Սուրբ Սարգիս եկեղեցի (Շավարշավան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)

Նոյեմբերյանի Շավարշավան (մինչև 1964 թ.՝ Կոթիգեղ) գյուղը գտնվում է քաղաքից հարավ-արևելք՝ 21 կմ հեռավորությամբ, ձորերով ու ձորակներով կտրտված, անհանգիստ ռելիեֆ ունեցող վայրում։ Անունն ստացել է ի պատիվ այդտեղ ծնված հեղափոխական, կուսակցական և պետական գործիչ Շավարշ Ամիրխանյանի։ Գյուղի մերձակայքը հարուստ է միջնադարյան ճարտարապետական-հնագիտական հուշարձաններով (եկեղեցիներ, ամրոցներ, գյուղատեղեր, գերեզմանոցներ, խաչքարեր և այլն)։ Դրանցից կարևոր է Սբ. Սարգիս վանքը, որը գտնվում է գյուղից 10 կմ արևելք՝ լեռնաբազուկներից մեկի գագաթին, պատմական Գուգարք նահանգի Կանգարք գավառի տարածքում (ներկայումս Ադրբեջանի Ղազախի շրջանում)։ Վանքը իր բարձր դիրքով իշխում է շրջակա տարածքի վրա և տեսանելի է շատ հեռուներից։ Այն ներկայումս բաղկացած է իրար կից զույգ եկեղեցիներից և հյուսիսարևելյան մասում՝ 1 մ հեռավորությամբ գտնվող մատուռից։ Հարավային եկեղեցին գմբեթավոր է, ունի արտաքուստ ուղղանկյուն (4,85 x 5,86), ներքուստ խաչաձև հատակագիծ։ Արևելյան խաչաթևը կիսաշրջանագծային է, մյուսները՝ ուղղանկյուն, փոքր խորությամբ։ Գմբեթը հենվում է գմբեթատակ ուղղանկյան (2,7 x 2,2 մ) անկյունային մասերը միացնող կիսաշրջանագծային կամարների վրա։ Անցումը կլոր թմբուկին իրականացված է առագաստների օգնությամբ, միակ մուտքը՝ եզերված պարզ տրամատ ունեցող, վերևից կիսաշրջանագծային եզրակալով, հարավից է։ Ուղղանկյուն բարավորը շրջանակված է զարդաքանդակների գոտիով, որից ներս՝ ողջ մակերևույթը պատած է եղել արձանագրությամբ (ներկայումս ամբողջովին եղծված և անընթեռնելի)։ Հարավային ճակատի արևելյան կողմում ողջ բարձրությամբ նկատելի է պատի նորոգված լինելը։ Բարավորն իր քարատեսակով (մուգ շագանակագույն ֆելզիտ) տարբերվում է հուշարձանների քարից (սրբատաշ կաթնագույն կրաքար) և ենթադրելի է, որ տեղադրվել է հետագայում՝ նորոգման ժամանակ։ Բարավորը շրջանակող շրջանակող զարդաքանդակները ևս մատնում են նրա ուշ շրջանի պատկանելը։ Ս. Ջալալյանը մասնակիորեն բերում է արձանագրությունը, որից երևում է, որ այն վերաբերել է «խախտեալ եկեղեցու» նորոգմանը։ Անցյալ դարավերջի հեղինակ Ս. Բարխուդարյանը տեղեկացնում է 1838 թ. Կոթի գյուղացի Արզուման-Տեր-Սահակյանի կողմից վանքի նորոգվելը, ըստ երևույթին, օգտվելով հենց այդ արձանագրությունից։