չեն ճյուղավորվում։ Թեթևակի երկարավուն պտղաբույլը ունի առանցքից հեռացած պտղակոթեր։ Պսակաթերթերը գունատ դեղին են։ Կարճ առէջները հիմքում ամբողջական հավելուկով են, իսկ երկար առէջները ստորին մասում ունեն միակողմանի ատամնաձև թև։ 3,5-4 մմ երկարությամբ առսեղմ թեփանման բազմաճառագայթ մազիկներով ծածկված պատիճակները օվալ են, սռնակի տակ՝ գոգավոր[2]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Սևանի ֆլորիստիկական շրջանում (Արտանիշ, Բաբաջան և Դարա գյուղի միջև)։ Հանդիպում է նաև Հարավարևմտյան Անդրկովկասում (Մսխեթ)[2]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 2000-2300 մ բարձրությունների վրա, չոր լանջերին, գիհու նոսրանտառում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[2]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Անդրկովկասի էնդեմիկ է։ Տարածման և բնակության շրջաների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված ռեկրեցիայի ակտիվացման և արածեցման հետ, սպառնում է անհետացում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[2]։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկի պահպանական գոտում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վառվռուկ հայաստանյան» հոդվածին։