Վալերի Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Վալերի Պետրոսյան
Ծնվել է մարտի 7, 1942(1942-03-07) (76 տարեկան)
Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Մասնագիտություն քիմիկոս
Հաստատություն(ներ) Մոսկվայի պետական համալսարան
Անդամակցություն Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիա և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատեր Մոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճան քիմիական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր (1981)

Վալերի Սամսոնի Պետրոսյան (ռուս.՝ Валерий Самсонович Петросян, 1942, մարտի 7, Բաքու), հայազգի քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1981), Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի ֆիզիկական օրգանական քիմիայի լաբորատորիայի ղեկավար, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (28.11.2008)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերի Սամսոնի Պետրոսյանը ծնվել է 1942 թ. մարտի 7-ին Բաքվում։ Ծնողները՝ Սամսոն Պետրոսյանը և Թամարա Չիլինգարովան ծնվել են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում։ Ավարտելով Մարտակերտի դպրոցը՝ հայրը 1935 թ. մեկնել է Լենինգրադ, ստացել ինժեներ-շինարարի դիպլոմ, սակայն աշխատանք չգտնելով Ղարաբաղում, Երևանում և Թբիլիսիում՝ մեկնել է Բաքու, որտեղ էլ ծնվել են նրա երկու զավակները։ Սամսոն Պետրոսյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերի Սամսոնի Պետրոսյանը սովորել է Բաքվի ռուսական 6-րդ դպրոցում, զբաղվել է բասկետբոլով և ձեռքի գնդակով։ Նրան դասավանդել են ուսուցիչներ Ռոզալյա Սանդլերը (քիմիա), ԽՍՀՄ վաստակավոր ուսուցիչ Նիկոլայ Շիշկինը (ֆիզիկա), Սիմոն Պետրոսյանը (մաթեմատիկա)։ Օլեգ Ռիուտովի «Մոլեկուլների ճարտարապետը» գիրքը ճակատագրական եղավ Պետրոսյանի մասնագիտության ընտրության հարցում, որը նա ընթերցել էր 9-րդ դասարանում։

1959-1964 թթ. սովորել է Մոսկվայի պետական համալսարանի քիմիայի բաժնում, առաջին կուրսում ծանոթացել է Օլեգ Ռիուտովի հետ և սովորելուն զուգընթաց աշխատանքի է անցել այդ լաբորատորիայում։ Սովորել է ասպիրանտուրայում, որտեղ նրա գիտական ղեկավարն է եղել ակադեմիկոս Օլեգ Ռիուտովը։ Պետրոսյանն աշխատանքի է անցնում Ռիուտովի լաբորատորիայում, այնուհետև՝ դասավանդում Մոսկվայի պետական համալսարանում։ 1967 թ. պաշտպանում է ատենախոսությունը, 1971 թ. դառանում է ավագ գիտաշխատող, 1974 թվականից՝ դոցենտ։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոսյանը 1976 թ. գիտական ղեկավար Օլեգ Ռիուտովի աջակցությամբ մեկնում է ԱՄՆ՝ Լոս Անջելես՝ Փասադենայի Կալիֆոռնիական տեխնոլոգիական համալսարանում վերապատրաստվում և, մեկ տարի շարունակ ուսումնասիրություններ կատարելով՝ կարողանում է ավարտին հասցնել դոկտորական ատենախոսությունը, որը հաջողությամբ պաշտպանում է 1979 թ., 1981 թվականից՝ պրոֆեսոր։ 1988 թվականից Օլեգ Ռիուտովի կողմից ստեղծված լաբորատորիայի ղեկավարն է (Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի ֆիզիկական օրգանական քիմիայի լաբորատորիա)։ Նրա ղեկավարությամբ պաշտպանել են 32 գիտության թեկնածուներ, 8 գիտության դոկտորներ, որոնց Վալերի Պետրոսյանն աջակցել է աշխատանքային խմբեր պատրաստելու և լաբորատորիաների տարածք ձեռք բերելու համար։

1975 թվականից մեծ աշխատանք է կատարել էկոլոգիայի ոլորտում, հատկապես ջրի էկոլոգիայի բնագավառում։

2007 թ. ընտրվել է Մոսկվայի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թ. Վալերի Սամսոնի Պետրոսյանին ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերի Պետրոսյանը ակտիվ է եղել նաև հասարակական ոլորտում։ Համագործակցելով ակադեմիկոս Աբել Աղանբեկյանի հետ՝ մշտապես օգնել է Հայաստանին և Ռուսաստանի հայ համայնքին։ Նրանց աջակցությամբ հայ երիտասարդները բարձրագույն կրթություն են ստացել, սովորել ասպիրանտուրայում, Հայաստանից եկած երիտասարդ գիտնականներին աջակցել են Ռուսաստանում վերապատրաստվելու հարցում։

Պետրոսյանը սերտ կապեր ունի հայաստանյան գիտական կենտրոնների հետ։ Քիմիայի բնագավառում երկար տարիներ արդյունավետ համագործակցել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աիդա Ավետիսյանի՝ ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնի վարիչի, քիմիական ֆակուլտետի դեկանի հետ՝ համատեղ կազմակերպելով հայ-ամերիկյան, հայ-գերմանական սիմպոզիումներ, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետ, ՀՀ ԳԱԱ քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ղեկավարի հետ համագործակցության մի շարք պայմանավորվածություններ ունի[1][2]։

Վալերի Սամսոնի Պետրոսյանը մեծ ջանքեր է ներդրել և ներդնում քիմիայի և էկոլոգիայի ոլորտի զարգացման գործում, սերտորեն համագործակցում է Հայաստանի գիտական շրջանակների համապատասխան մասնագետների հետ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի պարգև՝ էկոլոգիայի ոլորտում հաջող գործունեություն ծավալելու համար, 1992

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոսյանի տղան՝ Ալեքսանդրը, ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի օվկիանոսագիտության բաժինը, աղջիկը՝ Ելենան, մասնագիտանում է հոգեբանության ոլորտում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]