Սպասք լվացող մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպասք լվացող մեքենա՝ մաքուր սպասքով․

Սպասք լվացող մեքենա (անգլ.՝ Dishwasher), սարք, որն օգտագործվում է սպասքը, խոհանոցային պարագաները և դանակ-պատառաքաղները ավտոմատ կերպով մաքրելու համար։ Ի տարբերություն ձեռքի սպասք լվանալու տեխնիկայի, որը կիրառվում է ֆիզիկական մաքրման եղանակով կեղտը հեռացնելու համար, մեխանիկական սպասք լվացող մեքենան մաքրում է սպասքը տաք ջուր ցողելով, սովորաբար 45-ից 75 °C (110-170 °F) ջերմաստիճանում, մինչդեռ նուրբ սպասքի համար օգտագործվում է ավելի ցածր ջերմաստիճանի ջուր[1]։

Ջրի և սպասք լվացող միջոցների խառնուրդը լցվում է մեկ կամ մի քանի պտտվող հեղուկացիրների մեջ՝ մաքրելով սպասքը մաքրող խառնուրդով։ Խառնուրդը վերաշրջանառվում է՝ ջուր և էներգիա խնայելու համար։ Հաճախ կատարվում է նախնական լվացում, որը կարող է ներառել կամ չներառել լվացող միջոց, Այնուհետև ջուրը քամվում է։ Դրան հաջորդում է հիմնական լվացումը քաղցրահամ ջրով և լվացող միջոցներով։ Լվացման գործընթացն ավարտելուն պես, ջուրը քամվում է։ էլեկտրամեխանիկական մագնիսական փականի միջոցով ավելի շատ տաք ջուր է մտնում խողովակ, և սկսվում է ողողման ցիկլը (ցիկլերը)։ Ողողման գործընթացի ավարտվելուն պես ջուրը կրկին քամվում է, և սպասքը չորանում է չորացման մի քանի եղանակներից մեկով։ Սովորաբար, կոշտ ջրից կամ այլ պատճառներով առաջացած բծերի քանակը նվազեցնելու համար օգտագործվում է ողողող հեղուկ, որը քիմիական նյութ է, որը նվազեցնում է ջրի մակերեսային լարվածությունը[2]։

Բացի կենցաղային տեխնիկայից, արդյունաբերական սպասք լվացող մեքենաները հասանելի են առևտրային հաստատություններում օգտագործելու համար, ինչպիսիք են հյուրանոցները և ռեստորանները, որտեղ անհրաժեշտ է մեծ քանակությամբ սպասք լվանալ։ Լվացումը կատարվում է 65-71 °C (149-160 °F) ջերմաստիճանում, իսկ սանիտարական մաքրումը կատարվում է կա՛մ լրացուցիչ ջեռուցիչի միջոցով, որն ապահովում է «վերջնական ողողման» ջերմաստիճանը 82 °C (180 °F), կա՛մ քիմիական ախտահանիչի միջոցով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպասք լվանալու առաջին մեխանիկական սարքը որպես պատենտ ստեղծվել է 1850 թվականին Միացյալ Նահանգներում Ջոել Հոութոնի կողմից։ Սարքը պատրաստված էր փայտից և այն պտտել կարելի էր միայն ձեռքով, մինչ ջուրը ցողվում էր սպասքի վրա[3]։ Սարքը և՛ դանդաղ էր, և՛ անվստահելի։ Մեկ այլ պատենտ վերագրվում է Լ․ Ա, Ալեքսանդրին 1865 թվականին, որ նման էր սկզբնական տարբերակին, բայց այն տարբերվում էր ձեռքով աշխատող դարակաշարերի համակարգով[4]։ Այս սարքերից ոչ մեկը գործնական կամ տարածված չէր։ Որոշ վերլուծողներ որպես ադապտացման հիմնական խոչընդոտ նշում են այն պատմական վերաբերմունքը, համաձայն որի կանայք գնահատվում էին ըստ տնային գործերի վրա ծախսած նրանց ջանքերի, այլ ոչ թե ըստ ստացած արդյունքների․ ոմանք կարծում էին, որ տնային պարտականությունների պարզեցումը նվազեցնում է դրանց արժեքը[5]։

Ձեռքով աշխատող սպասք լվացող մեքենաներից ամենահաջողվածը հայտնագործվել է 1886 թվականին Ժոզեֆինա Քոքրեյնի կողմից, մեխանիկ Ջորջ Բաթերսի հետ համատեղ, Իլինոյս[6] նահանգի Շելբիվիլ քաղաքում գտնվող Կոքրեյնի գործիքների պահեստում, երբ Քոքրեյնը (հարուստ սոցիալական դասի ներկայացուցիչ) ցանկանում էր պաշտպանել իր ճենապակե սպասքը լվացքի ժամանակ[7]։ Նրանց գյուտը ներկայացվեց 1893 թվականին Չիկագոյում կայացած համաշխարհային ցուցահանդեսում, որը կոչվում էր Lavadora, բայց փոխվեց Lavaplatos, քանի որ 1858 թվականին հորինված մեկ այլ մեքենա արդեն կրում էր այդ անունը։ Քոքրեյնի ոգեշնչումը դարձավ նրա հիասթափությունը, քանի որ իր որակյալ Ճենապակին վնասվել էր, երբ նրա ծառաները փորձել էին մաքրել այն[8]։

Faultless Quaker ապրանքանիշի սպասք լվացող մեքենայի գովազդը McClure ամսագրի 1896 թվականի համարում․

Եվրոպայում էլեկտրական շարժիչով առաջին կենցաղային սպասք լվացող մեքենան հայտնագործվել և արտադրվել է Միելի կողմից 1929 թվականին[9][10]։

Միացյալ Թագավորությունում Ուիլյամ Հովարդ Լիվենսը 1924 թվականին հայտնագործեց տնային օգտագործման համար հարմար ոչ էլեկտրական սպասք լվացող մեքենա։ Սա առաջին սպասք լվացող մեքենան էր, որը ներառում էր ընդհանուր կառուղվածքային տարրերի մեծ մասը, որոնք ներկայացված են ժամանակակից տարբերակներում․ այն ներառում էր բեռնման դուռ, լվանալու ենթակա սպասքը պահելու համար նախատեսված հարմարանք և պտտվող հեղուկացիր[11]։ 1940 թվականին նրա դիզայնին ավելացվել են չորացման համար նախատեսված տարրեր։ Այս տարբերակը առաջինն էր, որն համապատախան էր տնային օգտագործման համար, և այն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ տան մշտական ջրամատակարարումն ու հոսող ջուրը գնալով ավելի տարածված էին դառնում[12][13]։

Չնայած դրան, Լիվենսի դիզայնը առեւտրային առումով հաջողություն չունեցավ, և սպասք լվացող մեքենաները հաջողությամբ վաճառվեցին որպես կենցաղային տեխնիկա միայն 1950ական թվականների հետպատերազմյան վերելքի ժամանակ, թեև միայն հարուստ դասին։ Սկզբնական շրջանում, սպասք լվացող մեքենաները վաճառվում էին որպես ինքնուրույն կամ շարժական սարքեր, բայց պատից պատ և ստանդարտ բարձրության պահարանների կիրառման մեջ մտնելուց հետո, սարքերը սկսեցին վաճառվել ստանդարտ չափսերով և ձևերով, որոնք ներկառուցված էին խոհանոցի սեղանիկի տակ՝ որպես մոդուլային միավոր այլ խոհանոցային սարքերի հետ։

1970-ականներին սպասք լվացող մեքենաները սովորական դարձան Հյուսիսային Ամերիկայի և Արևմտյան Եվրոպայի բնակելի տարածքներում։ 2012 թվականին Միացյալ Նահանգների և Գերմանիայի տների մոտ 75 տոկոսը տեղադրել էր սպասք լվացող մեքենաներ[14]։

1990-ականների վերջին արտադրողները սկսեցին սպասք լվացող մեքենաներում էներգախնայողության տարբեր նոր առանձնահատկություններ առաջարկել[15]։ Առանձնահատկություններից մեկը «աղտոտման սենսորների» օգտագործումն էր՝ ավտոմատացված գործիք սպասք լվացող մեքենայի մեջ, որը չափում էր սննդի մասնիկները, որոնք դուրս էին գալիս սպասքից[15]։ Երբ լվացող մեքենան լվանում էր սպասքը մինչև այն կետը, երբ այլևս սննդի մասնիկներ չէին արտանետվում, աղտոտման սենսորը տեղեկացնում է, որ սպասքը մաքուր է[15]։ Սենսորը աշխատում էր մեկ այլ նորարարության հետ զուգահեռ՝ օգտագործելով փոփոխական լվացման ժամանակ[15]։ Եթե սպասքը չափից շատ կեղտոտ էր լինում, լվացող մեքենան ավելի երկար էր աշխատում, քան եթե սենսորը պարզեր, որ սպասքը մաքուր էր։ Հետևյալ ձևով, սպասք լվացող մեքենան խնայում էր ավելի շատ էլեկտրաէներգիա և ջուր՝ աշխատելով այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ էր[15]։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափ և հզորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսամերիկյան սպասք լվացող մեքենա

Սպասք լվացող մեքենաները, որոնք տեղադրված են ստանդարտ խոհանոցի պահարաններում, ունեն ստանդարտ լայնություն և 60 սմ խորություն (Եվրոպա) կամ 24 մատնաչափ (61 սմ) (ԱՄՆ), և սպասք լվացող մեքենաների մեծ մասը պետք է տեղադրվի առնվազն 86 սմ (Եվրոպա) կամ 34 մատնաչափ (86 սմ) (ԱՄՆ) հասակով։ Դյուրակիր սպասք լվացող մեքենաները գոյություն ունեն 45 և 60 սմ (Եվրոպա) կամ 18 և 24 դյույմ (46 և 61 սմ) (ԱՄՆ) լայնություններով՝ ձուլակտորներով և կցված սալիկների վրա։ Դյուրակիր սպասք լվացող մեքենաները արտադրվում են 45 և 60 սմ (Եվրոպա) կամ 18 և 24 մատնաճափ (46 և 61 սմ) (ԱՄՆ) լայնությամբ, անիվներով և կախովի հարմարանքներով:Կան նաև սպասք լվացող մեքենաներ, որոնց չափերը համապատասխանում են եվրոպական գաստրոնորմ ստանդարտին։ Սպասք լվացող մեքենաները կարող են լինել ստանդարտ չափի կամ գզրոցներով․ ստանդարտ գզրոցներով սպասք լվացող մեքենաներն ունեն դռան տակ պահպանման տակդիր, ինչը հեշտացնում է նրա պահպանումը և տեղադրումը, բայց գզրոցներով սպասք լվացող մեքենաներն ունեն մոտ 20% ավելի մեծ հզորություն և ավելի լավ ձայնամեկուսացում՝ ամուր առջևի դռան շնորհիվ։

Սպասք լվացող մեքենայի տարողունակության միջազգային ստանդարտն արտահայտվում է տարածության ստանդարտ պարամետրերով։ Առևտրային սպասք լվացող մեքենաները գնահատվում են ըստ մեկ ժամում լվացած ափսեների քանակի։ Գնահատման ցուցանիշը հիմնված է նույն չափի ստանդարտ ափսեների վրա։ Նույնը կարելի է ասել առևտրային ապակու լվացարանների համար, քանի որ դրանք նախատեսված են ստանդարտ բաժակների, սովորաբար պինտա տարբերակների համար։

Նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպասք լվացող բաց մեքենա

Ներկայիս մեքենաներն ունեն բացվող առջևի վահանակի դուռ, որը թույլ է տալիս բացել մեքենան, որը սովորաբար պարունակում է երկու կամ երբեմն երեք հանվող դարակաշարեր. դարակաշարերը կարելի է անվանել նաև «զամբյուղներ»։ 1950-ականների հին ամերիկյան մոդելներում ամբողջ խողովակը դուրս էր մղվում մեքենայի փականը բացելիս, իսկ լվացվող իրերի բեռնումն ու հանումը կատարվում էր վերևից, օգտագործողը որոշ իրեր դուրս էր բերում խցիկի խորքից։ Youngstown Kitchens-ը, որն արտադրում էր խոհանոցային պահարաններ և լվացարաններ, առաջարկեց նոր ոճով սպասք լվացող մեքենա, որը միացված էր սովորական խոհանոցի լվացարանին որպես մեկ միավոր։ Ներկայիս մեքենաների մեծ մասը թույլ է տալիս ներքևի դարակում տեղադրել սպասք, արծաթյա սպասք, բարձրահասակ իրեր և ճաշ պատրաստելու պարագաներ, մինչդեռ ապակյա իրերը, բաժակները և բաժակապնակները տեղադրվում են վերին դարակում[16]։ Բացառություն էին սպասք լվացող մեքենաները, որոնք արտադրվում էին Maytag Corporation-ի կողմից 60-ականների վերջից մինչև 90-ականների սկիզբը։ Այս մեքենաները նախատեսված էին ներքևի դարակում ապակյա իրեր, գավաթներ և բաժակապնակներ բեռնելու համար, մինչդեռ ափսեներ, արծաթյա իրեր և բարձրահասակ իրեր տեղադրվում էին վերին դարակում։ Այս եզակի դիզայնը թույլ տվեց ավելի մեծ տարողության և ճկունության սպասք, կաթսաներ և թավաներ բեռնել։ Այսօր «դարակաշարով» մոդելները վերացնում են երկար հասանելիության անհարմարությունները, որոնք անհրաժեշտ էին ավելի հին մոդելների դեպքում։ Տարածված են նաև «պատառաքաղների զամբյուղները»։ Դարակաշարերով մեքենան, որն առաջին անգամ ներկայացվել է Fisher & Paykel-ի կողմից 1997 թվականին, սպասք լվացող մեքենայի տարբերակն է, որի մեջ զամբյուղները դռան հետ դուրս են սահում այնպես, ինչպես գզրոցները, ընդ որում յուրաքանչյուր գզրոց կրկնակի գզրոցներով տարբերակներում կարող է աշխատել մյուսից անկախ։

Հյուսիսային Ամերիկայի շուկայում սպասք լվացող մեքենայի ներսը կամ չժանգոտվող պողպատից է կամ պլաստիկից։ Դրանց մեծ մասը չժանգոտվող պողպատից կորպուս և պլաստմասե դարակաշարեր են։ Չժանգոտվող պողպատից կորպուսները դիմադրում են կոշտ ջրին և պահպանում են ջերմությունը՝ սպասքը ավելի արագ չորացնելու համար։ Նրանք նաև վաճառքի են հանվում բարձր արժեքով։ Սպասք լվացող մեքենաները կարելի է գնել 1500 դոլարից ավելի թանկ, բայց սեղանի սպասք լվացող մեքենաները հասանելի են նաև 300 դոլարից ցածր։ Ավելի հին մոդելներում օգտագործվում էին ջերմամշակված արծնապակե կորպուսներ, մինչդեռ ոմանք օգտագործում էին վինիլային ծածկույթ՝ պողպատե կորպուսի վրա, որն ապահովում էր նրա պաշտպանությունը թթվային սննդից և ապահովում էր ձայնի որոշակի թուլացում։ Եվրոպական արտադրության մեքենաներն ունեն չժանգոտվող պողպատից պատրաստված ինտերիեր, որպես ստանդարտ, նույնիսկ ցածրակարգ մոդելներում։ Նույնը վերաբերում է ներկառուցված ջրի փափկեցնող հարմարանքին։

Լվացող բաղադրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական սպասք լվացող մեքենաները գրեթե հավասարապես օգտագործում են երկու կամ երեք հեղուկացիր, որոնք սնվում են մեքենայի ներքին և ետին պատից՝ երկու դարակաշարերը թողնելով անարգել։ Նման մոդելները նաև հակված են օգտագործել ներկառուցված ջրատաքացուցիչներ՝ հեռացնելով մեքենայի հիմքում բաց տարրերի անհրաժեշտությունը, որոնք կարող են հալեցնել իրենց մոտ գտնվող պլաստիկ իրերը։ Հյուսիսային Ամերիկայի շատ սպասք լվացող մեքենաներ հակված են օգտագործել բաց տարրեր մեքենայի հիմքում։ Հյուսիսամերիկյան որոշ մեքենաներ, հիմնականում նրանք, որոնք նախագծվել են General Electric-ի կողմից, օգտագործում են լվացքի խողովակ, որը հաճախ կոչվում է լվացքի աշտարակ, ջուրը սպասք լվացող մեքենայի ներքևից դեպի սպասքի վերին դարակ ուղղելու համար։ Որոշ սպասք լվացող մեքենաներ, ներառյալ Whirlpool-ի և KitchenAid-ի շատ մոդելներ, օգտագործում են խողովակ, որը կցված է վերին դարակին, որը միանում է մեքենայի հետևի մասում գտնվող ջրի աղբյուրին և ջուրն ուղղում դեպի վերին դարակի տակ գտնվող երկրորդ լվացման ցողիչը, որը թույլ է տալիս լիարժեք օգտագործել ստորին դարակաշարը։ Frigidaire-ի ուշ թողարկված մոդելի մեքենաները ջրի շիթ են նետում լվացող մեքենայի վերևից ներքև դեպի վերին հեղուկացիր՝ կրկին թույլ տալով օգտագործել ներքևի դարակաշարը (բայց վերին դարակի վրա փոքր ձագարը պետք է մաքուր լինի)։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպասք լվացող մեքենա՝ աշխատելու ընթացքում

Հյուսիսային Ամերիկայի միջին և բարձրակարգ սպասք լվացող մեքենաները հաճախ ապահովված են կոշտ սնունդը հեռացնող սարքերով, որոնք գործում որպես մանր աղբահանող սարքեր, որոնք լվացքի ջրից հեռացնում են սննդի մնացորդների մեծ կտորները։ Արտադրողներից մեկը, որը հայտնի է պինդ սննդի վերամշակումից հրաժարվելով, գերմանական Bosch ապրանքանիշն է.Այնուամենայնիվ, Bosch-ը դա անում է աղմուկը նվազեցնելու համար։ Եթե ավելի մեծ սննդի թափոնները հանվում են լվացող մեքենայի մեջ դնելուց առաջ, ապա նախնական լվացում չի պահանջվում նույնիսկ առանց թափոնների հեռացման սարքերի։

Սպասք լվացող շատ նոր մեքենաներ ունեն սենսորների օգնությամբ միկրոպրոցեսորով կառավարվող լվացքի ցիկլեր, որոնք հարմարեցնում են լվացման տևողությունը կեղտոտ սպասքի քանակին (զգացվում է ջրի ջերմաստիճանի փոփոխություններից ) կամ ողողման ջրի մեջ կեղտի քանակին (որոշվում է քիմիական կամ օպտիկական եղանակով)։ Սա կարող է խնայել ջուրն ու էներգիան, եթե սարքը շահագործողը օգտագործում է մասնակի բեռնում։ Նման մեքենաներում էլեկտրամեխանիկական պտտվող անջատիչը, որը հաճախ օգտագործվում է լվացքի ցիկլը վերահսկելու համար, փոխարինվում է միկրոպրոցեսորով, սակայն սենսորների և փականների մեծ մասը դեռ պահանջված են։ Այնուամենայնիվ, ճնշման անջատիչներ (որոշ սպասք լվացող մեքենաներ օգտագործում են ճնշման անջատիչ և հոսքաչափ) միկրոպրոցեսորով կառավարվող մեքենաների մեծ մասում չեն պահանջվում, քանի որ դրանք օգտագործում են շարժիչը և երբեմն պտտվող դիրքի սենսորը ջրի դիմադրությունը զգալու համար։ երբ այն զգում է, որ կավիտացիա չկա, այն գիտի, որ մեքենան ունի օպտիմալ քանակությամբ ջուր։ Բիմետալ անջատիչը կամ շարժիչը բացում է լվացող միջոցի մուտքը լվացքի ցիկլի ընթացքում։

Սպասք լվացող որոշ մեքենաներ ներառում են երեխաների համար նախատեսված կողպման գործառույթ՝ նրանց կողմից լվացման ցիկլի պատահական մեկնարկը կամ դադարեցումը կանխելու համար։ Երբեմն կարող է ներառվել երեխաների համար նախատեսված կողպեք՝ կանխելու փոքր երեխաների դուռը բացելը լվացման ցիկլի ընթացքում։ Սա կանխում է պատահարները տաք ջրի և լվացքի ընթացքում օգտագործվող ուժեղ լվացող միջոցների հետ։

Աշխատանքի գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրոէներգիայի սպառում և ջրի ջերմաստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական Միությունում սպասք լվացող մեքենայի էներգիայի սպառումը ստանդարտ օգտագործման համար ցուցադրվում է էներգետիկ պիտակի վրա։ Միացյալ Նահանգներում մեքենայի էներգիայի սպառումը որոշվում է էներգիայի գործակիցով։

Սպասք լվացող մեքենաների էներգիայի օգտագործման ներկայիս չափանիշները, Energy Star-ի հավաստագրման համար, ≤ 270 կՎտժ/տարի ստանդարտ աման լվացող մեքենաների համար, և ≤ 203 կՎտժ/տարի կոմպակտ աման լվացող մեքենաների համար[17]։

Սպառողական սպասք լվացող մեքենաների մեծ մասը ախտահանման գործընթացում օգտագործում է 75 °C (167 °F) թերմոստատ։ Վերջնական ողողման ցիկլի ընթացքում ջեռուցման սարքը և լվացքի պոմպը միացված են, և ցիկլի ժամանակաչափը (էլեկտրոնային կամ էլեկտրամեխանիկական) դադարեցվում է մինչև թերմոստատի անջատումը։ Այս պահին ցիկլի ժամաչափը վերսկսվում է և, ընդհանուր առմամբ, սկսում է նաեւ արտահոսքի ցիկլը մի քանի ժամաչափի ընթացքում։

Սպառողական սպասք լվացող մեքենաների մեծ մասը օգտագործում է 75 °C (167 °F) ոչ թե 83 °C (181 °F) այրման վտանգի, էներգիայի և ջրի սպառման, ընդհանուր ցիկլային ժամանակի և մեքենայի ներսում տեղադրված պլաստիկ իրերի հնարավոր վնասի պատճառով։ Նոր լվացող միջոցների ստեղծման շնորհիվ ջրի ավելի ցածր ջերմաստիճանը (50–55 °C / 122–131 °F) անհրաժեշտ է կանխելու համար ֆերմենտների վաղաժամ քայքայումը, որոնք օգտագործվում են ճաշատեսակներից մնագած ճարպը և այլ նստվածքները քայքայելու համար։

ԱՄՆ-ում բնակարանային սպասք լվացող մեքենաները կարող են հավաստագրվել NSF միջազգային փորձարկման արձանագրությամբ, որը գնահատում է սարքի մաքրման և սանիտարական աշխատանքը[18]։

Գերտաքացած գոլորշիով սպասք լվացող մեքենաները կարող են ոչնչացնել ափսեի մեջ գտնվող բակտերիաների 99%-ը ընդամենը 25 վայրկյանում[19]։

Չորացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպասք լվացող մեքենայի ներսում ջերմությունը չորացնում է պարունակությունը վերջնական տաք ողողումից հետո։ Հյուսիսամերիկյան մեքենաները հակված են օգտագործել ջերմության ուղեկցությամբ չորացում հատուկ սարքի միջոցով, որն ավելի քիչ արդյունավետ է, քան մյուս մեթոդները։ Եվրոպական մեքենաները և որոշ բարձրակարգ հյուսիսամերիկյան մեքենաներ օգտագործում են չորացման պասիվ մեթոդներ. չժանգոտվող պողպատից ներքին մակերեսն օգնում է այս գործընթացին, իսկ որոշ մոդելներ օգտագործում են ջերմափոխանակման տեխնոլոգիա մեքենայի ներքին և արտաքին պատյանների միջև՝ ներքին պատերը սառեցնելու և չորացումը արագացնելու համար։ Որոշ մեքենաներ օգտագործում են չորացուցիչներ, ինչպիսիք են ցեոլիտը, որոնք լվացման սկզբում տաքացվում են, չորանում և գոլորշի են ստեղծում, որը տաքացնում է ափսեները, այնուհետև սառչում չոր ցիկլի ընթացքում, որը նորից կլանում է խոնավությունը՝ խնայելով զգալի էներգիա։

Պլաստիկ և չկպչող իրերը ավելի փոքր մակերեսով[20] կաթիլներ են առաջացնում և կարող են պատշաճ կերպով չչորանալ՝ համեմատած ճենապակու և ապակու հետ, որոնք նույնպես ավելի շատ ջերմություն են պահում, որն ավելի լավ է գոլորշիացնում նրանց վրա մնացած փոքր քանակությամբ ջուրը։ Որոշ սպասք լվացող մեքենաներ ունեն օդափոխիչ՝ չորացումը բարելավելու համար։ Ավելի հին մեքենաները, որոնք ունեն տեսանելի տաքացուցիչ սարք (լվացքի պահարանի ներքևի մասում, ներքևի զամբյուղի տակ) կարող են օգտագործել ջեռուցող սարքը՝ չորացումը բարելավելու համար. սակայն, սա ավելի շատ էներգիա է ծախսում։

Այնուամենայնիվ, ամենակարևորն այն է, որ վերջնական ողողման ժամանակ տաք ջրի մեջ ավելացվում է փոքր քանակությամբ ողողման միջոց, դա մեղմ լվացող միջոց է, որը մեծապես բարելավում է չորացումը ՝ նվազեցնելով ջրի Բնորոշ մակերեսային լարվածությունը, որպեսզի ջուրը հիմնականում չորանա, ինչը մեծապես բարելավում է բոլոր իրերի չորացման որակը, ներառյալ պլաստիկները։

Սպասք լվացող մեքենաների մեծ մասն ունեն չորացման սենսոր, և որպես այդպիսին, լվացման ցիկլը միշտ համարվում է ավարտված, երբ չորացման ցուցիչը, սովորաբար լուսավորված «վերջային» լամպի տեսքով, կամ ավելի ժամանակակից մոդելներում թվային էկրանի կամ ձայնային ազդանշանի տեսքով, ցուցադրվում է։ օպերատորին, որ լվացման և չորացման ցիկլն ավարտված է։

ԱՄՆ պետական ​​կառույցները հաճախ խորհուրդ են տալիս բաց վիճակում չորացնել սպասքը՝ անջատելով կամ դադարեցնելով չորացման ցիկլը՝ էներգիա խնայելու համար[21]։

Տարբերություններ սպասք լվացող մեքենաների և ձեռքով լվացման միջև[խմբագրել | խմբագրել կոդը]

Լվացող միջոցի դեղահատ

Սպասք լվացող մեքենայի լվացող միջոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպասք լվացող մեքենաները նախատեսված են հատուկ մշակված լվացող միջոցների օգտագործմամբ աշխատելու համար։ Ժամանակի ընթացքում շատ շրջաններ արգելել են ֆոսֆատների օգտագործումը լվացող միջոցների և ֆոսֆորի վրա հիմնված միացությունների մեջ։ Դրանք նախկինում օգտագործվել են, քանի որ ունեն հատկություններ, որոնք նպաստում են արդյունավետ մաքրմանը։ Մտահոգություն է առաջացրել ջրուղիներում ջրիմուռների ծաղկման աճը, որն առաջացել է ֆոսֆատի մակարդակի բարձրացման հետևանքով (տես Էվտրոֆիկացիա)[22]։  ԱՄՆ տասնյոթ Նահանգներ ունեն մասնակի կամ ամբողջական արգելքներ լվացող միջոցներում ֆոսֆատների օգտագործման համար[23], իսկ ԱՄՆ երկու նահանգ (Մերիլենդ և Նյու Յորք) արգելում են ֆոսֆատները առևտրային սպասք լվանալու մեջ։ Լվացող միջոցների ընկերությունները պնդում էին, որ տնտեսապես անիրագործելի է լվացող միջոցների առանձին խմբաքանակներ արտադրել այն պետությունների համար, որոնք ունեն ֆոսֆատային արգելքներ, և, հետևաբար, նրանց մեծ մասը կամավոր կերպով հեռացրել է ֆոսֆատները աման լվացող մեքենաների բոլոր լվացող միջոցներից[24]։ Բացի այդ, ողողման միջոցները պարունակում են նոնիլֆենոլ և նոնիլֆենոլի էթոքսիլատներ։ Դրանք արգելված են Եվրոպական Միությունում ԵՄ 76/769/ԵՏՀ հրահանգով։

Որոշ շրջաններում, կախված ջրի կարծրությունից, սպասք լվացող մեքենան կարող է ավելի լավ աշխատել հատուկ սպասք լվացող մեքենայի աղի օգտագործմամբ։

Ապակե սպասք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպասք լվացող մեքենաներում լվացված ապակե սպասքի մակերեսին ժամանակի ընթացքում կարող է սպիտակ թաղանթ առաջանալ։ Դա կարող է պայմանավորված լինել ստորև թվարկված ցանկացած կամ բոլոր գործընթացներով, որոնցից միայն առաջինն է շրջելի։

Հանքանյութերի նստվածք
Կոշտ ջրի մեջ կալցիումի կարբոնատը (կրաքարը) կարող է նստել և կուտակվել մակերեսների վրա, Երբ ջուրը չորանում է։ Նստվածքները կարող են լուծարվել քացախով կամ այլ թթվով։ Սպասք լվացող մեքենաները հաճախ ներառում են իոնափոխանակման սարքեր՝ կալցիումի և մագնեզիումի իոնները հեռացնելու և դրանք նատրիումով փոխարինելու համար։ Արդյունքում առաջացած նատրիումի աղերը ջրի մեջ լուծելի են և հակված չեն կուտակման։
Սիլիկատային թաղանթ, օֆորտ և ճաքերի արագացված  կորոզիա
Այս թաղանթը սկսվում է ապակե սպասքի վրա ներկման էֆեկտով կամ "յուղի թաղանթով" և վերածվում է "կաթնային" կամ "ամպամած" տեսքի (որը նստվածք չէ), որը հնարավոր չէ փայլեցնել կամ հեռացնել, ինչպես կրաքարը։ Այն առաջանում է այն պատճառով, որ լվացող միջոցը խիստ ալկալային է (հիմնական), և ապակին դանդաղորեն լուծվում է ջրային ալկալիների լուծույթում։ Այն դառնում է ավելի քիչ լուծելի ջրի մեջ սիլիկատների առկայության դեպքում (ավելացվում է որպես մետաղների կոռոզիայի դեմ լվացող միջոց սպասք լվացող մեքենայի համար)։ Քանի որ պղտոր տեսքը պայմանավորված է ապակու անհավասար նստվածքով, այն (պարադոքսալ կերպով) ավելի քիչ նկատելի է, եթե նստվածքն ավելի բարձր է, այսինքն, եթե օգտագործվում է լվացող միջոց, որը չի պարունակում սիլիկատներ. նաեւ, որոշ դեպքերում օֆորտը հիմնականում նկատելի է այն վայրերում, որտեղ սպասքի մշակման արդյունքում առաջանում են մանրադիտակային մակերեսային ճաքեր[25][26]։ Այս անցանկալի ռեակցիան կարող է սահմանափակվել՝ վերահսկելով ջրի կարծրությունը, լվացող միջոցի քանակը և ջերմաստիճանը։ Ապակու տեսակը կարևոր գործոն է որոշելու, թե արդյոք այս ազդեցությունը խնդիր է։ Սպասք լվացող որոշ մեքենաներ կարող են նվազեցնել օֆորտի այս ազդեցությունը՝ ավտոմատ կերպով մաքրող միջոցի ճիշտ քանակությունը լվանալու ամբողջ ընթացքում՝ հիմնված ջրի կարծրության ծրագրավորված մակարդակի վրա։
Կապարի տարրալուծում
Կապարի բյուրեղներում պարունակվող կապարը կարող է վերածվել լուծվող ձևի՝ բարձր ջերմաստիճանի և սպասք լվացող մեքենաների բարձր ալկալային լվացման միջոցների ազդեցության տակ, ինչը կարող է վտանգել հետագա օգտագործողների առողջությունը[27]։

Այլ նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապակուց բացի այլ նյութերը նույնպես տուժում են ուժեղ լվացող միջոցներից, ուժեղ խառնումից և աման լվացող մեքենաների բարձր ջերմաստիճանից, հատկապես տաք լվացումից, որտեղ ջերմաստիճանը կարող է հասնել 75 °C[28]։ Ալյումինից, արույրից և պղնձից պատրաստված իրերը գունաթափվում են, իսկ թեթև ալյումինե տարաների վրա մնում են այլ առարկաների հետքեր, որոնց վրա նրանք հարվածում են։ Տապակների ոչ կպչուն ծածկույթը վատթարանում է։ Փայլուն, ոսկեգույն և ձեռքով ներկված իրերը գունաթափվում կամ խամրում են։ Փխրուն առարկաները և սուր եզրերը կարող են բթանալ կամ վնասվել, երբ բախվեն այլ առարկաների կամ ջերմային ազդեցության։ Մաքուր արծաթը և թիթեղյա սպասքը օքսիդացվում և գունաթափվում են բարձր ջերմաստիճանից և ցածր գալվանական դասի մետաղների հետ շփումից, ինչպիսիք են չժանգոտվող պողպատը[29]։ Թիթեղյա սպասքը հալման ցածր ջերմաստիճան ունի և կարող է դեֆորմացվել սպասք լվացող մեքենաներում։ Սոսնձված իրերը, ինչպիսիք են խոռոչով բռնակով դանակները կամ փայտե կտրելու տախտակները, հալվում կամ փափկում են մեքենայի մեջ՝ բարձր ջերմաստիճանը և խոնավությունը վնասում են փայտը։ Բարձր ջերմաստիճանը վնասում է պլաստմասսան, հատկապես ներքևի դարակաշարում ՝ բաց ջեռուցման սարքի կողքին (շատ նոր մեքենաների ջեռուցման սարքը թաքնված է եւ ամբողջովին հեռու է ներքևի դարակաշարից)։ Պլաստիկ արտադրանքները փոքր տարածությունների մեջ սեղմելը կարող է հանգեցնել պլաստիկի ձևի աղավաղման։ Չուգունի սպասքը սովորաբար յուղում են յուղով կամ ճարպով և տաքացնում, ինչի արդյունքում յուղը կամ ճարպը ներծծվում են Սպասքի ծակոտիների մեջ՝ դրանով իսկ ձևավորելով համեմատաբար չկպչող հարթ մակերես, որը կարելի է մաքրել սպասք լվացող մեքենայի մեջ ալկալիների վրա հիմնված լվացող միջոցի և տաք ջրի համադրությամբ։

Դանակները և խոհանոցային այլ պարագաները, որոնք պատրաստված են ածխածնային պողպատից, կիսաթափանցիկ պողպատներից, ինչպիսիք են D2-ը կամ մասնագիտացված բարձր կարծրացված պողպատները, ինչպիսիք են ZDP189-ը, արագ կոռոզիայի են ենթարկվում սպասք լվացող մեքենաների բարձր խոնավությամբ խոռոչներում, համեմատած ավելի կարճ տեւող ձեռքի լվացքի հետ։ Մատուգման համար նախատեսված սպասքը պատրաստված է ավստենիտային չժանգոտվող պողպատից, որն ավելի դիմացկուն է։

Քիմիական նյութերով աղտոտված առարկաները, ինչպիսիք են մոմը, ծխախոտի մոխիրը, թույները, հանքային յուղերը, թաց ներկերը, յուղված գործիքները, վառարանների ֆիլտրերը և այլն, կարող են աղտոտել սպասք լվացող մեքենան, քանի որ փոքր ջրատարների ներսում մակերեսները հնարավոր չէ սրբել, քանի որ մակերեսները ձեռքով լվանում են, ուստի աղտոտվածությունը մնում է և կարող է ազդել ապագա բեռնման վրա։ Լուծիչներով աղտոտված իրերը կարող են պայթել մեքենայի մեջ։

Բնապահպանական համեմատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպասք լվացող մեքենաներն ավելի քիչ ջուր են օգտագործում և, հետևաբար, ավելի քիչ էներգիա են օգտագործում ջուրը տաքացնելու համար, քան ձեռքի լվացման դեպքում, բացառությամբ փոքր քանակությամբ լվացված սպասքի փոքր տարաներում՝ առանց հոսող ջրի[30][31]։

Ձեռքով լվանալու մեթոդները տարբերվում են՝ կախված կոնկրետ անձից։ Ըստ 2003 թվականի գնահատողական ուսումնասիրության, ամբողջությամբ բեռնված ավտոմատ սպասք լվացող մեքենային համարժեք սպասքի քանակը ձեռքով լվանալու և չորացնելու համար (առանց ճաշ պատրաստելու կամ թխելու համար նախատեսված սպասքի) կարող է պահանջվել 20-ից 300 լիտր (5,3-ից 79,3 ԱՄՆ գալոն) ջուր և 0,1-ից 8 կիլովատտ-ժամ էներգիա, մինչդեռ էներգաարդյունավետ ավտոմատ սպասք լվացող մեքենաների ցուցանիշները կազմում էին 15-22 լիտր (4,0-5,8 ԱՄՆ գալոն) և 1-2 կիլովատտ-ժամ։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ լիարժեք բեռնված սպասք լվացող մեքենաներն ավելի քիչ էներգիա, ջուր և լվացող միջոցներ են օգտագործում, քան միջին եվրոպական ձեռքով լվացքի մեքենաները[32][33]։ Ինչ վերաբերում է ավտոմատ սպասք լվացող մեքենայի աշխատանքի արդյունքներին, ապա սպասքը բեռնելուց առաջ չէր լվացվում։ Ուսումնասիրությունը չի անդրադառնում սպասք լվացող մեքենաների արտադրության և հեռացման հետ կապված ծախսերին, սպասք լվացող միջոցների քիմիական դիմադրության պատճառով սպասքի հնարավոր արագացված մաշվածության ծախսերին, մեքենաների մաքրման կամ աշխատուժի խնայողության ծախսերի համեմատությանը. ձեռքով լվանալու դեպքում պահանջվում էր 65-ից 106 րոպե։ Այս ուսումնասիրության վերաբերյալ հնչել են մի քանի քննադատություններ[34]։ Օրինակ՝ էլեկտրաէներգիայի կիլովատ ժամերը համեմատվել են տաք ջուրը տաքացնելու համար օգտագործվող էներգիայի հետ՝ առանց հաշվի առնելու հնարավոր անարդյունավետությունը։ Բացի այդ, համեմատվել է անարդյունավետ ձեռքի լվացման մեթոդը լիովին բեռնված սպասք լվացող մեքենայի օպտիմալ օգտագործման հետ՝ առանց նախապես ձեռքով լվանալու, որը կարող է սպառել մինչև 100 լիտր (26 ԱՄՆ գալոն) ջուր[35]։

2009 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միկրոալիքային վառարանը և սսպասք լվացող մեքենան կենցաղային սպունգերը մաքրելու ավելի արդյունավետ եղանակներ են, քան ձեռքերով լվանալը[36]։

Ադապտացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առևտրային կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմերցիոն սպասք լվացող մեքենա
Կոմերցիոն սպասք լվացող մեքենա Jackson WWS-ից
Կոմերցիոն սպասք լվացող մեքենայի ներսի հատվածը
Արդյունաբերական սպասք լվացող մեքենա

Մեծ հզորությամբ սպասք լվացող մեքենաները նախատեսված են առևտրային հաստատություններում (օրինակ՝ հյուրանոցներ, ռեստորաններ) օգտագործելու համար, որտեղ անհրաժեշտ է շատ սպասք լվանալ։

Ի տարբերություն կենցաղային սպասք լվացող մեքենաների, առևտրային մեքենաները չեն օգտագործում չորացման ցիկլ (առևտրային չորացումը ձեռք է բերվում լվացքի/ողողման/սանիտարական ցիկլերի ավարտից հետո սպասքը դրսում տաքացնելով) և այդպիսով սպասքը զգալիորեն ավելի արագ է չորանում, քան իրենց գործընկերների դեպքում։ Լվացումը կատարվում է 65-71 °C/150-160 °F ջերմաստիճանում, իսկ սանիտարական մաքրումը կատարվում է կա՛մ լրացուցիչ ջեռուցիչի միջոցով, որը մեքենային ապահովում է 82 °C/180 °F «վերջնական ողողման» ջերմաստիճանը կամ քիմիական ախտահանիչի միջոցով։ Այս տարբերությունը պիտակավորում է մեքենան կա՛մ որպես «բարձր տեմպային» կա՛մ «ցածր տեմպային»[37]։

Որոշ առևտրային սպասք լվացող մեքենաներ աշխատում են առևտրային ավտոլվացման կետերի նման՝ ճախարակային համակարգով, որը դարակաշարն անցկացնում է փոքր խցիկի միջով (սովորաբար հայտնի է որպես «դարակաշարերի փոխակրիչ համակարգեր»)։ Մեկ դարակաշարով լվացարանը պահանջում է, որ օգտագործողը դարակաշարերը մտցնի լվացարանի մեջ, դռները փակվեն և ցիկլը սկսի, այնուհետև դռները բացվեն մաքրված դարակաշարը դուրս բերելու համար, հնարավոր է՝ երկրորդ անցքով դեպի բեռնաթափման հատված։

Մեծ Բրիտանիայում Բրիտանական ստանդարտների ինստիտուտը սահմանում է սպասք լվացող մեքենաների չափանիշները։ ԱՄՆ-ում NSF International-ը (անկախ շահույթ չհետապնդող կազմակերպություն) սահմանում է լվացքի և ողողման ժամանակի, ինչպես նաև ջրի նվազագույն ջերմաստիճանի ստանդարտներ քիմիական ախտահանման կամ տաք ջրի սանինտարական մեթոդների համար[38]։ Գոյություն ունեն առևտրային սպասք լվացող մեքենաների բազմաթիվ տեսակներ, ներառյալ նաև ներկառուցված, մեկ բաք ունեցող, փոխակրիչ, կողային և կարուսելային մեքենաներ։

Առևտրային աման լվացող մեքենաները հաճախ ունեն զգալիորեն տարբեր սանտեխնիկա և աշխատանքային սկզբունք, քան կենցաղային մեքենաները, քանի որ հաճախ կան առանձին հեղուկացիրներ լվանալու և ողողելու/ախտահանելու համար։ Լվացքի ջուրը ջեռուցվում է բաքի մեջ ներկառուցված էլեկտրական ջեռուցման տարրով, խառնվում է լվացքի լուծույթի հետ և կրկին օգտագործվում է մի բեռից մյուսը։ Լվացքի բաքը սովորաբար պարունակում է մեծ զամբյուղ ՝ սննդի մնացորդները հավաքելու համար, և մաղը չի կարող դատարկվել մինչև խոհանոցում աշխատանքային օրվա ավարտը։

Ողողման և ախտահանման համար օգտագործվող ջուրը, ընդհանուր առմամբ, մատակարարվում է անմիջապես շենքի ջրամատակարարման համակարգից և ենթակա չէ վերաօգտագործման։ Այնուամենայնիվ, առևտրային սպասք լվացող մեքենաները ջրի օգտագործման բարձր արդյունավետություն ունեն.որոշ մոդելներ մեկ դարակի համար օգտագործում են 0,4 գալոնից պակաս ջուր։ Օգտագործված ողողման ջուրը թափվում է ողողման բաքի մեջ, որը նոսրացնում է օգտագործված ողողման ջրի մի մասը և հանգեցնում է նրան, որ փոքր քանակությունը հոսում է վարարման խողովակի միջով։ Համակարգը նախ կարելի է լվանալ միայն մաքուր ջրով, այնուհետև ախտահանել հավելանյութերի լուծույթով, որը մնում է սպասքի վրա, երբ այն դուրս է գալիս լվացքի մեքենայից չորանալու համար։

Լվացքի ջրի մաքրման արդյունավետությունը պահպանելու համար պարբերաբար լվացքի ջրի հիմնական բաքին ավելացվում է լրացուցիչ օճառ՝ կամ օճառի խտանյութի մեծ տանկերից, կամ լուծարված կոշտ օճառի մեծ կտորից։

Այլըտրանքային կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպասք լվացող մեքենաները կարող են օգտագործվել ցածր ջերմաստիճանում սնունդ պատրաստելու համար (օրինակ ՝ սաղմոն աման լվացող մեքենայի մեջ)[39][40]։ Ապրանքները սովորաբար փաթեթավորվում են պահածոների կամ ջեռոցի տոպրակների մեջ, քանի որ նույնիսկ սպասք լվացող մեքենայի մեջ առանց օճառի լվացումը կարող է նախորդ ցիկլերից օճառի և ողողման մնացորդներ թողնել մթերքի վրա[41]։

Սպասք լվացող մեքենաները կարող են օգտագործվել նաև կարտոֆիլի, այլ արմատային մշակաբույսերի, այգեգործության գործիքների, սպորտային կոշիկների, մետաքսե ծաղիկների[42], որոշ սպորտային ապրանքների, մազերի պլաստիկ սանրերի, բեյսբոլի գլխարկների, պլաստիկ խաղալիքների, ատամի խոզանակների, մատով հողաթափերի[43], կոնտակտային ոսպնյակների պատյանների, գլխարկի ցանցի ֆիլտրի, սառնարանի դարակների և գզրոցների[44],, ընտանի կենդանիների ամանների և խաղալիքների համար[45]։ Բանջարեղենի և պլաստմասսայի մաքրումը հակասական է, քանի որ նախորդ ցիկլերից հետո բանջարեղենը կարող է աղտոտվել օճառով և ողողմամբ, իսկ ստանդարտ աման լվացող մեքենաների մեծ մասը տաքացնելը կարող է հանգեցնել BPA-ի կամ ֆտալատների արտահոսքի պլաստիկ արտադրանքներից[41]։ Խորհուրդ չի տրվում սպասք լվացող մեքենա օգտագործել յուղոտ գործիքներն ու մասերը մաքրելու համար, քանի որ ճարպը կարող է խցանել այն[41]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Özçevik, Ö; Brebbia, C. A.; Şener, S. M. (2015). Sustainable Development and Planning VII (անգլերեն). WIT Press. էջ 794. ISBN 978-1845649241.
  2. Zoller, Uri (2008). Handbook of Detergents, Part E: Applications (անգլերեն). CRC Press. էջեր 60–62. ISBN 978-1574447576.
  3. U.S. patent 7365
  4. U.S. patent 51000A
  5. «What Does It Take To Get Us To Try Something New?». The Indicator from Planet Money. NPR. 2021 թ․ մայիսի 26.
  6. U.S. patent 355139
  7. Blattman, Elissa (2013), Three Every-day Items Invented by Women, National Women's History Museum
  8. «Josephine Cochrane | Lemelson-MIT Program».
  9. Nick Kochan (1996 թ․ նոյեմբերի 25). The World's Greatest Brands. Palgrave Macmillan UK. էջեր 111–. ISBN 978-1-349-14114-2.
  10. Tina Gant (2003 թ․ սեպտեմբերի 30). International Directory of Company Histories. St. James Press. ISBN 978-1-55862-486-3.
  11. «Made in the UK: The life-changing everyday innovations which put British genius on the map». Daily Mirror. 2012 թ․ սեպտեմբեր.
  12. «Archive Gallery: Kitchens of the Incredible 1950s Future». Popular Science. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
  13. William Howard Livens (1924 թ․ հոկտեմբերի 23). «Improvements in apparatus for washing household crockery and the like». FR579765. UK Intellectual Property Office. Վերցված է 2008 թ․ մարտի 4-ին.
  14. «The History of the Dishwasher». Yellow Advertiser. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 2-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 Janeway, Kimberly (2016 թ․ դեկտեմբերի 9). «5 Things to Know When Replacing a Dishwasher». Consumer Reports. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
  16. «Should a dishwasher be on the right or left of a sink?». finance.yahoo.com (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 16-ին.
  17. «Dishwashers Key Product Criteria». www.energystar.gov (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 15-ին.
  18. «NSF Consumer Information: Residential Appliances and Other Products for the Home». Nsf.org. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  19. American Institute of Physics (2022 թ․ սեպտեմբերի 1). «Physicists Reveal More Effective and Earth-Friendly Way To Clean Dishes». Phys.org.
  20. «Curiosities: Why does plastic dry slower than glass?». 2012 թ․ հունվար.
  21. «Top 10 Tips for Renters: ENERGY STAR». Energystar.gov. Վերցված է 2012 թ․ հունիսի 20-ին.
  22. Kogawa, Ana Carolina; Cernic, Beatriz Gamberini; do Couto, Leandro Giovanni Domingos; Salgado, Hérida Regina Nunes (2017 թ․ փետրվար). «Synthetic detergents: 100 years of history». Saudi Pharmaceutical Journal. 25 (6): 934–938. doi:10.1016/j.jsps.2017.02.006. PMC 5605839. PMID 28951681.
  23. «Md. Dish Soap Bill Might Help Clean Bay». Washingtonpost.com. 2007 թ․ մարտի 3. Վերցված է 2012 թ․ հունիսի 20-ին.
  24. «Phosphate Free Dishwasher Detergent Leaves Dishes Dirty». GE Appliances. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  25. «Lehigh-Unilever study sheds light on mystery of cloudy wineglasses». Scienceblog.com. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 20-ին.
  26. Sharma, Anju; Jain, Himanshu; Carnali, Joseph O.; Lugo, Guillermo Manuel (2003). «Influence of the Manufacturing Process on Corrosion Behavior of Soda-Lime-Silicate Glassware». Journal of the American Ceramic Society. 86 (10): 1669–1676. doi:10.1111/j.1151-2916.2003.tb03538.x. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 9-ին.
  27. «Lead Contamination In Our Environment». Yale.edu. Վերցված է 2012 թ․ հունիսի 20-ին.
  28. Strutner, Suzy (2015 թ․ մայիսի 7). «You Should Pretty Much NEVER Wash Your Dishes By Hand. Here's Why». Huffington Post (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  29. «Dishwashing Secrets». Martha Stewart (անգլերեն). 2011 թ․ փետրվարի 2. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  30. Mooney, Chris (2015 թ․ մայիսի 5). «Why you shouldn't wash your dishes by hand». Washington Post (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  31. «Dishwasher vs. Hand Washing Dishes». www.energystar.gov (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  32. Stamminger, Rainer (2003). «A European Comparison of Cleaning Dishes by Hand». Proceedings of EEDAL Conference. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 13-ին.
  33. Stamminger, Rainer (May–June 2004). «Is a machine more efficient than the hand?» (PDF). Home Energy. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 13-ին.
  34. Dishwashing: man vs. machine. Yoram Gat, Pro Bono Statistics Weblog (2008)
  35. Dishwashing and Water Conservation: An Opportunity for Environmental Education Արխիվացված 2013-08-01 Wayback Machine. Journal of Extension, Volume 41, Number 1 (2003).
  36. Taché, J.; Carpentier, B. (2014). «Hygiene in the home kitchen: Changes in behaviour and impact of key microbiological hazard control measures». Food Control. 35: 392–400. doi:10.1016/j.foodcont.2013.07.026.
  37. «Comparing High Temp vs. Low Temp Commercial Dishwashers». www.acitydiscount.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.
  38. «NSF article on dishwashers». Nsf.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 20-ին.
  39. «Dishwasher Cooking: Make Your Dinner While Cleaning The Plates». National Public Radio (անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
  40. Lisa., Casali (2011). Cucinare in lavastoviglie : gusto, sostenibilità e risparmio con un metodo rivoluzionario. Milano: Gribaudo. ISBN 9788858004340. OCLC 898508940.
  41. 41,0 41,1 41,2 Kimbleton, Nikki (2018 թ․ օգոստոսի 13). «Things you should never put in the dishwasher». Consumer Reports (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
  42. «Did you know your dishwasher could do this?!». NBC (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
  43. «The best way to load your dishwasher». The Good Housekeeping Institute (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 10. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
  44. «Yes, you can wash golf balls in the dishwasher (and other surprising things)». NBC (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
  45. Herman, Valli. «Turns out your kitchen (not the bathroom!) is the grossest place in the house» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպասք լվացող մեքենա» հոդվածին։