Շուշանիկ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շուշանիկ | |
---|---|
Ի ծնե | վրաց.՝ წმინდა შუშანიკი և Վարդենի Մամիկոնյան |
Ծնունդ | մոտ 440 |
Ծննդավայր | Ողական, Տարոն, Տուրուբերան, Հայկական մարզպանություն |
Վախճան | հոկտեմբերի 18, 475[1] |
Վախճան վայր | Ցուրտավ, Բողնոփոր, Գուգարք, Վիրք |
Եկեղեցի | ուղղափառություն |
Սրբացված կարգ | սուրբ |
Հիշատակության օր | Հոկտեմբերի 17 |
Աշխատանք | թագավորական կոնսորտ |
Երկիր | Վիրք և Մեծ Հայք |
Մայր | Դուստր Մամիկոնյան[2][3] |
Հայր | Վարդան Մամիկոնյան[2][3] |
Ամուսին | Վազգեն[4][5] |
Զավակներ | Աշուշա Գ |
Քույր/եղբայր | Վարդանույշ Մամիկոնյան |
Սուրբ Շուշանիկ (ավազանի անունը՝ Վարդենի կամ Վարդանուհի Մամիկոնյան, մոտ 440, Ողական, Տարոն, Տուրուբերան, Հայկական մարզպանություն - հոկտեմբերի 18, 475[1], Ցուրտավ, Բողնոփոր, Գուգարք, Վիրք), Հայ և Վրաց եկեղեցիներում ճանաչված ընդհանրական տոնելի սուրբ։ Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստրը։ 451 թվականին հաջորդած տասնամյակում Գուգարաց Աշուշա բդեշխը Պարսից արքա Հազկերտից արտոնություն է ձեռք բերել՝ գերությունից ազատելու և բդեշխության կենտրոն Ցուրտավ տանելու իր կին Անուշվռամի հարազատներին և մերձավորներին, մանավանդ՝ զոհված և գերեվարված նախարարների մանկտի ժառանգներին, որոնց մեջ էր նաև Վարդենի-Շուշանիկը։
Մարտիրոսանալու հանգամանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքական նկատառումներով Վազգենը մերժում է քրիստոնեական հավատը, ընդունում զրադաշտականություն և ամուսնանում պարսկուհու հետ։ Շուշանիկը հրաժարվում է կիսել ամուսնու հավատուրացությունը։ Բդեշխը, Շուշանիկի նկատմամբ գործադրելով ծեծն ու սաստը, աղերսանքն ու խարդավանքը, իսկ վերջում բանտարգելությունը, ամեն կերպ փորձում է մղել նրան քրիստոնեությունից հրաժարմանը, սակայն Վարդան Մամիկոնյանի դուստրը մնում է անդրդվելի։ Շուշանիկի կրած չարչարանքները շարունակվում են վեց տարի, յոթերորդի սկզբին՝ 475 թ-ին, նա մահանում է։
Հայ իրականության մեջ Շուշանիկն ընկալվել է ոչ թե որպես սոսկ վկայուհու տիպար, այլ՝ «հայ գաղափարական կնոջ միջնադարյան իդեալ»[6]։
Հայ եկեղեցին սուրբ Շուշանիկի տոնը նշում է Խաչվերացի 2-րդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը՝ սուրբ Փեփրոնե և սուրբ Մարիանե կույսերի տոնի հետ։
Սուրբ Շուշանիկի վկայաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուշանիկի մասին տեղեկությունների հիմնական աղբյուրը նրա չարչարանքների «Վկայաբանությունն» է, որը մեզ է հասել հայերեն և վրացերեն լեզուներով և երկու խմբագրություններով (ընդարձակ ու համառոտ)։ Նախքան վրացիների կողմից Քաղկեդոնի դավանանքն ընդունելը (VIIդ. սկիզբ) այն միաժամանակ կարդացվում էր հայերեն և վրացերեն Սուրբ Շուշանիկի հիշատակի օրը։ Հայկական համառոտ խմբագրությունը սերում է հայերեն ընդարձակի՝ մեզ չհասած տարբերակից, վրացական համառոտը՝ թարգմանված է հայերենից։ «Վկայաբանության» ընդարձակ խմբագրություններն իրարից անկախ լրացվել են։
«Շուշանիկի վկայաբանությունը» պատկանում է հայ միջնադարյան գեղարվեստական արձակի լավագույն հուշարձանների թվին։ Վկայաբանության հայերեն տեքստը վաղ շրջանի վկայաբանությունների մեջ աչքի է ընկնում իր գրական-գեղարվեստական և գաղափարական արժեքով։ Երկը գրված է պարզ, մատչելի և պատկերավոր հայերենով և դրամատիկական ուժեղ շնչով[7]։
«Վկայաբանության» հայերեն ընդարձակ խմբագրությունը թարգմանվել է լատիներեն, անգլերեն և ռուսերեն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 331.
- ↑ 2,0 2,1 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 330—331.
- ↑ 3,0 3,1 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècle — Paris: 2006. — P. 132 et 535. — ISBN 978-2-7018-0226-8
- ↑ Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 331 et 385.
- ↑ Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècle — Paris: 2006. — P. 403 et 535. — ISBN 978-2-7018-0226-8
- ↑ Ավդալբեգյան Մ., Հայ գեղարվեստական արձակի սկզբնավորումը, Երևան, 1971, էջ 158։ Մեջբերումն ըստ ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԸ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԷՊՈՍՈՒՄ Ռոբերտ Ղազարյան, Հասմիկ Հմայակյան
- ↑ Աշոտ Մկրտչյան, Հինգերորդ դարի հայ դպրություն, Երևան, 1968, էջ 601։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002
- Ա. Պարսամյան, Շուշան-Վարդենի։ - Վարքագրական վիպակ, Էջմիածին, 2007.- 216 էջ։ Արխիվացված 2022-02-23 Wayback Machine
- Հայ Եկեղեցւոյ Լուսապսակ Սուրբեր. Սուրբ Շուշանիկ Դուստր Վարդան Մամիկոնեանի
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քնարիկ Տեր–Դավթյան, Հայկական սրբախոսություն, Երևան, 2011։
- «Հայոց սրբերը և սրբավայրերը», Երևան, 2001, էջ 89-94․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |