Սրբուհի Գալֆայան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալֆայան ազգանունով այլ մարդկանց մասին:
Սրբուհի Գալֆայան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 17, 1822[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն կամ Քարթալ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հուլիսի 4, 1889[1] (67 տարեկան) |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | միանձնուհի |
Սրբուհի Նշանի Գալֆայան (փետրվարի 17, 1822[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն և Քարթալ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 4, 1889[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), միանձնուհի, բարերար, ժանեկագործ, ասեղնագործող վարպետ, Գալֆայան վարժարանի հիմնադիր[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սրբուհի մայրապետ Նշանի Գալֆայանը ծնվել է Կոստանդնուպոլսից քիչ հեռու գտնվող Քարթալ գյուղում։ Սրբուհին ընտանիքի վեց զավակներից առաջինն էր։ 12 տարեկանում՝ հոր մահից հետո, ստիպողաբար ամուսնությունից խուսափելու համար ցանկանում է մտնել կուսանոց։ 1837 թվականին Սրբուհին հիվանդանում է ժանտախտով։ Ապաքինվելուց հետո մոր հետ տեղափոխվում Կոստանդնուպոլիս հորեղբոր՝ գյուղատնտես, Թուրքիայի փոստ-հեռագրատան, այնուհետև հասարակական շինությունների նախարար Աղաթոն Գրիգոր էֆենդիի տուն։ 1840 թվականին Կոստանդնուպոլսում դառնում է մայրապետ[3]։
Սրբուհի Գալֆայանը եղել է ձեռագործության վարպետ։ Գումար վաստակելով՝ նա Խասգյուղում տուն է գնում և 1850 թվականին այստեղ բացում երկսեռ արհեստանոց, ներգրավում աշակերտների և սովորեցնում իր արվեստը։
1868 թվականին Սրբուհի Գալֆայանն իր գործերն ուղարկել է Անտվերպենի (Բելգիա) ցուցահանդեսին և արժանացել առաջին մրցանակին։ Գալֆայանին հրավիրել են եգիպտական արքունիք, ապա 1858 թվականին Յուսուֆյան Գեորգ բեյի կնոջ հետ մեկնել է Իտալիա (Նեապոլ, Հռոմ, Ֆլորենցիա, Միլան), մեկ տարի անց՝ նաև Երուսաղեմ և Աթենք՝ կատարելու Հունաստանի թագուհու և պալատական տիկինների պատվերները[3]։
1865 թվականին՝ խոլերայի համաճարակի ժամանակ հավաքել է ծնողազուրկ հայ երեխաներին և իր տան սենյակները տրամադրել է նրանց խնամելու, կրթելու, դաստիարակելու համար։ Միջոցների սղության պատճառով հանգանակություն է սկսում և 1866 թվականին հիմնադրվում են Գալֆայան միաբանությունն ու Գալֆայան որբանոց-վարժարանը։
1870 թվականին Սրբուհի մայրապետը 20 որբուհիների հետ ներկայանում է Սուլթան Ազիզին և ստանում 50 ոսկի նվիրատվություն և օրական 45 ֆունտ հաց և 23 ֆունտ միս որբերի համար։ 1871 թվականին Սրբուհի մայրապետը մասնակցում է Խասգյուղի Դաքեսյան առանձնատան աճուրդին և 950 ոսկի առաջարկելով՝ հաղթում է մրցակիցներին՝ գրպանում ունենալով միայն 110 փարա։ 8 օրվա ընթացքում հանգանակությամբ 650 ոսկի է հավաքվում, մնացած 300 ոսկի գումարը վճարում են երկու ամսվա ընթացքում։ 1871 թվականին Դաքեսյան վերանորոգված առանձնատունը դառնում է Գալֆայան որբանոց (այժմ՝ Գալֆայան երկսեռ դպրոց), որից հետո որբերին կրթությամբ ապահովելու համար մայրապետը ձեռնամուխ է լինում նաև վարժարանի հիմնադրմանը[4]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սրբուհի Գալֆայանը մահացել է 1899 թվականի հուլիսի 4-ին Կ. Պոլսում՝ շաքարախտից[3]։ Թաղված է հայկական եկեղեցու բակում։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ա. Հարությունյան, «Երևելի տիկնանց դարը», Երևան, 2005, Հոգևոր Հայաստան, ISBN 99930-932-1-1:
- Սերգեյ Ավագյան, «Նշանավոր հայուհիներ», Երևան, ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2006, ISBN 99941-53-21-8:
- Մարգարյան Գ., Կենսագրութիւն Սրբուհի մայրապետի Նշան-Գալֆաեան, Կ. Պ, 1892։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://avproduction.am/?ln=am&page=person&id=3993
- ↑ «Srpuhi Mayrabed Kalfayan – Սրբուհի Մայրապետ Գալֆաեան (1822-1889)»։ Armenian Women (en-US)։ 2012-03-24։ Վերցված է 2018-03-14
- ↑ 3,0 3,1 3,2 Սրբուհի Գալֆայան /1822-1889/
- ↑ Սրբուհի Գալֆայանի մասին avproduction կայքում
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 661)։ ![]() |