Վազգեն Սարգսյան (մանկավարժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վազգեն Սարգսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վազգեն Սարգսյան
Ծնվել է1920
ԾննդավայրԱրտաշավան, Էջմիածնի գավառ
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ

Վազգեն Հարությունի Սարգսյան (1920, Արտաշավան, Էջմիածնի գավառ - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1957):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1920 թվականին, Աշտարակի շրջանի Արտաշավան գյուղում։ 1940 թվականի հոկտեմբերին, Երևանի մանկավարժական տեխնիկումի երրորդ կուրսից, զորակոչվել է կարմիր բանակ և ուղարկվել Միջինասիական զինվորական օկրուգի բժշկական ուսումնարանում սովորելու։ Սակայն ուսումնարանը չավարտած սկսվել է Հայրենական մեծ պատերազմը[1]։

1941 թվականին Սարգսյանին շնորհվել է սերժանտի կոչում ու, որպես սանհրահանգիչ, ուղարկվել է Հյուսիսային Ղազախստանում նոր կազմավորվող 314-րդ հրաձգային դիվիզիայի 1078-րդ գունդը, որի կազմում էլ մասնակցել է Լենինգրադի պաշտպանության մարտերին։ 1942 թվականի հոկտեմբերին Վոլխովի ուղղությամբ Լենինգրադի շրջապատումը ճեղքելու մարտերից մեկում ծանր վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ։ Բուժվելուց հետո Վազգենը մեկնել է Վորոնեժի ռազմաճակատ, 5-րդ գվարդիական տանկային կորպուսի 48-րդ առանձին գունդը՝ որպես դեսանտային ջոկի հրամանատար, և մասնակցել Կուրսկի աղեղի նշանավոր ճակատամարտին։ 1943 թվականին մարտերից մեկում նորից վիրավորվել է , ապաքինվելուց հետո գործուղվել է առաջին Ուկրաինական ռազմաճակատ։ 7-րդ գվարդիական տանկային կորպուսի 71-րդ մեքենայացված բրիգադի կազմում նա մասնակցել է Կիևի, Ժիտոմիրի, Շեպետովկայի և այլ քաղաքների ու բնակավայրերի ազատագրման մարտերին։ 1944 թվականի աշնանը Վազգենը կռվել է Սանդոմիրի պլացդարմում, մասնակցել Լեհաստանի ազատագրմանը։ Պարգևատրվել է «Խիզախության համար» երկու մեդալներով ու շնորհակալագրերով։ Մարտերով հասել է Գերմանիա, մեծ հաղթանակը դիմավորել Էլբայի ափին[1]։

1946 թվականին Սարգսյանը զորացրվել է խորհրդային բանակի շարքերից։ 1947 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը և ուսուցչական աշխատանքի անցել հայրենի գյուղի յոթնամյա դպրոցում։ 1957 թվականին Սարգսյանը ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Խիզախության համար» մեդալ (կրկնակի)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հարությունյան Ա. Հ. և ուրիշներ Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ Երեք գրքով։ Գիրք 3-րդ, Լույս, 1987, 289 էջ։