Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Նովի Սադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (20-րդ դարի առաջին կես)
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՍերբիա Սերբիա
ՏեղագրությունՆովի Սադ
Հիմնադրված1743
Փակված է1963
Քարտեզ
Քարտեզ
Սուրբ Փրկչի խաչքարն այն վայրում, որտեղ նախկինում եղել է Նովի Սադի հայկական եկեղեցին

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, նախկին հայկական ծխական եկեղեցի Սերբիայի Նովի Սադ քաղաքում։ Նվիրված էր Սուրբ Գրիգոր Լուսավորչին։ Սկզբնավորման օրվանից՝ 18-րդ դարի առաջին կեսից, մինչև քանդումը՝ 1963 թվականը, պատկանել է Հայ կաթողիկե եկեղեցուն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 17-րդ դարի վերջը ներկայիս Սերբիայի տարածքում հայկական համայնքներն ավանդաբար պատկանել են Հայ Առաքելական եկեղեցուն, որի այս տարածաշրջանի ամենակարևոր ծխական համայնքը գտնվել է Բելգրադում։ Այնուամենայնիվ, ավստրո-թուրքական հետագա պատերազմների ժամանակ հայ համայնքը բախվել է այն նույն անախորժություններին, որոնց այն ժամանակ բախվել են ուղղափառ սերբերը, ինչի հետևանքով տեղի է ունեցել քայքայում և տեղահանում, որին Հաբսբուրգների իշխանության ներքո անցած շրջաններում հաջորդել է կրոնափոխության արշավը, այնպես որ հայերի մի զգալի մասը թողել է իր ավանդական հավատքը և անցել Հայ Արևելյան կաթողիկե եկեղեցուն[1]։

Թուրքերի հետ պատերազմում 1739 թվականին Ավստրիայի պարտությունից հետո հայ կաթոլիկները չեն ցանկացել մնալ Բելգրադում։ Հայերը Բելգրադից Պետրովարադինի Շանաց են եկել 1739 թվականին Հակոբ Էրզրումցի քահանայի գլխավորությամբ, որն իր հետ բերել է եկեղեցական պարագաները[2]։ Հակոբը նախկինում եղել է Մլեչցիմի հայկական վանքի վանական, և Նովի Սադում մնացել է մինչև 1744 թվականը, երբ վերադարձել է իր վանք։ Նովի Սադում նա ապրել է կաթոլիկ քահանայի հետ, ինչպես նաև ծառայել է կաթողիկե եկեղեցում[3]։

Հայերի հետ Նովի Սադ են եկել նաև հույներ, գերմանացիներ, առումիններ և որոշ առնաուտներ։ Թուրքերը նրանց կոչ են արել վերադառնալ Բելգրադ՝ երաշխավորելով անվտանգությունը և խոստանալով փոխհատուցում պատերազմի ժամանակ կրած կորուստների համար։ Բայց նրանք չեն համաձայնել և մնացել են Ավստրիայում։ 1741 թվականին Նովի Սադում կար 150-ից ավելի հայ, բայց որոշ ընտանիքներ գնացել են ավելի հեռու, և 18-րդ դարի վերջին Նովի Սադում մնացել էր 40-ից 100 հայ։ Նրանք բնակություն են հաստատել Նովի Սադի Գլխավոր փողոցում[4]։

1743 թվականի վերջին որոշվել է կառուցել հատուկ տաճար, որն արժանացել էր արքեպիսկոպոս Կալոչե Պատաչիչի հավանությանը։ Եկեղեցու շինարարությունն ավարտվել է 1746 թվականին, իսկ շուրջը բացվել է հայկական գերեզմանատուն։ Եկեղեցին օծվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվամբ[5]։

Ամենամեծ ներդրումը կատարել է վաճառական Հովհան Չենազին (Հովհաննես Ջանազիզյան)[4]։

1826 թվականից սկսած Հայկական եկեղեցուց մինչև Դանուբի ափ կառուցվել է «Հայկական հողաթումբը»։ Սա առաջին պլանավորված ամբարտակն է՝ մոտ մեկ կիլոմետր երկարությամբ, որը երկու կողմից պաշտպանում էր քաղաքը ջրհեղեղից։ Այդպիսի դեպքեր արձանագրվել են 1830 և 1836 թվականներին[6]։

Հայերը, որոնց պատկանում էր եկեղեցին, կաթոլիկներ էին։ Հայկական եկեղեցին ավերվել է Նովի Սադի ռմբակոծության ժամանակ 1849 թվականի հունիսի 12-ին։ Նրա ավերակները մնացել են կանգնած քաղաքի կենտրոնում երկու տասնամյակ։ 1872 թվականին եկեղեցին վերականգնվել է, որի համար գումար է նվիրաբերել բարերար Մարիա Տրանդաֆիլը Նովի Սադից։ Վերականգնումը կատարվել է ճարտարապետ Ջերջե Մոլնարի նախագծով[4]։

Տաճարի ներքին հարդարումն ավարտվել է միայն 1891 թվականին։ 1910 թվականին հայերը կառուցել են նաև հայկական ծխական համայնքի ընդարձակ շենք, որտեղ հետագայում տեղակայվել է Նովի Սադի բանկը։ 19-րդ դարի վերջում Նովի Սադում կար ընդամենը 6 հայ, իսկ 1944 թվականին՝ ընդամենը մեկ։ Նովի Սադի հայ քահանան Սիմոն Անտոնյանն էր[4]։

1948 թվականին մահացել է եկեղեցու վերջին հավատացյալը՝ տարեց հայուհին։ Այդ ժամանակվանից եկեղեցին փակ է եղել։ Հայկական եկեղեցին քանդվել է Մարշալ Տիտոյի բուլվարի (այժմ՝ Միխայիլ Պուպինի բուլվար) ընդարձակման ժամանակ 1963 թվականին[4]։ Այսօր նրա տեղում կանգնած է Հայաստանի տուֆից կառուցված Սուրբ Փրկչի խաչքարը[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրութուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Храбак, 1998, էջ 21-51
  2. "Правда", Београд 1933. године
  3. Душан Поповић: "Београд пре 200 година", Београд 1935. године
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «ЈЕРМЕНИ У НОВОМ САДУ - Културни центар Новог Сада - Културни центар Новог Сада». www.kcns.org.rs (սերբերեն). 2023 թ․ ապրիլի 25. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  5. Љ. Лазић, Јерменска црква у Новом Саду-избрисана баштина, Нови Сад 2014.
  6. «Новосадски насипи након четири века дорасли Дунаву». Дневник (սերբերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]